Դանիայում կներկայացվի օրինագիծ, որն արգելում է այրել Ղուրանը և Աստվածաշունչը
Դանիայի իշխանությունները հայտարարել են, որ կներկայացնեն օրինագիծ, որն արգելում է կրոնական տեքստերը պղծել հասարակական վայրերում: Այդ մասին տեղեկանում ենք «Associated Press» գործակալությունից:
«Օրինագիծը պատժելի կդարձնի, օրինակ՝ Ղուրանի կամ Աստվածաշնչի հրապարակային այրումը: Դա կվերաբերի միայն հասարակական վայրերում գործողություններին կամ ավելի լայն շրջանակում տարածման նպատակով իրականացվող գործողություններին», – լրագրողներին հայտնել է երկրի արդարադատության նախարար Պիտեր Հումելգաարդը:
Պլանավորվում է, որ օրենքի խախտումը կպատժվի տուգանքներով կամ մինչև երկու տարի բանտարկությամբ։
Դանիայում արդեն գործում է օտարերկրյա դրոշների այրումը արգելելու մասին օրենքը։
Ամռանը Դանիայում բազմաթիվ ակցիաներ են անցկացվել ծայրահեղ աջ ազգայնականների մասնակցությամբ, որոնք հանրության առջև այրել են մուսուլմանների համար սուրբ գիրքը։ Ղուրանի այրմամբ ակցիաներ են տեղի ունեցել նաև Շվեդիայում։ Սա խիստ զայրույթ է առաջացրել մուսուլմանական երկրներում։