«Այս իրավիճակում մարդիկ տարբեր կերպ են խելագարվում. չեմ արդարացնում այդ երիտասարդներին, անկախ այն հանգամանքից, թե ով է երկրի նախագահը». Մետաքսե Հակոբյան
Երեկ գիշերը կրակոցներ են հնչել Ստեփանակերտում Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ։
Այսօր առավոտյան Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը դեպքի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ոստիկանության ծառայողները պարզել են, որ գիշերը, ժամը 03:00-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ և ոգելից խմիչքների ազդեցությամբ՝ վերջիններս գնացել են նախագահի նստավայր և կրակոցներ արձակել շենքի և տարածքում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների ուղղությամբ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական կոմիտե։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ կրակոցներ արձակածները Ստեփանակերտի երկու բնակիչներ են, երկուսն էլ՝ նախագահի նստավայրին մոտ գտնվող շենքերի բնակիչներ։
«Այս իրավիճակում մարդիկ տարբեր կերպ են խելագարվում։ Ինքս չեմ արդարացնում այդ երիտասարդներին, անկախ այն հանգամանքից, թե ով է երկրի նախագահը, որքան է անկարող ու որքանով է համագործակցում Հայաստանի ղեկավարի հետ, նման արարքն անթույլատրելի է։ Կարելի է բողոքը տարբեր ձևերով արտահայտել, բայց ոչ այդ ձևով։
Այդուհանդերձ, սրա նախադեպը կա, եթե երկրի նախագահի կողմնակիցը կարող է զինված ներխուժել երկրի ԱԺ ու հաշիվներ պահանջել և հետո ուղիղ եթերի միջոցով հոխորտալ ու ահաբեկել քաղաքական ուժերին ու քաղաքական գործիչներին։ Հետևաբար, եթե երկրի քաղաքացին տեսնում է, որ նախագահը նման արարքներ է թույլ տալիս, անպատիժ է մնում, և նույնիսկ նրան դիտողություն չեն անում դրա համար, հետևաբար՝ մտածում է, թե իրենք ինչու չեն կարող այդպես անել։ Այդ իշխանությունն է դրա նախադեպը ստեղծել»,- շեշտեց Մետաքսե Հակոբյանը։
Ըստ պատգամավորի, եթե այսօր քայլեն Ստեփանակերտում, ապա չեն հավատա, որ դա նախկին Ստեփանակերտն է, որը տեսել են, մարդկանց երեսին նայել չի լինում, հյուծված ու տանջված են։
«Իմ տղայի ընկերներն ամբողջ գիշերը հացի հերթ են կանգնել, լուսադեմին դատարկաձեռն տուն վերադարձել։ Այսօր ասում ենք՝ դպրոցները բացենք, բայց, օրինակ, զոհվածի որդին, ում վրա է մնացել տան հոգսը, հացի հերթեր կանգնելը, ինչպե՞ս հասցնի դպրոց գնալ։ Ուղղակի այս իրավիճակում իշխանությունը թույլ է, չի կարողանում որևէ բան անել, ժողովուրդն ամեն տեղ միայնակ է մնացել, այդ միջադեպերն էլ հենց դրա հետևանքն են»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։