2021 թվականից մեր երկիրը կանգնած է պարենային անվտանգության լուրջ մարտահրավերի առջև. ահազանգում է մասնագետը
Պարենային անվտանգության ապահովման առումով Հայաստանում ստեղծվել է ծանր իրավիճակ՝ ահազանգում է Ռազմավարական ծրագրերի Քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահ, Ֆերմերային Շարժում ՀԿ նախագահ, ՄԱԿ-ի փորձագետ Սարգիս Սեդրակյանը։
Նա չի հավատում իշխանությունների խոստումներին, թե Հայաստանում ծրագրված է բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը և ավելացնել պարենի հիմնական մթերատեսակների գծով ինքնաբավությունը, քանի դեռ լուծված չեն պետության անվտանգային հիմնախնդիրները:
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով 2023թ. հունիսի վերջին կառավարության կողմից հաստատված Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությանն ու 2023-2026 թվականների գործողությունների ծրագրին, նաև երկրում պարենային ապահովության վիճակին՝ Սարգիս Սեդրակյանը նախ արձանագրեց, որ պարենային անվտանգության ապահովումը մեր երկրի ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է:
«Շատ կարևոր է, որ կառավարությունը լուրջ ուշադրություն դարձնի երկրի պարենային անվտանգության ապահովմանը: Պարենային անվտանգության ապահովման առումով, բնակչության համար առաջնային սպառման պարենամթերքներն են հանդիսանում ցորենը, կարտոֆիլը, բանջարաբոստանային մշակաբույսերը, միրգը, հատապտուղը, հատիկաընդեղենային մշակաբույսերը, բուսական յուղը, շաքարը, ձուն, կաթը, տավարի միսը, խոզի միսը, ոչխարի և այծի միսը, թռչնի միսը, ձուկը, խաղողը:
Այժմ տեսնենք, թե ինչպիսին է այս պարենամթերքներով ինքնաբավության վիճակը
(աստիճանը) մեր երկրում. ըստ ներկայացված վերջին վիճակագրական տվյալների (2021թ.)՝ նշված պարենամթերքների գծով մեր երկիրն ինքնաբավ է՝
ցորեն 23,2 տոկոս, կարտոֆիլ՝ 111,7 տոկոս, բանջարաբոստանային մշակաբույսեր՝ 105,6 տոկոս, միրգ-հատապտուղ՝ 114,4 տոկոս, հատիկաընդեղենային մշակաբույսեր՝ 37,3 տոկոս, բուսական յուղ՝ 0,6 տոկոս, շաքար՝ 33,9 տոկոս, ձու՝ 98,8 տոկոս, կաթ՝ 87,7 տոկոս, տավարի միս՝ 92,2 տոկոս, խոզի միս՝ 53,2 տոկոս, ոչխարի և այծի միս՝ 100,4 տոկոս, թռչնի միս՝ 26,7 տոկոս, ձուկ՝ 143,7 տոկոս, խաղող՝ 106,7 տոկոս:
Եթե հավատանք վիճակագրական տվյալներին, ապա կարող ենք ասել, որ կարտոֆիլի, բանջարաբոստանային մշակաբույսերի, միրգ-հատապտղի, ոչխարի և այծի մսի, ձկան և խաղողի մասով մեր երկիրն ինքնաբավ է: Մեր երկրի պարենային անվտանգության ինքնաբավության առումով առավել մտահոգիչ են ցորենը, հատիկաընդեղենային մշակաբույսերը, բուսական յուղը, շաքարը, թռչնի միսը, որոնք աճելու փոխարեն՝ նվազում են:
Նշված պարենամթերքների մեջ առանձնահատուկ տեղ ունի ցորենը (հացը):
Ըստ ՄԱԿ-ի Պարենի Գյուղատնտեսական կազմակերպության տվյալների՝ 2022թ.-ին աշխարհում ցորենի արտադրության 10 համաշխարհային հսկաները հետևյալ երկրներն են՝ Չինաստան՝ 18 տոկոս, ԵՄ երկրներ՝ 17 տոկոս, Հնդկաստան՝ 13 տոկոս, Ռուսաստան՝ 12 տոկոս, ԱՄՆ՝ 6 տոկոս, Ավստրալիա՝ 5 տոկոս, Կանադա՝ 4 տոկոս, Պակիստան՝ 3 տոկոս, Ուկրաինա՝ 3 տոկոս, Թուրքիա՝ 2 տոկոս:
Հարկ է նշել, որ Հայաստանի պարենային անվտանգության վրա մեծ ազդեցություն է թողնում ռուս-ուկրաինական պատերազմը և հայ-ռուսական հարաբերությունները:
Պարենային անվտանգության ապահովության տեսակետից ԱՊՀ երկրների մեջ առաջատարը Բելառուսն է»,- մանրամասնեց մասնագետը:
Ռազմավարական ծրագրերի Քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահը նաև շեշտեց՝ Հայաստանի Հանրապետության պարենային ապահովությանը տարիներ շարունակ նպաստել է Արցախը, սակայն, վերջին պատերազմի հետևանքով, Արցախում կորցրել ենք մեծաքանակ խաղողի և պտղատու այգիներ, Արցախի ցանքատարածությունների 90 տոկոսը, մոտ 50.000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ:
«Նախկինում, յուրաքանչյուր տարի, Արցախից ներկրվում էր 100.000 տոննա հացահատիկ: Ըստ վիճակագրության՝ ՀՀ-ում և Արցախում տարեկան 500-600 հազար տոննա հացահատիկ էր սպառվում, Արցախն ապահովում էր դրա 20-30 տոկոսը (հիմնականում՝ Քաշաթաղի, Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններից):
2021 թվականից մեր երկիրը կանգնած է պարենային անվտանգության լուրջ մարտահրավերի առջև: Պատերազմի հետևանքով որոշ արոտավայրեր կորցրեցինք նաև Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերից: Սահմանամերձ որոշ գյուղերի որոշ գյուղացիներ, տրակտորիստ-կոմբայնավարներ վախենում են աշխատել իրենց հողի վրա, և բազմաթիվ հողերը մնում են անմշակ:
Մինչ նախարարությունը զբաղված է պարենային անվտանգության հայեցակարգ, ռազմավարություն և 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը մշակել-հաստատելով, պատերազմի վտանգը եկել և չոքել է մեր երկրի դռանը:
Նախարարության համապատասխան իրենց «մտահոգ», «գրագետ» և «փորձառու» համարող ներկայացուցիչներին պետք է հուշել ընդամենը մի բան՝ եթե ուզում եք մեծացնել բնակչության՝ առաջնային անհրաժեշտության որոշ ապրանքներով ինքնաբավության աստիճանը, ապա դրա համար, առաջնային կարգով, անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել ագրոպարենային համակարգի բնատնտեսական ներուժ հանդիսացող վարելահողերը, այսինքն՝ չմշակվող և դեգրադացված հողերը դարձրեք մշակելի և դրանց հաշվին՝ ավելացրեք մշակելի ցանքատարածությունները,- ամփոփեց Սարգիս Սեդրակյանը՝ հիշեցմամբ, որ ներկայումս չմշակվող վարելահողերը մեր երկրում կազմում են ընդհանուր վարելահողերի կեսից ավելին, որոշ մարզերում՝ 60-70 տոկոսը,- Ցավոք, դրա համար անհրաժեշտ է ունենալ գյուղատնտեսության նախարարություն՝ իր համապատասխան վարչություններով, բաժիններով և համապատասխան գրագիտության և փորձառության տեր մասնագետներով, որոնք, դժբախտաբար, այս կառավարությունը չունի»: