Ճամպրուկային տրամադրություն, փախուստ, կամ՝ Արման Դիլանյանի և Վահե Գրիգորյանի մշուշոտ ապագան. 2024 թվականը սարերի հետևում չէ
Մյուս տարի՝ 2024թ. հունիսին ավարտվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանից ներկայացված դատավոր, նախկին օմբուդսման Արմեն Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, և արդեն սեպտեմբերին ՄԻԵԴ-ում Հայաստանը կներկայացնի այլ դատավոր, քանի որ Արմեն Հարությունյանն իր պաշտոնը ստանձնել է հենց սեպտեմբերին:
Սա նշանակում է, որ արդեն հիմա Հայաստանում իշխանությունները զբաղված են նոր դատավորի փնտրտուքներով, որին երեք հոգանոց հավակնորդների ցուցակի կազմում կներկայացնեն Եվրոպառլամենտի դատին, քանի որ հենց եվրոպացի պատգամավորներն են ընտրելու ՄԻԵԴ դատավորին:
Հաշվի առնելով աշխատանքի բնույթը, ներհայաստանյան քաղաքական ինտրիգներից հեռու լինելու և դրանցում անփառունակ դերակատարություն չստանձնելու մղումը, ինչպես նաև երաշխավորված երկարատև ու բավականին բարձր վարձատրվող աշխատանքը՝ ՄԻԵԴ դատավոր դառնալ ցանկացողները, բնականաբար, քիչ չեն, թեպետ որակական առումով մեծ ընտրություն, իհարկե, չկա:
Մամուլն արդեն գրել է, որ ՄԻԵԴ դատավոր դառնալու հավակնություններ ունեն Սահմանադրական դատարանի (ՍԴ)՝ իշխանությունների սրտի դատավոր Վահե Գրիգորյանը, ով Ազգային ժողովի ամբիոնից հոխորտում էր, որ ՍԴ կգնա միայն նախագահի պաշտոնում, տևական ժամանակ աշխատավարձ էր ստանում, բայց չէր աշխատում, այսինքն՝ աշխատանքի չէր գնում, անում էր քաղաքական հայտարարություններ և, առհասարակ, ընդգծված քաղաքական կողմնորոշում ունի, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը, ով հանրության մեջ ավելի շատ հայտնի է՝ որպես իրեն չենթարկվող դատավորների լիազորությունները դադարեցնող առաջամարտիկ, ստվերային պայմանավորվածությունների և հանդիպումների աննկուն մարտիկ:
168.am-ի տեղեկություններով՝ ՄԻԵԴ դատավոր դառնալուն դեմ չէ նաև փաստաբան, Ամերիկյան համալսարանի դասախոս Արման Զրվանդյանը, ով նաև լիազորությունները դադարեցված դատավորների ներկայացուցիչն է ՄԻԵԴ-ում, ինչպես նաև «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, փաստաբան, սահմանադրական փոփոխությունների խորհրդի անդամ Տիգրան Եգորյանի կինը՝ Լուսինե Հակոբյանը: Ավելի ճիշտ՝ Լուսինե Հակոբյանը կներկայացվի որպես կին, Վահե Գրիգորյանին այլընտրանքային թեկնածու, եթե հանկարծ Եվրապառլամենտը հավանություն չտա նրա թեկնածությանը, ինչը խիստ հավանական է:
Կարեն Անդրեասյանի հնարավորությունները նույնպես բարձր չեն գնահատվում՝ հաշվի առնելով այն սկանդալները, որոնց մեջ վերջինս պարբերաբար հայտնվում է՝ կասկածի տակ դնելով ու վտանգելով եվրոպական մոտեցումները մասնավորապես անկախ դատական համակարգի վերաբերյալ:
Եղիշե Կիրակոսյանը կարող է դառնալ Հայաստանից ներկայացված հաջորդ ՄԻԵԴ դատավորը, եթե իշխանությունները վերջնական որոշում չունենան Վահե Գրիգորյանի վերաբերյալ:
Դեռ ժամանակ կա, և որոշ ժամանակ անց, իհարկե, ավելի կնեղանա թեկնածուների շրջանակը, և կհստակեցվի կոնկրետ անունը: Փաստ է, որ այս պահի դրությամբ պատկերն անմխիթար է, թեպետ Հայաստանում կան անուններ, ովքեր արժանիորեն կներկայացնեին Հայաստանը ՄԻԵԴ-ում, սակայն դա այլ օպերայից է, քանի որ այս իշխանությունների համար գոյություն չունի պետական շահ, և դժվար է հավատալ, որ իրենց դուդուկի տակ չպարող որևէ կոմպետենտ անձի թեկնածության նրանք հավանություն կտան ու կներառեն հավակնորդների ցուցակում:
Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Արման Դիլանյանին, նա ևս, մեր տեղեկություններով, իր պաշտոնը լքելու մտադրություն ունի, եթե, իհարկե, հաջողվի դառնալ ԵԱՏՄ դատարանի դատավոր, ինչին ձգտում է հասնել:
Կարելի է հասկանալ Արման Դիլանյանին. առջևում «Խաղաղության պայմանագիր» կոչվածի անխուսափելի գիլիոտինն է՝ ՍԴ-ում քննության տեսքով: Միայն թե պարզ չէ՝ Արման Դիլանյանը ԵԱՏՄ դատարանի դատավորի պաշտոնը կստանա որպես պարգև վավերացումն անցկացնելու համա՞ր, թե՞ կփորձի կխուսափել դրան մասնակից դառնալուց՝ ինչ-որ կերպ տեղավորվելով ԵԱՏՄ դատարանում: