«Ըստ մեր ընթացակարգերի՝ իրավիճակին հետևում ենք». Զառա Ամատունի
Այսօր Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետից առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան եկող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.։
Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, մեկնում էր Երևան՝ ուսումը շարունակելու նպատակով:
Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ:
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Հակարիի կամրջից երեք հայ երիտասարդ է ձերբակալվել, իբրև «Ադրբեջանի դրոշն անարգելու համար», սակայն հայկական կողմը, Ալեն Սարգսյանից բացի, մյուս երկու հայ երիտասարդների առևանգման վարկածը դեռևս չի հաստատում։
168.am-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց, թե արդյո՞ք երեք հոգու է ադրբեջանական կողմն առևանգել, և նրանց հայրենիք վերադարձնելու համար ի՞նչ քայլեր են ձեռնարկվում։
«Մենք իրավիճակին հետևում ենք, որևէ բան հաստատել կամ հերքել մեր կողմից չեմ կարող, որովհետև միջադեպը տեղի է ունեցել ոչ մեր ներկայությամբ։ Կրկնում եմ՝ ըստ մեր ընթացակարգերի՝ իրավիճակին հետևում ենք։
Մեր իրավասությունը չէ հաստատել մեկ բան, որտեղ մենք ներկա չենք եղել»,- նշեց Զառա Ամատունին։