Կրեմլում հերքել են Պրիգոժինի ինքնաթիռի կործանման հետ իրենց առնչությունը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «բացարձակ սուտ» է որակել այն պնդումները, թե, իբր, Կրեմլը կարող էր մասնակից լինել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի կործանմանը։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։

«Այժմ, իհարկե, շատ են շահարկումները այս ավիավթարի և ինքնաթիռի ուղևորների, այդ թվում՝ Եվգենի Պրիգոժինի ողբերգական մահվան շուրջ։ Իհարկե, Արևմուտքում այս բոլոր շահարկումները մատուցվում են որոշակի տեսանկյունից։ Այս ամենը բացարձակ սուտ է: Այս խնդիրը լուսաբանելիս, անշուշտ, հարկավոր է հիմնվել բացառապես փաստերի վրա», – ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով համապատասխան պնդումները։

Պեսկովի խոսքով՝ Պրիգոժինի մահը հաստատող փորձաքննության արդյունքներ դեռ չկան։

«Եթե ուշադիր լսել եք ՌԴ նախագահի երեկվա հայտարարությունը, նա ասաց, որ այժմ պետք է կատարվեն բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, այդ թվում՝ գենետիկական։ Պաշտոնական արդյունքներ (դեռ չկան): Հենց դրանք պատրաստ լինեն հրապարակման, կհրապարակվեն», – ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ առայժմ վաղ է խոսել այն մասին՝ արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա կգտնվի Պրիգոժինի հուղարկավորությանը, եթե ավիավթարում նրա մահը հաստատվի։

Օգոստոսի 23-ին Տվերի մարզում կործանվել էր «Embraer» ինքնաթիռը, որը «Շերեմետևո»-ից Սանկտ Պետերբուրգ էր թռչում։ Այնտեղ գտնվող բոլոր 10 անձինք զոհվել են։ Ուղևորների ցանկում կար նաև Եվգենի Պրիգոժինի անունը։ Ինքնաթիռը գետնին բախվելիս այրվել է, այն թռիչքի մեջ է եղել կես ժամից էլ քիչ։

Տեսանյութեր

Լրահոս