Արցախի նախագահի նստավայրը զինված հարձակման է ենթարկվել․ 2 անձ բերման է ենթարկվել
Արցախի Հանրապետության ոստիկանությունը օգոստոսի 28-ին, ժամը 03:05-ին հաղորդում է ստացել, որ Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20 փողոցում՝ Արցախի Հանրապետության նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել:
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից, դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը Մարտունի փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել անսթափ վիճակում գտնվող 2 քաղաքացու՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Տ.Հ.-ին (ծնված 1983թ.) և Ա. Ա.-ին (ծնված 1981թ.):
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գիշերը, ժամը 03:00-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ և ոգելից խմիչքների ազդեցությամբ՝ վերջիններս գնացել են նախագահի նստավայր և կրակոցներ արձակել շենքի և տարածքում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների ուղղությամբ: Նախապատրաստված նյութերը ուղարկվել է քննչական կոմիտե։
Փաստի կապակցությամբ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ։