Ռազմաքաղաքական իրավիճակն էականորեն սրվել է, Ադրբեջանը զորք է կուտակում ԼՂ և Հայաստանի սահմանին, բայց մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին. Նիկոլ Փաշինյան
Այսօր Կառավարության հերթական նիստի մեկնարկին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ռազմաքաղաքական իրադրությունը տարածաշրջանում խիստ սրվել է։
«Պատճառն այն է, որ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով։ Ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը։ ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է։
Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական զինուժը հերթական սադրանքը ձեռնարկեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում, որի հետևանքով զոհվեցին Պաշտպանության նախարարության 3 զինծառայողներ։ Այդ սադրանքներին նախորդել և հաջոդել են ՀՀ Զինված ուժերի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու մասին կեղծ լուրերի տարածումն Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը շարունակում է ապօրինի արգելափակված պահել Լաչինի միջանցքը։ Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում հասել է գագաթնակետին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, ակնհայտ է, որ Ադրբեջանն այս գործողություններով ի ցույց է դնում ԼՂ-ի և Հայաստանի նկատմամբ նոր սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը։ Եվ նման սադրանքը հիմնավորելու համար շրջանառության մեջ են դնում կեղծ և իրականությանը չհամապատասխանող թեզեր։
«Կարծում եմ՝ իրավիճակն անպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրները միջոցներ կձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար։ Միևնույն ժամանակ ընդգծում եմ ՀՀ-ի հավատարմությունը 2021 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Բրյուսելում, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, և 2023 թվականի մայիսին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությանը»,- ստեղծված իրավիճակը մանրամասն ներկայացնելուց հետո Նիկոլ Փաշինյանը եզրափակեց միտքը. «Այս ամենի հենքի վրա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և ցանկանում է խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, և մենք մեր հավատարմությունն ենք արտահայտում խաղաղության օրակարգին»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում