Փաշինյանն ընտրության առջև է. պետք է ասի՝ Հայաստանի կողքի՞ն է, թե՞ Ադրբեջանի. Խոսրով Հարությունյան

Արցախում ապրող 120 հազար հայն իր անկոտրում պայքարով վերահաստատում է՝ իր պայքարը հանուն հացի չէ. դա պայքար է սեփական հայրենիքում ապրելու իրավունքի համար, հետևապես, անկախ նրանից, թե ինչպիսին կլինի Արցախի ճակատագիրը, մեր՝ բոլոր հայերիս համար Արցախը պետք է համարվի հոգևոր արժեք. բոլորս պետք է ապրենք «Հաջորդ տարի՝ Արցախում» բանաձևի ընկալմամբ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով արցախահայության պայքարի և այդ պայքարի շնորհիվ Հայաստանին ընձեռված բացառիկ հնարավորությունների մասին, նման տեսակետ հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ շեշտելով.

«Արցախի պայքարը ոչ թե հացի մասին է, այլ նրա, որ կոնֆլիկտը կարգավորված չէ, ուստի որքան էլ աշխարհի հզորները ցանկանան 44-օրյա պատերազմի արդյունքներն ընդունել՝ որպես վերջնական իրողություն, միևնույն է, կոնֆլիկտը դրանով կարգավորված չէ։ Սա արցախահայության պայքարի ամենալուրջ քաղաքական մեսիջն է, որի նպատակն է ինքնորոշման իրավունքի ճանաչումը»,- ասաց Խոսրով Հարությունյանը։

Նրա փոխանցմամբ՝ արցախահայության այս պայքարի հասցեատերը միջազգային հանրությունից՝ աշխարհի գերհզոր տերություններից զատ, առաջինը հենց Հայաստանի իշխանությունն է, ուստի, այս իշխանությունը պետք է հրաժարվի «Արցախը՝ ձեզ» մտայնությունից, ինչից բխում է, որ պարտավոր է հետ կանչել դրա մասին իր արած հայտարարությունները։

Կարդացեք նաև

«Փաշինյանը շանս ունի՝ իրավիճակը բեկելու համար. այդ հնարավորությունը նրան տվել է մի կողմից՝ Արցախի 120 հազար հայը՝ իր պայքարով, մյուս կողմից՝ Ալիևը՝ իր ֆաշիստական քաղաքականությամբ, ուստի հենց դրան հղում անելով էլ Փաշինյանը պետք է հետ կանչի Պրահայում իր արած հայտարարությունը։ Հանրությունն էլ իր հերթին  է պարտավոր սա պահանջել իշխանությունից։ Այդ քայլը կստեղծի իրավաքաղաքական նպաստավոր միջավայր՝ բանակցություններով խնդրի լուծմանը հասնելու համար»,- ասաց Խոսրով Հարությունյանը՝ շեշտելով, որ իրավիճակ կարող է փոխվել միջազգային հանրության մոտ, եթե Հայաստանի իշխանությունը սատարի արցախահայության դիրքորոշումը։

«Եթե դա չեք անում, պարոն Փաշինյան, նշանակում է, որ անկախ փաթեթավորումից, սատարում եք Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը։ Փաշինյանը ընտրության առաջ է կանգնել՝ կա՛մ պետք է խոստովանի, որ օգնում է Ալիևին, իսկ դա նշանակում է, որ չի՛ կարող մնալ իշխանության ղեկին, կա՛մ պետք է ընդունի ժողովրդի պահանջը։ Այլ կերպ հնարավոր չէ, այլ կերպը նշանակում է նաև՝ Հայաստանը դնել ռազմական սպառնալիքի առաջ, դա չանելը տանում է ուղղակի պատերազմի։ Փաշինյանն ընտրության առաջ է, պետք է ընտրի՝ Հայաստանի՞ կողքին է, թե՞ Ադրբեջանի»,- ասաց Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս