«Որևէ որոշում չի կայացվել, քննարկումները շարունակվում են». Արցախի նախագահի խոսնակը՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի մասին
Մի քանի օր է՝ մամուլը գրում է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է օգտվել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհից։ Ավելին՝ ըստ մամուլի, Արայիկ Հարությունյանն այս մասին առաջիկայում հայտարարելու է։
Չնայած այս հայտարություններին, 8 ամիս շրջափակման մեջ գտնվող արցախահայությունը հստակ հայտարարել է, որ երբեք չի օգտվելու այդ ճանապարհից, քանի որ պետք է ապաշրջափակվի Բերձորի միջանցքը։ Ավելին՝ մի խումբ քաղաքացիներ վերջերս նույնիսկ Ասկերանի մոտ փակել էին այդ ճանապարհը։
168.am-ը Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ են այդ լուրերը համապատասխանում իրականությանը, արդյո՞ք Արայիկ Հարությունյանը նման որոշում է ընդունել։
Լուսինե Ավանեսյանը մասնավորապես նշեց.
«Օգոստոսի 22-ին և 23-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փակ քննարկումներ է անցկացրել պետական, քաղաքական և հանրային տարբեր շրջանակների հետ, որոնց ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից լիակատար պաշարման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար և անվտանգային խնդիրները, Արցախի իշխանությունների անելիքները և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ տարբեր կենտրոններից ստացված միջնորդական առաջարկները: Որևէ որոշում չի կայացվել, իսկ քննարկումները շարունակվում են, և նախագահ Հարությունյանը առաջիկայում իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ»:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետությունն արդեն 255-րդ օրն է՝ շրջափակված է Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակելով դեպի Հայաստան տանող միակ ցամաքային ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, և ապօրինի անցակետ տեղադրելով Հակարիի կամրջի մոտ, թույլ չի տալիս որևէ հումանիտար բեռ տեղափոխել Արցախ, բազմաթիվ երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք պարզապես սովի են մատնված։