Եվս մեկ կետով նահանջեց
Նախորդ և այս տարվա սկզբին Հայաստանում արձանագրվող բարձր տնտեսական աճը սկսել է նահանջել։ Աճը երկրորդ ամիս անընդմեջ կրճատվում է։
Հունիս-հուլիսին աճի տեմպը կրկնակի փոքր է, քան տարեսկզբին։
Եթե արտառոց ոչինչ չլինի արտաքին միջավայրում, որը դարձել է Հայաստանի տնտեսության բարձր աճի հիմքը, այս միտումն առաջիկայում կշարունակվի։ Արդյունքում՝ կնվազի նաև տարեկան տնտեսական աճը։ Մինչև ո՞ւր կհասնի տարեվերջին, ցույց կտա ժամանակը։ Մասնագիտացված կառույցների կանխատեսումները 4,5-7,5 տոկոսի սահմաններում են։ Թեև այս պահին, ինչպես առաջին կիսամյակի տնտեսական աճը, այնպես էլ յոթ ամիսների տնտեսական ակտիվության աճը դրանից բավական բարձր է։
Պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ առաջին կիսամյակի տնտեսական աճը կազմել է 10,5 տոկոս։ Բայց նկատելի է աճի բավական ակտիվ դանդաղում։
Եթե առաջին եռամսյակում այն կազմել էր 12,1 տոկոս, արդեն երկրորդում իջել է մինչև 9,1 տոկոսի։ Այսինքն՝ 3 տոկոսային կետով տեմպն ընկել է։ Եվ դա պայմանավորվել է հիմնականում հունիսին գրանցված բավական համեստ աճով։ Բայց տնտեսական աճի դանդաղումը հունիսով չսահմանափակվեց։ Այն ավելի խորացավ նաև հուլիսին։
Եթե շարունակվի այդ միտումը, ապա երրորդ եռամսյակում տնտեսական աճը կարող է տատանվել, լավագույն դեպքում, ընդամենը 5-6 տոկոսի սահմաններում։ Ենթադրվում է, որ չորրորդում ավելի ցածր կլինի։
Հուլիսին տնտեսական ակտիվության աճը Հայաստանում իջել է 6 տոկոսի։ Հունիսին 6,8 տոկոս էր։ Իսկ դրանից առաջ բացառապես երկնիշ աճեր էին գրանցվում, հիմնականում այն բանի շնորհիվ, որ նախորդ տարվա այդ շրջանում, երբ դեռևս չէր սկսվել կամ նոր էր սկսում արտահայտվել ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը, բազան անհամեմատ ավելի ցածր էր։ Երկրորդ կիսամյակում իրավիճակը փոխվեց, ու հետևանքներն արդեն տեսնում ենք այդքան գովաբանվող տնտեսական երկնիշ աճերի վրա։
Չափազանց տխուր վիճակում է հայտնվել հատկապես արդյունաբերությունը։ Վերջին երկու ամիսներին արդյունաբերության աճը նվազում է ու տարեկան աճը արդեն գրեթե ձգտում է զրոյի։ Յոթ ամիսների արդյունքում այն կազմել է ընդամենը 0,5 տոկոս։ Թեև մինչ այդ էլ բարձր չէր՝ 3-3,5 տոկոսի սահմաններում էր։ Դա էլ աստիճանաբար մարում է։
Այս մասին մտածելու փոխարեն՝ էկոնոմիկայի նախարարն աչքակապությամբ է զբաղված։ Իրավիճակն այնպես է ներկայացնում, իբր տնտեսությունը հրաշքներ է գործում, բարձր տեմպերով աճում է ու զարգանում։ Արդեն սկսել ենք ավտոմեքենաներ արտադրել։ Խոսում է առաջին անգամ արհեստական ձյուն ստեղծելու մասին։ Կարծես դրանով է որոշվում տնտեսության զարգացումն ու արդյունաբերության ապագան։
Արդյունաբերության վիճակը երևում է զրոյին մոտ աճի ցուցանիշներում։
Հույսը դրել են առևտրի ու ծառայությունների վրա, որոնք, արտաքին գործոններով պայմանավորված, դեռևս շարունակում են նպաստել Հայաստանի տնտեսության աճին։ Թեև աստիճանաբար նվազում է նաև դրանց ազդեցությունը։ Իսկ վաղը, երբ այլևս այդ ազդեցությունները դադարեն, սարսափելի է անգամ պատկերացնել, թե ինչ կործանարար հետևանքներ կարող են լինել տնտեսության մեջ։ Եվ ոչ միայն տնտեսության մեջ, այլև մյուս բոլոր, այդ թվում՝ նաև ֆինանսական հատվածում։
Քանի դեռ չենք հասել դրան, այսօր պետք է մտածել հետևանքները մեղմելու մասին։ Իսկ իշխանությունները քաղաքական աճպարարությամբ են զբաղված, տնտեսության պատահական աճերը ներկայացնում են՝ որպես մեծագույն ձեռքբերումներ, երբ վաղը երկիրը կարող է պարզապես մնալ այդ «ձեռքբերումների» փլատակների տակ։
Արտաքին գործոնները, որոնք նախորդ տարի նպաստեցին մեր տնտեսության բարձր աճերին, այս տարվա երկրորդ կեսին գնալով կորցնում են իրենց ազդեցությունը։ Դա արդեն տեսնում ենք ծառայությունների ոլորտում։ Վերջին ամիսներին ծառայությունների աճի տեմպն էապես դանդաղել է։
Հունիսին այն կազմեց՝ ընդամենը 4, իսկ հուլիսին՝ 5,8 տոկոս, երբ տարեսկզբի առաջին մի քանի ամիսներին անցնում էր նույնիսկ 20 տոկոսից։
Դրա հետևանքով, թեև ծառայությունների տարեկան աճը դեռևս բավական բարձր է՝ տարեսկզբի բարձր աճերի շնորհիվ, այնուհանդերձ աճի տեմպն ամսեամիս նվազում է։ Յոթ ամիսների արդյունքում այն կազմել է 14,9 տոկոս։ Առաջին եռամսյակում հասնում էր գրեթե 23 տոկոսի։
Գնալով նվազում է նաև արտաքին առևտրի ազդեցությունը տնտեսության աճի ցուցանիշների վրա։ Նախկին կրկնակի, երբեմն եռակի աճերը, որոնք գերազանցապես վերարտահանումների արդյունք էին, այլևս չկան։ Իհարկե, դա չի նշանակում, թե դադարել են վերարտահանումները։ Դրանք նախկինի պես շարունակվում են, բայց այլևս այն ազդեցությունը չունեն տնտեսական աճի ցուցանիշների վրա, ինչ ունեին նախկինում։
Մեծածավալ վերարտահանումների պայմաններում անգամ հուլիսին Հայաստանից արտահանումն ավելացել է 15,6 տոկոսով։ Եթե հաշվի առնենք փոխարժեքի ազդեցության գործոնը, ապա արտահանման աճը նույնիսկ ավելի փոքր կլինի։
Վերջին երկու ամիսների այսպիսի դրսևորումներից հետո, աստիճանաբար իջնում է նաև արտաքին առևտրի տարեկան աճի տեմպը, որը վերարտահանումների շնորհիվ ռեկորդային բարձր տեմպերի էր հասել։
Երկու ամսվա ընթացքում արտահանման աճի տեմպը 30 տոկոսային կետով նվազել է։ Գրեթե նույնն է պատկերը նաև ներմուծման պարագայում։
Առայժմ շարունակում է բարձր լինել ներքին առևտրի աճը։
Մյուս ոլորտը, որը դեռևս նպաստում է արձանագրվող տնտեսական աճին, շինարարությունն է։ Հայաստանում շինարարության ու հատկապես բնակարանաշինության բում է։ Ամեն քայլափոխի բնակելի շենքեր են կառուցում։ Կարիք ունեցող-չունեցող փորձում է հիպոթեքով բնակարան ձեռք բերել՝ կարծելով, որ բնակարանների վարձակալության գները մշտապես այսքան բարձր են լինելու, ու իրենք էլ հնարավորություն են ունենալու ձեռք բերված բնակարանները վարձակալության տալ ու դրանով փակել հիպոթեքը, մի բան էլ եկամուտ ստանալ։
Մեծագույն մոլորություն է այդպես մտածելը։ Դա հետագայում չարիք է դառնալու շատերի, նաև շինարարության ու ֆինանսական համակարգի համար։
Շինարարությունը, առևտուրն ու ծառայություններն էլ դարձել են տնտեսական ակտիվության աճի հիմքը, որը յոթ ամիսների արդյունքում կազմել է 10,4 տոկոս, առաջին վեց ամիսների համեմատ նվազելով՝ 1, հինգ ամիսների համեմատ՝ 2,1 տոկոսային կետով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ