«Մայր Հայաստանը» խոստանում է կանխել հարձակումը եկեղեցու, ընտանիքի ինստիտուտների վրա
«Մայր Հայաստան» դաշինքը քաղաքացիների հետ կիրակնօրյա հանդիպումներից առաջ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ պատարագի։ Եկեղեցու մոտից քարոզարշավի մեկնարկը դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը խորհրդանշական է համարել, քանի որ Հայաստանի ղեկավարող քաղաքական թիմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երբ եկավ իշխանության, հարձակվեց ավանդական ինստիտուտների վրա՝ եկեղեցի, ընտանիք, մարդկային հարաբերություններ, արժեքներ։ Եվ պառակտեց հասարակությունը, մարդկանց հանեց իրար դեմ, բաժանեց սևերի-սպիտակների, հարևանը՝ հարևանի դեմ, բարեկամը՝ բարեկամի դեմ։
«Մենք ցույց ենք տալիս, որ դա անընդունելի մոտեցում է՝ ճիշտ հակառակ քաղաքականությունն ենք մենք իրականցնելու։ Նրանց, ովքեր կողմ են մեր հասարակության միավորմանը, տեղեկացնում ենք, որ համախմբման մոտեցումը պետք է դոմինանտային դառնա»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։
«Մայր Հայաստանի» օրակարգը վերաբերելու է Հայաստանի ու Արցախի խնդիրներին, Երևանը Էրիվան չդառնալու խնդիրներին։
«Մենք համոզված ենք, որ մեր հասարակությունը վերցնելու է այդ թեզը և գնալու է ընտրության»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։ Ըստ նրա` դաշինքն ամեն ինչ անում է, որ ամբողջական իշխանափոխության գաղափարն օրակարգային դառնա, որովհետև մեր երկրում թիվ մեկ հարցը համարում է անվտանգությունը։