Մեր փոքրիկ Հայաստանն ինչքան անկախացել է, բայց շատ բաներով դեռ ՌԴ-ի ազդեցության տակ է. աստղագետ Արեգ Միքայելյան
Գրավիչ և ռոմանտիկ՝ այսպիսին է համարվում աստղագիտությունը։ Որքանո՞վ է մասնագիտությունն այսօր հետաքրքրում երիտասարդներին, իսկ ինչպե՞ս է սկսվում և ավարտվում աստղագետի օրը, ահա այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ։
– Ինչպե՞ս է սկսվում և ավարտվում Ձեր օրը։
– Կարելի է ասել՝ սկզիբ ու վերջ չունի, կարծես անընդհատ շարունակական աշխատանք է։ Տիեզերքն այնքան մեծ է, և աստղագիտության մեջ այնքան անելիք կա, որ մարդ ուզում է անընդհատ նվիրվել։ Համբարձումյանը միշտ ասում էր, որ պետք է առավելագույնս նվիրվել պետությանը։ Նա առնվազն 16 ժամ աշխատում էր։ Մեզ մոտ չկա ռեժիմ, քանի որ շատերը գիշերները դիտումներ են կատարում, իսկ ցերեկները՝ վերլուծում այդ արդյունքները և, ի վերջո, գիտական հայտնագործություններ անում։ Ասացիք՝ գրավիչ և ռոմանտիկ․այո, համաձայն եմ, այդպես է, միաժամանակ բարդ ու բազմաբովանդակ մասնագիտություն է։ Այնպես որ, շատ հետաքրքիր սկսվում և ավարտվում է։
– Աստղագետի մասնագիտությունը սովորաբար ընտրում են երկու դեպքում․երբ սիրում են ֆիզիկան և լավ են տիրապետում այդ առարկային, կամ էլ շատ ռոմանտիկ են ու սիրում են աստղագիտությունը։ Ձեր դեպքում ո՞ր տարբերակն է եղել։
– Երկրորդը, չնայած ֆիզիկան էլ եմ սիրել։ Մանկուց սիրել եմ երկնքին նայել։ Դժվար է հայացքը կտրել, հատկապես, որ գրավիչ ինչ-որ բան է երևում։ Երևանում, ցավոք, այդպիսի պատկեր չէ․քաղաքից հեռու, մութ վայրերում պետք է դիտել երկինքը, ու այն ժամանակ իսկական գրավչությունը կերևա։ Այս ամենին գումարվեցին հարցերը, որոնց պատասխաններն էի փնտրում։ Օրինակ՝ ինչո՞ւ է երկինքը ցերեկը կապույտ, իսկ գիշերը՝ սև, ինչո՞ւ են մարմիններն ընկնում։
– Երկնքին հիմա՞ էլ եք շարունակում նայել՝ ոչ մասնագետի աչքով։
– Այո, երբեմն պատահում է։ Փիլիսոփաներից մեկն ինչ-որ մի ժամանակ ասել է, որ մարդը կենդանուց տարբերվում է նրանով, որ երբեմն նայում է երկնքին։
– Մեծ տարիքում ի՞նչ հարցեր եք ուղղում։
– Շատ հետաքրքիր դեպք Էյնշտեյնի հետ է պատահել։ Երբ նրան հարցրել են, թե՝ ինչպե՞ս հայտնաբերեցիք «Հարաբերականության տեսությունը», զարմանալի պատասխան է տվել․ասել է՝ ես շատ ուշ հասունացած երիտասարդ էի, հետ էի մնացել իմ հասակակիցներից, ու, երբ 20-25 տարեկան իմ ընկերները լուրջ բաներով էին զբաղվում, ինքս ինձ հարցնում էի, թե ի՞նչ է ժամանակը, տարածությունը, բայց, քանի որ մի քիչ ֆիզիկա էի սովորել, դա նպաստեց «Հարաբերականության տեսության» ստեղծմանը։ Այսինքն, գիտնականը միշտ հարցեր պետք է տա, այդ թվում՝ պարզունակ, որոնք մեկ-մեկ մեծ հայտնագործությունների են հանգեցնում։
Ես երբ նկատում եմ մի բան, որը տարբերվում է իմ պատկերացումներից, իմացածից, այդ հարցերն եմ տալիս։ Սկզբում թվում է, թե հարցերը պարզ են, սակայն արդյունքում պարզ հարցերի բարդ պատասխաններն ենք ստանում։
– Մարդկանց վերջերս հետաքրքրում էր, թե Երևանի երկնքում ինչո՞ւ աստղեր չկան։
– Որովհետև Երևանի լուսավորությունը և աղտոտվածությունը շատ է։ Երկու էֆեկտն էլ այստեղ ազդում է։ Լուսավորությունը ֆոն է ստեղծում։ Մեծ քաղաքները ստեղծում են ֆոն։ Լուսավոր վայրերում ընդհանրապես աստղադիտարաններ չեն կառուցում։ Նույնիսկ Բյուրականի աստղադիտարանն այսօր արդեն խորհուրդ չէր տրվի այդտեղ կառուցել։ Այն ժամանակ Երևանը շատ փոքր էր, ոչ ոք, անգամ Թամանյանը, չէր սպասում, որ այսքան արագ կմեծանա։ Խոշոր քաղաքների մոտակայքում աստղադիտարան ունենալն այնքան էլ խելացի չէ։ Հիմա չէր կառուցվի այդտեղ։ Ֆինանսական խնդիրների հետ էլ է կապված․ոչ ոք այդքան գումար չունի, որ կառուցի Արագածի գագաթին կամ մեկ այլ տեղ։
– Այսինքն, առաջիկայում պետք է մտածենք Աստղադիտարանի համար ինչ-որ տեղ գտնելու մասին։
– Եթե այդքան գումար պետությունը գտնի կամ մեկ այլ աղբյուրից հովանավորներ գտնենք, իհարկե, ցանկալի է նոր դիտակները տեղադրել ավելի բարձր՝ օրինակ, Արագածի վրա կամ քաղաքների լուսավորությունից հեռու վայրում։ Ժամանակին Արցախում բավականին լավ վայրեր էինք գտել։ Արցախը, ի դեպ, շատ լավ աստղակլիմա ունի։
– Արցախում բացեցիք աստղագիտական կենտրոն, հիմա գործո՞ւմ է։
– Այո։ Այո, երկու տարի առաջ։ Երկար ժամանակ փորձում էինք, ի վերջո կարողացանք Արցախի հետ կապ ստեղծել աստղագիտության բնագավառում։ Բացեցինք լաբորատորիա, իսկ հեռահար նպատակն աստղադիտարանի կառուցումն էր, որը նաև լուրջ քաղաքական քայլ կլիներ։ Արցախը դրանով կինտեգրվեր միջազգային գիտական հանրությանը, որը կնպաստեր քաղաքական հարցերի լուծմանը։
– Աստղադիտարանի գիտական խորհրդի նիստերի ժամանակ խոսում էիք երիտասարդներին գրավելու բանալին գտնելու մասին։ Գտնվե՞ց։
– Բանալին մեկը չէ, սա բազմաշերտ խնդիր է։ Ամբողջ աշխարհում կա այս խնդիրը, երիտասարդներից շատերը դեպի գիտություն չեն գնում, միանգամից մտածում են մեծ գումարներ վաստակելու մասին։ Օբյեկտիվորեն պետք է ասեմ, որ գիտությունն այն բնագավառը չէ, որ գնում են հարստանալու համար։ Գիտնականները լավ են ապրում, հարուստ երկրներում լավ են վարձատրվում, իսկ Հայաստանում վերջերս եղան փոփոխություններ, ու գոնե կարելի է ասել, գիտնականների զգալի մասը միջինից բարձր աշխատավարձ է ստանում, սակայն կրտսեր գիտաշխատողներն ու մյուները ցածր են ստանում, ու միջին աշխատավարձն էլի ցածր է ստացվում։ Այսինքն, աշխատավարձով գրավելն այնքան էլ աշխատող մեխանիզմ չէ, բայց Բյուրականի աստղադիտարանը բացառիկ հիմնարկներից մեկն է, որը ժամանակավոր բնակարան է տրամադրում այն երիտասարդներին, որոնք կգան աշխատելու։ Բնակարանը տրամադրում ենք մինչև աշխատանքի ավարտը՝ թոշակի տարիքը, բայց գիտեք, Հայաստանը բացառիկ երկիր է, թոշակի չեն գնում։
Երիտասարդներին կարող է գրավել նաև այն, որ արտասահման շատ են գործուղվում։ Բայց պետք է նվիրված լինեն մասնագիտությանը, որ գրավի ու տանի։ Այս դեպքում ոչ մի բանի՝ գումարի պակասին չեն նայի։ Մեր սերունդն այդպես է դարձել աստղագետ։ Չնչին աշխատավարձ էինք ստանում՝ 90 ռուբլի էր, բայց պետք էր դիմանալ, աճել ու արդեն վաստակել 300 ռուբլի։
– 2019թ «Աստղաֆիզիկա» բաժնում սովորող մագիստրատուրայի ուսանողների ուսման վարձը Բյուրականի աստղադիտարանը վճարեց։ Դա շարունակվո՞ւմ է։
– Ցավոք, երկու տարի տևեց։ Այն Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի ֆոնդից էր, հետո մրցանակի ընթացքը կանգնեցվեց։ Կարծես թե պետության կողմից պետք է ավելի շատ հոգածության ներքո լիներ, բայց մոռացության մատնվեց, ԳԱԱ-ում այդ գրասենյակը լուծարվեց։ Այս տարի որոշվել է հանձնել 2020թ․ մրցանակը, որը հետաձգվել էր, 3 գիտնական կգա ՀՀ, ու հավանաբար, այդ գումարի մի մասը կօգտագործվի այս ծրագրի համար։
– Հայաստանի վանական դպրոցներում ժամանակին սովորել են տիեզերագնացություն, տոմարագիտություն, բայց մեր օրերում հիմա անգամ աստղագիտությունը, աստղաֆիզիկան՝ որպես առանձին առարկա, չեն դասավանդում դպրոցներում։ Երեք առարկաների միաձուլումն ի՞նչ կտար, եթե դասավանդեին։
– Հայտնի է, որ հին ժամանակներում գլխավոր գիտություններից մեկը համարվում էր աստղագիտությունը։ Մարդը վաղուց է հասկացել, որ Տիեզերքը, երկինքը միակ ոլորտն է, որը թույլ կտա օրացույց ստեղծել։ Երկնային մարմինների շարժման հիման վրա են ստեղծվել բոլոր օրացույցները։ Կարելի է ասել՝ օրացույցը մշակույթի գլխավոր հանգամանքն էր հին ժամանակներում։ Որ ժողովուրդն ունեցել է օրացույց, այդ ժողովուրդն էլ ունեցել է բարձր մշակույթ։ Հայոց բուն օրացույցը գալիս է մ․թ․ա 2492 թվականից։ Այսինքն, 4.5 հազար տարի առաջ հայերն արդեն օրացույց են ստեղծել։ Դա Ղևոնդ Ալիշանի հաշվածն է։ Սա ինձ համար նաև պատմական կարևորություն ունի։ Հաշվի առնելով այն, թե ինչքան բարդ է օրացույց ստեղծելը, միանշանակ պնդում եմ, որ այն ժամանակ ունեցել ենք պետություն։ Դա տարիներ տևող կանոնավոր հետազոտություն է, որը կարող էին անել կազմակերպված պետության ներսում։ Դրա համար հնարավոր է, պետք է վերանայել հայ ժողովրդի պատմությունը։ Կարող ենք խոսել Զորաց քարերի մասին, որի աստղագիտական բնույթ ունենալը շատերը չեն ընդունում։ Բայց օրացույց դատարկ տեղում չէին ստեղծի, այդպիսի դիտարաններ պետք է լինեին։ Կարող էր նաև կրոնական կառույց լինել, քանի որ եգիպտական քրմերը հենց աստղագետներն էին։
– Ու այս ամենի մասին դպրոցում աշակերտը չի սովորում։
– Այո։ Երևի առարկան հանեցին այն պատճառով, որ Ռուսաստանում էլ այդպես արեցին։ Մեր փոքրիկ Հայաստանն ինչքան անկախացել է, բայց շատ բաներով դեռ ՌԴ-ի ազդեցության տակ է։ Այնտեղ մի բան անում են՝ այստեղ կարծում են, թե դա է ճիշտը, պետք է թութակի նման կրկնել։
– 2024թ․ՀՀ-ն դառնալու է Մարսի ուսումնասիրության կենտրոն, տիեզերագնացներ են գալու, համագործակցելո՞ւ եք։
– Հենց իրենք են մեզ դիմել։ Նախաձեռնողը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը կից ստեղծված Նորարարությունների և ձեռնարկատիրության ազգային կենտրոնն է։ Ավստրիական տիեզերական ֆորում է, երկու տարին մեկ որևէ երկրում ստեղծում են պայմաններ՝ կոչվում է Մարսի սիմուլյացիա։ Ստեղծում են արհեստական վիճակ, որը կուզեինք ուսումնասիրել, կարծես Մարսը լինի։ Վայոց ձորում հարմար վայր են գտել, բայց անվտանգությունից ելնելով՝ ստույգ տեղը չեն ասել։ Մարտից մինչև ապրիլ ՀՀ կգան տիեզերագնացներ, ֆիլմ են նկարելու։ Ենթադրում են, որ այս կտորը Մարսն է, ու իրականացնում են հետազոտություն։ Սա աշխատանք է՝ հետագայում Մարս թռնելու համար։ Տասնյակ տարիներ նախապատրաստվում են։
Մանրամասները՝ տեսանյութում