Արցախյան կողմի հետ ադրբեջանական բեռների վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չի եղել. Արցախի նախագահի խոսնակ
Այսօր ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե պատրաստվում է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռ ուղարկել Ստեփանակերտ։ Լրագրողներին այս մասին ասել էր Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Նովրուզ Ասլանը։
Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն տեսանյութեր են տարածել, թե ինչպես են այդ բեռները շարժվում դեպի Ակնա-Ստեփանակերտ։
168.am-ն Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանից հետաքրքրվեց՝ արդյոք ադրբեջանական կողմը որևէ կերպ այդ թեմայով կոնտակտի մեջ մտե՞լ է Արցախի իշխանության հետ, ստացե՞լ է համաձայնություն, որ բեռ է ուղարկում։
Ի պատասխան մեր հարցերի՝ Լուսինե Ավանեսյանն ասաց.
«Արցախյան կողմի հետ տվյալ հարցով որևէ պայմանավորվածություն չի եղել: Հետևաբար, այդ քայլն ուղղված է եղած խնդիրները խորացնելուն, բայց ոչ՝ լուծելուն։ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի՝ սահմանված ռեժիմի վերագործարկման խնդիրը եղել և մնում է առաջնահերթ, և ադրբեջանական կողմի հետ որևէ երկխոսություն պետք է ծավալվի նախ և առաջ այդ հարցի շուրջ։ Միջանցքը պետք է ազատ և անխափան գործի՝ ինչպես մարդկանց, այնպես էլ՝ բեռների ու մեքենաների երկկողմանի տեղաշարժի համար։
Եթե Ադրբեջանի իշխանություններն իրոք հետաքրքրված են Արցախի ժողովրդի ծանրագույն հումանիտար աղետի վերացմամբ ու ցեղասպանության կասեցմամբ, ապա պետք է ոչ թե կեղծ մարդասիրություն խաղան, այլ պարզապես չարգելեն Լաչինի միջանցքով Արցախի մատակարարումների վերականգնմանը, ինչպես նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և Արդարադատության միջազգային դատարանի հրամաններով»:
Նշենք, որ նախկինում ևս Արցախը հայտարարել է, որ դեմ է Ադրբեջանի առաջարկած Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը գործարկելուն, քանի որ Արցախի Հանրապետությունն արդեն ունի արտաքին աշխարհ դուրս գալու ճանապարհ՝ Բերձորի միջանցքը, որն Ադրբեջանի կողմից արդեն 261-րդ օրն է՝ արգելափակված է։