ԼՂ հայերը մոտ ապագայում կարող են լուրջ ֆիզիկական կամ հոգեկան վնասներ կրել․ Խուան Մենդես

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի մարդու իրավունքների պրոֆեսոր Խուան Մենդեսը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունների պատվիրակությունների և բազմակողմ հումանիտար համագործակցության շահագրգիռ կողմերի մասնակցությամբ նիստին խոսել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի մասին։

«Լեռնային Ղարաբաղում ներկայումս տիրող իրավիճակում ես ցանկանում եմ նշել Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշման չիրականացումը որպես ցուցիչ, որը պահանջում է վաղ նախազգուշացում և հնարավոր ցեղասպանության կանխարգելում: Իմ վերլուծությունների էպիկենտրոնում միջազգային հանրության կանխարգելման պարտականություններն են:

Լաչինի միջանցքի կանխամտածված շրջափակումը, ընդդեմ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշման, ազդարարում է այն մեծ հավանականության մասին, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը մոտ ապագայում կարող են «լուրջ ֆիզիկական կամ հոգեկան վնասներ կրել» (Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի «բ» կետ):

Ներկայացվող արդարացումները, շրջափակման ժխտումը և այլընտրանքային ճանապարհների առաջարկը՝ սնունդ տրամադրելու նպատակով, հաստատում են Ադրբեջանի բացահայտ չենթարկվելը Միջազգային դատարանի որոշմանը։

Ինչպես ես եմ հասկանում, փաստերը հետևյալն են.

2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը ստորագրեցին Եռակողմ հայտարարություն, որով վերջ դրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմին՝ սահմանելով հատուկ համաձայնություն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնություն), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև հաղորդակցությունը… հինգ տարի ժամկետով կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով՝ երկու ուղղություններով»։

2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել. «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորություններին համապատասխան, Ադրբեջանի Հանրապետությունը ձեռնարկում է իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը՝ Լաչինի միջանցքի երկայնքով՝ երկու ուղղություններով՝ մինչև գործի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը»։ Որոշումը վերահաստատվել է 2023 թվականի հուլիսի 6-ին։

Արդարադատության միջազգային դատարանի Որոշումը կատարելու փոխարեն՝ Ադրբեջանի անվտանգության ուժերը մարտ ամսից արգելափակել են Լաչինի միջանցքը, իսկ հունիսից փակել են Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի՝ Հայաստանի հետ կապող ցանկացած ճանապարհ։

Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Ադրբեջանին զգուշացնում է. շրջափակման հետևանքով հայերի համար ստեղծված «առողջությանն ու կյանքին» սպառնացող «իրական և անմիջական ռիսկի» մասին»,- ասել է Մենդեսը։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդականի խոսքով՝ Ադրբեջանն անտեսել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, ԱՄՆ պետքարտուղարի և Ֆրանսիայի նախագահի կոչերը՝ կատարել Արդարադատության միջազգային դատարանի՝ պարտադիր ուժ ունեցող որոշումը և բացել Լաչինի միջանցքը։

«Բացի այդ, Ադրբեջանի պաշտոնյաներն ու փորձագետները հերքում են փաստերը և առաջարկում են այլընտրանքային ճանապարհներ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար՝ դրանով իսկ վերահաստատելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման մերժումը։

Այս հանգամանքներում, ըստ իմ դիտարկումների, վերը շարադրված փաստերը բավարար պատճառ են միջազգային հանրության վաղ նախազգուշացման, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը գտնվում է «լուրջ ֆիզիկական կամ հոգեկան վնասի» վտանգի առջև։ (Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի բ կետ):

Ցեղասպանության կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվել են կանխել հանցագործությունը, և միջազգային հանրությունը պետք է իրականացնի իր պարտավորությունները՝ պաշտպանելու այդ բնակչությանը։

Այս եզրակացության մեջ ես առաջնորդվում եմ 1948թ. Ցեղասպանության կանխարգելման մասին կոնվենցիայով՝ ցեղասպանությունը կանխելու պարտավորության վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կողմից Բոսնիան ընդդեմ Սերբիայի գործով ընդունված իրավական նախադեպով: Այդ դեպքում Արդարադատության միջազգային դատարանը հաստատեց, որ բոլոր պետությունները պարտավոր են կանխել ցեղասպանությունը։ Այդ պարտականությունները գերիշխող են այն դեպքերում, երբ պետությունը կարող է վճռականորեն ազդել իրավիճակի վրա՝ աշխարհագրորեն մոտ լինելու, տեղում գործող դերակատարների հետ մշակութային կամ քաղաքական կապերի, տարածքի վերահսկողության, տրանսպորտային միջոցների, հաղորդակցության և այլնի պատճառով:

Սրեբրենիցայի գործով Արդարադատության միջազգային դատարանը պարզեց, որ Սերբիան, ի թիվս այլ գործոնների, խախտել է ցեղասպանությունը կանխելու իր պարտավորությունը, քանի որ հրաժարվել է դատական գործընթացների ժամանակ համագործակցությունից: Համեմատության համար, Միջազգային դատարանի կողմից տրված պարտադիր միջանկյալ միջոցի բացակայությունը, որը արձակվել է հենց ռիսկի տակ գտնվող բնակչությանը պաշտպանելու համար, առնվազն նույնքան խիստ նախազգուշացում է, որքան դատական գործընթացներում հետաքննության հետ համագործակցելուց հրաժարվելը»,- եզրափակել է Մենդեսը։

Տեսանյութեր

Լրահոս