«Պետք է պայքարենք՝ սա է ճանապարհը, հանձնվելով՝ որևէ բանի չենք հասնելու». Վաղուհասի գյուղապետ
265-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ։ Գրեթե 9 ամիս գտնվելով ադրբեջանական շրջափակման մեջ, 120 հազար արցախահայեր կրում են բազմաթիվ զրկանքներ՝ սով, ազատ տեղաշարժի իրավունքի խախտում, կյանքին սպառնացող ադրբեջանական ագրեսիա։ Այս ամենով հանդերձ՝ արցախահայությունը պայքարում է, որպեսզի Ադրբեջանը բացի Արցախի միակ ցամաքային ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, որը փակ է նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից։
Շրջափակման պայմաններում Արցախի տարբեր գյուղերի կապը գրեթե կտրված է մայրաքաղաքի հետ, քանի որ դիզվառելիքի խնդիր կա, դժվարություններ կան նաև բուժառուների համար՝ այս կամ այն գյուղից հասնել Ստեփանակերտ։
168.am-ի հետ զրույցում Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի ղեկավար Հովհաննես Պետրոսյանն ասաց, որ իրենց գյուղում էլ դժվարությունները շատ են, ինչպես ամբողջ Արցախում, բայց ի՞նչ կարող են անել, փորձում են հաղթահարել ու ապրել։
«Իհարկե, դժվարությունները մեծ են, ինչպես տարբեր գյուղերում։ Չեմ կարող առանձնացնել ինչ-որ դժվարություն, ընդհանուր դրությունն ու ժողովրդի վիճակը բարդ է, սա է։
Համեմատած մայրաքաղաք Ստեփանակերտի հետ, գյուղերի վիճակը որոշ չափով լավ է, քանի որ այստեղ բնակչությունն իր հողը մշակում է, թե չէ մյուս բոլոր առումներով բոլոր տեղերում էլ վիճակը նույնն է։ Գյուղում մարդիկ բերք են ստանում հողից»,- նշեց Վաղուհասի գյուղապետը։
Թեև Վաղուհասը ևս ունի դիզվառելիք հետ կապված խնդիր, ասաց մեր զրուցակիցը, շարունակելով, որ հենց այդ պատճառով էլ դժվարությունների են բախվում, երբ փորձում են որևէ հիվանդություն ունեցող բուժառուներին տանել մայրաքաղաք։
«Մեր հիվանդներին դժվարությամբ ենք հասցնում Ստեփանակերտ։ Բայց ընդհանուր առմամբ փորձում ենք բնակչության հետ համատեղ խնդիրները լուծել։
Սեպտեմբերի 1-ին բացվեցին մեր գյուղի դպրոցի դռները, այն, չնայած բոլոր դժվարություններին, պետք է գործի, երեխաները պետք է կրթություն ստանան։ Այս պահին ջեռուցման հետ կապված դեռ խնդիրներ չկան, բայց ցրտերն ընկնելուն պես նման դժվարություններ ունենալու ենք»,- շեշտեց Վաղուհասի գյուղապետը։
Ինչ վերաբերում է իրավիճակի հանգուցալուծմանը, Հովհաննես Պետրոսյանը դժվարացավ պատասխանել հարցին՝ նկատի ունենալով աշխարհաքաղաքական զարգացումները։
«Գերտերությունները իսկի չգիտեն՝ ինչ է կատարվում, բայց մեկ բան հստակ է՝ պետք է պայքարենք, սա է ճանապարհը, պայքարելով պետք է ապրենք այս հողի վրա, հանձնվելով՝ որևէ բանի չենք հասնելու»,- եզրափակեց Հովհաննես Պետրոսյանը։