Այսօր իրավիճակը շատ նման է Քի Վեսթին, երբ հայր Ալիևը Արցախը՝ Լաչինով, ճանաչեց Հայաստանի մաս. Օսկանյան

Մենք ժամանակ չունենք, պետք է աշխատել բանակցություններում վտանգավոր նարատիվի փոփոխության ուղղությամբ, որը, եթե այդպիսին մնա, կհանգեցնի պատերազմի։ Այս մասին սեպտեմբերի 7-ի քննարկման ժամանակ ասել է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Նրա խոսքով՝ փոփոխությունները պետք է իրականացվեն կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, կամ էլ առանց նրա։ «Փաշինյանը երկու ճակատագրական սխալ է թույլ տվել՝ Պրահայում ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս եւ հայտարարել, որ Հայաստանը կապ չունի Արցախի ինքնորոշման հետ։ Եթե Փաշինյանը չի պատրաստվում հրաժարվել իր մոտեցումներից, ապա նա պետք է շատ արագ հեռանա»,- նշել է Օսկանյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը կանգնած է եղել Արցախի ինքնորոշման ակունքների մոտ, բանակցություններ է վարել, եղել այդ սկզբունքի երաշխավորը։ Եվ դա չի կարող մոռացվել, դա անհնար է անտեսել։ «Ուստի, հենց որ Փաշինյանը ստորագրի փաստաթուղթ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին, ապա այլեւս որեւէ ինքնորոշման մասին խոսք լինել չի կարող, մարդիկ Արցախում կդառնան Ադրբեջանի քաղաքացիներ, Արցախը կվերածվի Ջավախքի, իսկ հետո՝ շատ արագ Նախիջեւանի»,- կանխատեսել է նախկին նախարարը։

Նա Փաշինյանին կոչ է արել հրաժարվել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց եւ վերադառնալ այն դիրքորոշմանը, որի համաձայն՝ Հայաստանն ինքնորոշման երաշխավորն է, եւ փորձել բանակցություններում փոխել օրակարգը։

Օսկանյանը նմանություն է տեսել այսօրվա բանակցային գործընթացի եւ բանակցային այն իրավիճակի միջեւ, որը ծագել էր 2001թ. Քի Ուեսթում։ «Այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը ԼՂԻՄ-ը Լաչինի միջանցքի հետ միասին ճանաչել էր Հայաստանի մաս։ Փոխարենն Ադրբեջանը մտադիր էր ստանալ վեց կիլոմետրանոց էստակադա, որն Ադրբեջանը կկապեր Նախիջեւանի հետ։ Սակայն Ալիեւը չկարողացավ իրականացնել դա, նա վերադարձավ Բաքու, այնտեղ ենթարկվեց ճնշման եւ հեռացավ իր խոստումից։ Հիմա ճիշտ հակառակ իրավիճակն է ստեղծվել։ Հայաստանի ղեկի մոտ մի ղեկավար է, որն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, իսկ փոխարենը բանակցություններ է վարում ընդամենը Արցախի հայերի իրավունքների եւ անվտանգության երաշխիքների տրամադրման մասին»,- ասել է նախկին արտգործնախարարը։

Նա վստահություն է հայտնել, որ Փաշինյանի համար դժվար կլինի իրականացնել դա, քանի որ դրա համար ոչ քաղաքական, ոչ բարոյական իրավունք չունի։ «Նրա վարկանիշը պատմական նվազագույնի վրա է՝ 10-12 տոկոսի սահմաններում։ Այդ ֆոնին Հայաստանի բնակչության ավելի քան 9 տոկոսը դեմ է, որ Արցախը ցանկացած կարգավիճակով հայտնվի Ադրբեջանի կազմում։ Փաշինյանը ընտրվել է «Բաժանում հանուն փրկության» սկզբունքի ծրագրով եւ հավաստիացրել, որ հետեւողական կլինի Արցախի լիարժեք ինքնորոշման հարցում։ Նա նաեւ իրավաբանական իրավունք չունի, քանի որ դրանով իսկ կխախտի թե՛ Սահմանադրությունը, թե՛ Գերագույն խորհրդի 1992թ. որոշումը, որի համաձայն՝ ոչ մի իշխանություն իրավունք չունի Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս»,- ավելացրել է Վարդան Օսկանյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ երկխոսությունը պետք է վարվի ինքնորոշման եւ այն սկզբունքի հիման վրա, որ Արցախն ունի ներքին կամ արտաքին ինքնորոշման իրավունք։

«Ներկա իրավիճակում մենք ամբողջ ժողովրդով պետք է որոշենք, որ չենք հրաժարվում Արցախից, անգամ զոհերի գնով, եթե նրանք պետք լինեն։ Բացի այդ, պետք է հույսը դնել միայն մեզ վրա, բայց եւ աշխատել դաշնակիցների, գործընկերների հետ, աջակցություն խնդրել, բայց որպես հավելում այն բանի, ինչը կանենք մենք ինքներս»,- նշել է Օսկանյանը։

Նրա գնահատմամբ՝ Արցախի նոր ղեկավարությունը սկսում է ցուցադրել ինքնուրույնության եւ համարձակության նշաններ, ինչը ազդեցություն կունենա բանակցությունների, ինչպես նաեւ Հայաստանում իրադարձությունների վրա։

«Բացի այդ, պետք է գնալ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում ռեսուրսների մոբիլիզացման ճանապարհով, քանի որ նարատիվի փոփոխությունը նոր էջ կբացի բանակցություններում։ Այդ ընթացքում պետք է շատ արագ վերականգնել բանակը, որը կկարողանար դիմակայել արդի մարտահրավերներին։ Դիվանագիտական հնարավորությունները դեռ սպառված չեն, եթե կարողանանք ճիշտ կողմնորոշվել»,- եզրափակել է նա։

Տեսանյութեր

Լրահոս