Բաժիններ՝

Չինաստանում ձերբակալել են Մեծ պարիսպը «անդառնալիորեն» վնասող աշխատողներին

Շանսի նահանգում շինարարական ոլորտի երկու աշխատող էքսկավատորով քանդել են Չինական մեծ պարիսպը, որպեսզի կարճ ճանապարհ բացեն դրա միջով և ավելի արագ հասնեն իրենց աշխատավայր։ Այս գործողությունների հետևանքով Մեծ պարիսպը լրջորեն վնասվել է։ Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ոստիկանությունը ձերբակալել է 38-ամյա տղամարդուն և 55-ամյա կնոջը, որոնք աշխատում էին Չինական մեծ պարսպի վնասված հատվածի մերձակայքում։ Նրանք է՛լ ավելի են մեծացրել գոյություն ունեցող ճեղքը և այնպիսի խոռոչ են բացել Չինական մեծ պարսպի մեջ, որպեսզի իրենց էքսկավատորը կարողանա անցնել դրա միջով։ Ըստ ոստիկանության՝ նրանք նման քայլի են դիմել, որպեսզի կրճատեն հեռավորությունը դեպի աշխատավայր։

Ոստիկանությունը նաև հայտնել է, որ նշված երկու անձինք «անդառնալի վնաս են հասցրել» Մեծ պարսպի ամբողջականությանը և «մշակութային մասունքների անվտանգությանը»։

Չինական մեծ պարսպի տվյալ հատվածը հանդիսանում է պատմամշակութային վայր և պաշտպանվում է նահանգային մակարդակով։

Չինական մեծ պարիսպը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է 1987 թ․-ից։ Այն կառուցվել և վերակառուցվել է՝ սկսած մեր թվարկության 220 թ․-ից և հանդիսանում էր աշխարհի ամենամեծ ռազմական կառույցը։

Պարսպի մեծ մասը տարիների ընթացքում վնասվել կամ քանդվել է, հատկապես՝ հեռավոր գյուղական վայրերում։ Չինական մեծ պարսպի՝ լավ պահպանված ու ավելի հայտնի հատվածները, դեպի ուր մեծաթիվ այցելուներ են լինում, կառուցվել է Մին դինաստիայի ժամանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս