Աֆղանստանի արևմուտքում թալիբները փակել են գեղարվեստի դպրոցը՝ այնտեղ աղջիկների հաճախելու պատճառով
Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական «Թալիբան» շարժումը փակել է Հերաթի նահանգի գեղարվեստի դպրոցն այն պատճառով, որ այնտեղ պարապմունքներին ներկա է գտնվել 2 մանկահասակ աղջիկ: Այս մասին հաղորդում է Hasht-e Subh պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ այն բանից հետո, երբ թալիբների ներկայացուցիչներն իմացել են, որ աֆղանստանցի դեռահաս աղջիկները հաճախում են գեղագրության պարապմունքներին, չնայած կանանց համար լրացուցիչ կրթության արգելքին, դպրոցը փակվել է։ Հրատարակությունը նշում է, որ իսլամական արվեստի դասավանդման կենտրոնը Հերաթում աշխատել է 40 տարի և իր տեսակի մեջ ամենամեծ ուսումնական հաստատությունն է համարվել Աֆղանստանի ողջ տարածքում։
Պարբերականը նաև հաղորդում է, որ վերջին մի քանի օրերին «Թալիբան»-ը փակել է ևս առնվազն երկու ուսումնական կենտրոն և մեկ մասնավոր դպրոց Ղազնի նահանգում՝ դարձյալ այն պատճառով, որ այնտեղ աղջիկներ են հաճախել:
2021 թ.-ին իշխանության գալուց ի վեր թալիբները դադարեցրել են աղջիկների համար պարապմունքները միջնակարգ դպրոցներում և համալսարաններում, արգելք սահմանել համալսարաններում կանանց ներկայության վրա, ինչը տարածվում է նաև պրոֆեսորադասախոսական կազմի վրա, ինչպես նաև կարգադրել են կանանց հեռացնել աշխատանքից բոլոր ազգային ու միջազգային ոչ կառավարական կազմակերպություններում: Այս որոշումները քննադատության ալիք են առաջացրել մի շարք օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի կողմից։