Խորհուրդ եմ տալիս դիմել ինքնապաշտպանական քայլերի՝ ապահովելով սեփական անվտանգությունը. այս իշխանությունն իր քաղաքացուն չի պատրաստվում պաշտպանել. Արմինե Ադիբեկյան
Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թեև տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունն էականորեն սրվել է, Ադրբեջանը Հայաստանի ու Արցախի սահմանին զորք է կուտակում, այդուհանդերձ իրենք շարունակում են հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին։
Հայաստանի Հանրապետության նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական իշխանությունը Հայաստանի ու Արցախի հետ սահմանին կուտակում է նաև հատուկ նշանակության զինված ստորաբաժանումներ (Յաշմա և Կոմանդո):
«Սա նույն ձեռագիրն է, ինչ կար 2020թ. սեպտեմբերի 27-ից առաջ: Այս ստորաբաժանումները թե´ 2016թ. ապրիլյան քառօրյա, թե´ 2020թ. 44-օրյա, թե´ 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական սանձազերծած պատերազմների ժամանակ աչքի են ընկել առանձնակի դաժանություններով (խոշտանգումներ, մարմնի մասնատումներ և այլն),- նշված էր Արման Թաթոյանի տարածած հայտարարության մեջ։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստում արած հայտարարությունը և Ադրբեջանի գործողությունները որակեց՝ Հայաստանի հերթական օկուպացիա։
«Ականատես ենք լինում օկուպացիայի, հայի բնաջնջման և Հայաստանի ոչնչացման, այլ սպասելիքներ չկան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմինե Ադիբեկյանը։
Փորձագետի խոսքով՝ երբ թշնամին տեսնում է, որ իր դիմաց կանգնած է ապիկար ոչնչություն՝ ի դեմս ՀՀ իշխանության, ապա կանի այն ամենը, ինչ ցանկանում է։
«Երբ թշնամին տեսնում է, որ իրեն դիմադրող չկա ու չի լինելու, իսկ նա ունի մեծ գլոբալ պլան՝ վերացնել Հայաստանը, Արցախը ու հայ ազգին, իհարկե, ամեն ինչ էլ կանի, ինչո՞ւ չպետք է անի։
Այս իրավիճակում միանաշանակ խորհուրդ եմ տալիս դիմել ինքնապաշտպանական քայլերի՝ ապահովելով սեփական անվտանգությունը, որովհետև այս իշխանությունն իր քաղաքացուն չի պատրաստվում պաշտպանել»,- հավելեց Արմինե Ադիբեկյանը։
Ինչ վերաբերում է այս ամենի ֆոնին Աննա Հակոբյանի՝ Ուկրաինա կատարած այցին, փորձագետը նկատեց՝ չի ցանկանում մեկնաբանել բարոյական բոլոր օրենքներից զուրկ մարդու քայլերը։
«Այդ կեղծ ողբի խոսքերին իհարկե չեմ հավատում, բայց ուզում եմ ասել, որ իր երեխաներին սպասվում է ոչ թե ուկրաինացի երեխաների ճակատագիրը, այլ արցախցի փոքրիկների ճակատագիրը։ Աննա Հակոբյանը կեղծ կին է, որի խոսքը որևէ բան չարժի՝ բացի նողկանքից։ Ասեմ ավելին՝ նա թքած ունի անգամ ուկրաինացի երեխաների վրա, պարզապես ուզում է ցույց տալ, թե քաղաքակիրթ մարդ է, որը զուրկ չէ մարդասիրական մղումներից։ Մի մարդ է, որը տեսնում է՝ 9 ամիս շարունակ 120 հազար հայ մարդ մատնված է սովի ու մահի, ու մաքսիմումն ինչ ասաց՝ այն էր, որ՝ պինդ կացեք, ու սմբուկի լուսանկարներ տարածեց։ Ուկրաինական իր ծաղիկները բացարձակապես զրոյական արժեք ունեն առնվազն այն երկրի ներսում, որի վերջաբանը տալու է իր ամուսինը»,- եզրափակեց Արմինե Ադիբեկյանը։