Բաժիններ՝

Դոնի Ռոստովի կենտրոնում պայթյուն է որոտացել․ ՌԴ երեք մարզեր ենթարկվել են ԱԹՍ-ների հերթական հարձակման

Ռուսաստանի Բրյանսկի, Ռոստովի և Մոսկվայի մարզերում անօդաչու թռչող սարքեր են խոցվել։ Տեղի իշխանությունների կողմից արձանագրվել են նյութական վնասներ։ Ռոստովի մարզում կա տուժած։

Ինչպես տեղեկանում ենք Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի գրառումից, Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում հակաօդային պաշտպանությանն ուժերը գիշերն ԱԹՍ են խոցել։

«Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։ Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները», – գրել է նա «Telegram»-ի իր ալիքում։

Սեպտեմբերի լույս 7-ի գիշերը ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը 2 ԱԹՍ են խոցել նաև Դոնի Ռոստովի տարածքում։ Ըստ Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևի՝ դրանցից մեկն ընկել է քաղաքից դուրս՝ արևմտյան մասում, իսկ մյուսը՝ քաղաքի կենտրոնում՝ Պուշկինի փողոցում։

Պուշկինի փողոցում ԱԹՍ-ի ընկնելու վայրում՝ 3 շենքերի շրջակայքում, արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարվել։

«Այդ երեք շենքերում ապրում է 99 մարդ․․․», – գրել է Գոլուբևը՝ հավելելով, որ հասցված վնասի չափը գնահատվում է։

Ավելի վաղ գրառման մեջ նա հայտնել էր, որ վնասվել են 3 շենքերի ճակատային մասերը, կոտրվել են ապակիները, վնասվել են մեքենաներ։ Մեկ մարդ դիմել է բժշկական օգնության՝ ոտքերի վնասվածքներով։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է Բրյանսկի մարզում ԱԹՍ-ներ խոցելու մասին։

«Սեպտեմբերի 7-ին, Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 06:30-ին Կիևի վարչակարգի կողմից Ռուսաստանի Դաշնության օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ով ահաբեկչություն իրականացնելու փորձը խափանվել է։ Անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է Բրյանսկի մարզի տարածքում ՀՕՊ հերթապահ միջոցներով», – նշել են նախարարությունից։

Քիչ անց գերատեսչությունը մեկ այլ գրառում է արել՝ նշելով, որ Բրյանսկի մարզում ևս մեկ նմանատիպ հարձակում կանխվել է Մոսկվայի ժամանակով ժամը 7։00-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս