Մեկնարկել է Արա Մխիթարյանի գործով Տրդատ Սարգսյանի դեմ ցուցմունք տված սպաների դատական նիստը. ՈՒՂԻՂ

Հուլիսի 27-ին, շուրջ 4 տարի անգիտակից վիճակում գտնվելուց հետո, փոխգնդապետ Արա Մխիթարյանը մահացավ: Փոխգնդապետը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Գործով մեղադրանք էր առաջադրվել Վայոց ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին, մեղադրյալի կարգավիճակում էր նաև նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց պաշտոնից հրաժարական էր տվել Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների և որոշ վկայությունների՝ դեպքի վայրում է եղել և անմիջական մասնակցություն ունեցել միջադեպին: Այդուհանդերձ Տրդատ Սարգսյանին մեղադրանք չէր առաջադրվել. Քննչական կոմիտեն հայտնել էր, թե Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Ավելին՝ սպաները, որոնք ցուցմունք էին տվել վերջին դրվագի առնչությամբ, այսօր մեղադրվում են սուտ մատնության մեջ:

Դատարանում սպաներից մեկը լրագրողի հետ զրույցում անդրադառնալով այս գործընթացով պայմանավորված՝ իր զինծառայության կասեցման հանգամանքին՝ նշեց. «Ցավում եմ, որ մահացել է փոխգնդապետ Արա Մխիթարյանը: Ցավում եմ, որ պետք է կասեցվի իմ պաշտոնավարումը մինչև նոյեմբեր ամիսը. դա միայն ինձ համար չէ, ես սիրում եմ իմ ծառայությունը, և այդ անհիմն որոշման հետ կապված՝ ստիպված տուժելու են ընդհանուր շահերը»:

Նա պնդեց՝ ցուցմունքում ասել է այն, ինչ տեսել է՝ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը ներկա է եղել միջադեպին:

Օրերս տեղեկացել էինք նաև, որ 2019 թվականի սեպտեմբերի 17-ի գիշերը Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ «Հրապարակին» նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Կարդացեք նաև

Լրատվամիջոցի ձեռքի տակ էր հայտնվել Ռազմական ոստիկանության Վայքի բաժնի պետ, գնդապետ Է․ Սարգսյանի դիմումը՝ ուղղված Ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանին և ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետ Մեսրոպ Նիկողոսյանին, որում Սարգսյանը ներկայացնում է, թե օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ինչ է պարզվել, և ինչ ցուցմունքներ են տվել վկաները։

«2019 թ.-ի սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքի Արսենյան 5 շենքի բակում տեղի ունեցած վիճաբանությանը, ըստ ձեռք բերված տեղեկությունների, մասնակցել են Վայոց ձորի մարզի բնակիչներ Մուշեղ Գագիկի Ներսիսյանը՝ ծնված 20.06.1986թ. բն. հաշ, ք. Եղեգնաձոր Միկոյան 8 շենք բնակարան 39, Զավեն Արամի Գրիգորյանը՝ ծնված 23.11.1989թ. Վայոց ձորի մարզ գ. Արին 1 փողոց 1 տուն, Հարություն Արամի Գրիգորյանը` ծնված 20.02.1901թ. Վայոց ձորի մարզ գ. Արին 1 փողոց 1 տուն և Վայոց ձորի մարզի մարզպետ Տրդատ Նորիկի Սարգսյանը՝ ծնված 19.01.1989թ. ք. Երևան Ծարավ Աղբյուրի փողոց 55/5 շենք, բնակարան 118, որը միջոցներ չի ձեռնարկել առաջացած վիճաբանությունը կանխելու ուղղությամբ, այլ հակառակը՝ հրահրել է, նույնիսկ վնասվածք ստացած փոխգնդապետ Արա Մխիթարյանին օգնություն չի ցուցաբերել։ Հարություն Գրիգորյանի զանզով Արսենյան 5 շենքի բակ են եկել վերը նշված քաղաքացիական անձինք՝ մարզպետ Տ. Սարգսյանի գլխավորությամբ: Նշված դեպքին ականատես է եղել Եղեգնաձոր քաղաքի Շահումյան 19 շենքի 1-ին բնակարանի բնակիչ Մարիամ Հունանի Հունանյանը։ Եղեգնաձոր քաղաքի Արսենյան 5 շենքի հարակից տարածքներում, այդ թվում դեպի շենք տանող մոտակա ավտոճանապարհների վրա աոկա են Նարեկացի 181 հասցեում գտնվող, Գոհար Հարությունյանին պատկանող սրճարանի, Միկոյան 1/01 հասցեում գտնվող Արմեն Հովհաննիսյանին պատկանող սննդի վաճառակետի, Շահումյան 20/1 հասցեում գտնվող «Հագուստի աշխարհ» խանութ-սրահի և Նարեկացի 6/4 հասցեում (varks.am) վարկային կազմակերպության տեսախցիկները: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություն է ստացվել նաև, որ վիճաբանության մասնակիցներից Հարություն Գրիգորյանը ծեծկռտուքի ժամանակ օգտագործել է մահակի նմանվող առարկա, որով հարվածել է Ա. Մխիթարյանին: Նշված փաստը հաստատել են սպաներ Լևոն Հարությունյանը, Ժորա Բաղդասարյանը, Մխիթար Մելքոնյանը և ականատես Մարիամ Հունանյանը: ՀՀ ՊՆ 27527 զորամասի զինծառայող ավագ լեյտենանտ Ժորա Բաղդասարյանի հետ տարված օպերատիվ զրույցների ժամանակ վերջինս հայտնել է, որ դեպքից հետո իրեն կանչել է փայտամշակմամբ զբաղվող Արման Խաչատրյանը և խնդրել, որ Հարությունի և իր կողմից կանչված տղաների վերաբերյալ, ինչպես նաև կռվի մասին լիարժեք պատկեր չնկարագրի։ Մարիամ Հունանյանի հետ տարված օպերատիվ զրույցի ժամանակ, որը դեպքին ականատես է եղել, տեղեկություն է ստացվել, որ կռվի ժամանակ Հարություն Գրիգորյանի ձեռքում գտնվող փայտե մահակը՝ բիտան, գետնին ընկնելուց հետո վերցրել է նրա եղբայր Զավեն Գրիգորյանը և հարվածել է Ա. Մխիթարյանին ընկած ժամանակ: Վերջինս հայտնել է նաև, որ կռվից հետո Վայոց ձորի մարզպետ Տ.Սարգսյանը ներկաներին ասել է՝ «մենք գնացինք, ուշքի կգա»»,- նշված է եղել դիմումում:

Պարզվել է նաև, որ դեպքին մասնակից է եղել Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Արման Վարդանի Վարդանյանը, որին ճանաչում են՝ որպես «գիթառիստ Արման»։

Ըստ ձեռք բերված տեղեկությունների՝ դեպքի վայրում կանգնած է եղել Տոյոտա Քեմրի մակնիշի 01 ZU 002 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որը գրանցված է ք. Մասիս 9-րդ փողոց 1718 հասցեի բնակիչ Գևորգ Բաղդասարի Պետրոսյանի անունով, որով հնարավոր է դեպքի վայր եկած լինի Վայոց ձորի մարզպետ Տ.Սարգսյանը՝ երեք անձանց հետ միասին։ Վկա Մարիամ Հունանյանի հարցաքննությունից հետո 21.09.2019թ. երեկոյան ուշ ժամի, նրա բջջային հեռախոսահամարին՝ փակ համարով զանգահարել և սպառնացել են «վերջդ վատ կլինի», ինչի մասին զանգահարել և հայտնել է ՀՀ ոստիկանության 1-02 հեռախոսահամարով, ըստ իր ենթադրությունների՝ հնարավոր է, որ իրեն զանգահարողը լինի կռվի մասնակիցներից մեկը: 18.09.2019թ. դեպքից հետո Հարություն Գրիգորյանը Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ հանդիպել են ՀՀ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, գնդապետ Գրիգոր Գրիգորյանին։ Եղեգնաձոր քաղաքի Արսենյան 5 շենքի հարակից տարածքներում, այդ թվում՝ դեպի շենք տանող մոտակա ավտոճանապարհների վրա առկա է նաև ՀՀՈ Վայոց ձորի մարզային վարչության տարածքում տեղադրված տեսախցիկները»,- ասված է Է․ Սարգսյանի դիմումում։

Հիշեցնենք նաև, որ դաժանաբար ծեծի ենթարկված փոխգնդապետ Մխիթարյանի գործով Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին մեղադրանք չի առաջադրվել։ Քննչական կոմիտեն հայտնել էր, թե Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել երկու անձի, որոնցից մեկը՝ Զավեն Գրիգորյանի նկատմամբ նախաքննական մարմնի որոշմամբ հետապնդումը դադարեցվել է, իսկ Հարություն Գրիգորյանի վերաբերյալ դրվագն անջատվել և ուղարկվել է դատարան։ Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, Հարություն Գրիգորյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար և դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։ Հարություն Գրիգորյանին մեղսագրվող 118-րդ հոդվածով՝ ծեծի դրվագով, վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։

Տեսանյութեր

Լրահոս