Անակնկալ Խաչատուր Սուքիասյանի «FlyOne»-ի ուղևորներին. Check-in-ի համար պետք է վճարել հավելյալ 30 եվրո
2021թ. մարտի 18-ին պետական գրանցում ստացած «Ֆլայուան Արմենիա» (Fly One) ավիաընկերությունն արդեն հաջորդ օրը՝ մարտի 19-ին, դիմեց ՀՀ քաղավիացիայի կոմիտե՝ օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստանալու նպատակով: Հիշեցնենք, որ այս վկայականն է այն փաստաթուղթը, որն իրավունք է տալիս զբաղվել կոմերցիոն փոխադրումներով:
Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր, խոշոր գործարար, Նիկոլ Փաշինյանի թիմակից Խաչատուր Սուքիասյանի հետ փոխկապակցված ավիաընկերության կողմից ուղևորափոխադրումների մեկնարկից հետո պարբերաբար դժգոհություններ են հնչում թե սպասարկման որակի, թե ընկերության անպատասխանատվության վերաբերյալ: Մասնավորապես, հայտնի են դեպքեր, երբ «FlyOne Armenia» ավիաընկերության ուղևորները միայն թռիչքից քիչ առաջ՝ օդանավակայանում են տեղեկացել, որ իրենց թռիչքը չեղարկվել է:
Ի դեպ, այնքան շատ են նշված ավիաընկերությունից բողոքները, որ Քաղավիացիայի կոմիտեն մտածում է օրենսդրական լուծումներ գտնելու մասին:
Հատկանշական է, որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի համաձայն՝ «FlyOne Armenia»-ի դեմ մինչ օրս 5 հայցադիմում է ներկայացվել գումարի բռնագանձման պահանջով, որոնցից մեկով վճիռ է կայացվել հօգուտ հայցվոր ուղևորի:
Այսօր 168.am-ը հերթական ահազանգը ստացավ Երևան-Մոսկվա և Երևան-Քիշնև չվերթի ուղևորներից:
Պարզվում է, այս չվերթերի ուղևորները օդանավակայանում հանկարծ անակնկալ իմացել են, որ գրանցվելու (check-in անցնելու) համար պետք է հավելյալ վճարել 30 եվրո:
«Եվ սա այն պայմաններում, երբ տեղի ընտրության համար լրացուցիչ վճարվել է, իսկ օդանավակայանում պետք է հանձնես ուղեբեռը: Փաստացի ուղեբեռը ստանալու և գրանցման կտրոնը ստանալու համար հաճախորդից պահանջում են նշված գումարը»,- ասացին մեզ հետ կապ հաստատած ուղևորները:
Դրան գումարած, ըստ ուղևորների, նախապես հերթի մեջ գտնվող անձանց չեն տեղեկացնում լրացուցիչ գումար վճարելու պարտավորության մասին:
«Յուրաքանչյուր ուղևոր միաժամանակ երեք թռիչքների առկայության պայմաններում մոտենում էր գրանցման պատուհանին, ստանում վճարում կատարելու մասին ծանուցումը, բարձրանում ավիաընկերության գրասենյակ, վճարում ու հետ վերադառնում, որպեսզի կրկին հերթ կանգնի ու գրանցվի»,- ասացին նրանք:
Շուրջ մեկ ամիս առաջ էլ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն էր իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել «FlyOne Armenia»-ով թռչելու իր «տպավորիչ» փորձառության մասին:
Այնպես որ, որքան էլ ԱԺ ամբիոնից գովերգվի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ավիաընկերությունը, ուղևորներն իրենք են տալիս դրա գործունեության գնահատականը: