«Ժողովրդի ցասումը երկար սպասեցնել չի տա. ալիքը քշելու է տանի Նիկոլ Փաշինյանին». Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է թուրքական շահը, չի սպասարկում հայկական օրակարգ:
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի համար կա Ռուսաստանի Դաշնությանն այլընտրանք՝ Թուրքիան»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«La Repubblica»-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելությունը, և Ռուսաստանն ինքն է հեռանում մեր տարածաշրջանից: ՌԴ ԱԳՆ-ից բավականին կոշտ են արձագանքել Փաշինյանի այս հայտարարությանը՝ նշելով, որ Մոսկվան չափազանց դժգոհ է և անընդունելի է համարում Փաշինյանի և օրերս ՀՀ ԱԳՆ արած հայատարարությունները, որոնք, ըստ ռուսական կողմի՝ միտված են սեփական սխալների պատասխանատվությունը Ռուսաստանի վրա բարդելուն:
Հենրիխ Դանիելյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը վաղուց է մտել Ռուսաստանի հետ դիվանագիտական փոխհրաձգության մեջ. «Նիկոլ Փաշինյանը կարող է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ԵՄ-ի հետ տարբեր բաներ պայմանավորվել, խաբել բոլորին, որպեսզի երկարաձգի իր իշխանությունը, որի համար նա պատրաստ է ամեն ինչի: Եթե նրա համար լինի երկընտրանք՝ Հայաստանի չգոյությունը՝ իր իշխանության դիմաց, ինքը միանշանակ կընտրի իր իշխանության ապահովագրումը, թեկուզ, եթե իր իշխանությունը լինի միայն այն պետական ամառանոցը, որտեղ նա հազարավոր թիկնապահներով պաշտպանվելով՝ այսօր ապրում է»:
Նա հիշեցրեց, թե ինչ էր պատասխանել Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ-ում զորավարժություններ անցկացնելու ՀԱՊԿ առաջարկին. «Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ զորավարժությունների ժամանակ ՀԱՊԿ զորքերը կգան, հետո կգնան, մենք կմնանք տարածաշրջանում միայնակ, ինչպես եղել է 1915թ.: Նիկոլ Փաշինյանը ռուսներին մասամբ մեղադրեց Հայոց ցեղասպանության մեջ, որ նրանց հանցավոր անգործության պատճառով մենք ցեղասպանվել ենք: Նիկոլ Փաշինյանը չասաց, որ մենք ցեղասպանվել ենք նաև նիկոլփաշինյաններ ունենալու արդյունքում, և այդ նիկոլփաշինյանների շարունակությունն այսօրվա Նիկոլ Փաշինյանն է, որը դավադիր քայլեր է իրականացնում՝ ՀՀ հանձնմանը, անկմանը միտված: Նիկոլ Փաշինյանին և իր թիմին պետք է հեռացնել իշխանությունից, փոխվի բանակցողը, որպեսզի մենք զրոյացնենք Նիկոլ Փաշինյանի բոլոր խոստումները, որոնք եղել են կուլիսների ետևում: Պետք է կարողանանք վերականգնել մեր ազգային իմունիտետը, հասկանանք, որ չպետք է ունենանք բևեռացված հասարակություն, պետք է ունենանք միասնական և կուռ հասարակություն, ով մտածում և քայլեր է իրականացնում ազգային տեսլականի վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանից հետո ՀՀ-ն գոյություն է ունենալու և ծաղկելու է, կարողանալու ենք լուծել մեր առջև ծառացած խնդիրները: Այո, բարդ է լինելու, անվտանգային համակարգը հասցված է գրեթե զրոյական աստիճանի: Մենք պետք է զբաղվենք բանակաշինությամբ, որովհետև Նիկոլ Փաշինյանը շուրջ 5 տարի բանակի քանդման գործողություններ է իրականացրել, թեպետ դա նրա մոտ չի ստացվել, որովհետև բանակը կենդանի օրգանիզմ է, ապրում է և երբեմն ՀՀ անվտանգությանը վերաբերող խնդիրների շուրջ չի ենթարկվում Փաշինյանին, երբ նրանց ասում են՝ այսինչ տեղից հետ իջեք, մեր տղաները քաջաբար պահում են: Մեր բանակը 2020թ. մեջքից հարված է ստացել, մեր հերոս եղբայրները չեն պարտվել, նրանք կռվել են իրենց հողը պահելու համար: Մենք բոլորս պարտվել ենք ՀՀ իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանին, որովհետև նա է մեզ տարել այդ ուղղությամբ»:
Նա նկատեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը 2018թ. ապրիլի 23-ին բեմահարթակից ասաց, որ որոշ ժամանակ հետո այնտեղ կանգնած երիտասարդներից առնվազն 5000-ը ողջ չի լինելու, առնվազն 15 հազարը դառնալու է հաշմանդամ, որ այլևս չեն կարողանալու վերադառնալ իրենց տները, որովհետև ինքը հանձնելու է այդ տարածքները, որ իր կողքին կանգնած մարդիկ, որոնք իրենց բակի խանութներին գումարներ են պարտք, իշխանափոխությունից հետո վարելու են 200-300 հազար դոլարանոց մեքենաներ, որ իր ընտանիքի և ընկերների կյանքը կտրուկ փոփոխության է ենթարկվելու, բայց ոչ հրապարակում հավաքված քաղաքացիներինը, ապա նա չէր գա իշխանության. «Եթե նա խոստանար, որ Աննա Հակոբյանը վարելու է 300 հազար դոլարանոց մեքենա, որ նա հարյուրավոր թիկնապահների հետ դուրս է գալու փողոց, արդյո՞ք նրան կընտրեին. Նրան չէին ընտրի: Այսօր երիտասարդությունը տեսնում է հստակ օրինակ, թե ինչպիսին կարող է լինել ազգադավ ռեժիմը»:
Հենրիխ Դանիելյանը շեշտեց՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օրեր առաջ ժողովրդի մեջ էր՝ մասնակցում էր հանրահավաքի և հարց հնչեցրեց. «Արդյո՞ք հնարավոր է՝ այսօրվա իշխանության ինչ-որ ներկայացուցիչ հայտնվի ժողովրդի մեջ, նրանք վախենում են սեփական ստվերից, սեփական հարևաններից, բոլորից, որովհետև նրանք այնքան բաներ են արել, որոնց մասին իրենք գիտեն, իսկ մենք դա կիմանանք այն բանից հետո, երբ նրանք կհայտնվեն ճաղերի հետևում: Երիտասարդությունն է լինելու այն ալիքը, որը քշելու է տանի Նիկոլ Փաշինյանին՝ իր ստի, կեղծիքի, հայատյաց քաղաքականության հետ միասին»:
Նրա կարծիքով՝ ժողովրդի ցասումը երկար սպասեցնել չի տա. «Տեսանելի ապագայում մենք կունենանք փոփոխություններ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում