«Երդվում եմ»․ Նիկոլ Փաշինյանի վերջին ուղերձն Ալիևին
Նիկոլ Փաշինյանի հակաարցախյան ու հակահայաստանյան ողջ քաղաքականությունը հիմնված է հայտնի օվերտոնի պատուհանի սկզբունքի վրա, երբ նա կամ անձամբ, կամ իր քարոզչազինվորների միջոցով հրապարակային դաշտ է նետում որևէ անընդունելի, զարհուրելի, նողկալի տեղեկություն, որը նույն կոնտինգենտի շրջանառության, բայց նաև իրական ու ոչ իրական ընդդիմադիրների քննադատության միջոցով ժամանակի ընթացքում դառնում է ականջի համար սովորական երևույթ, ինչից հետո էլ՝ իրականություն։
Այդպես է եղել «դժբախտ ու դժգույն Շուշիի», «ձյունածածկ սարերի», «Էյվազլիի» ու մյուս բնակավայրերի, Արարատ լեռան ու ՀՀ զինանշանի, հիմա արդեն՝ Անկախության հռչակագրի պարագայում։
Կառավարության վերջին նիստում, սակայն, Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն, արդեն առանց ձևականությունների լծվել է Ադրբեջանի հակաարցախյան, Արցախը հայաթափելու քաղաքականության վերջին փուլի իրագործմանը՝ հայտարարելով, թե «մեզ հավաստի տեղեկություններ են հասել, որ ծրագրեր կան ԼՂ-ից ելք թույլ տալու և մուտք թույլ չտալու ուղղությամբ»։ Նիկոլ Փաշինյանը, որ իր կարիերան կերտել է «հավաստի տեղեկություններով»՝ որպես կանոն, կեղծ տեղեկատվություն տարածելու միջոցով, հիմա նույն մեթոդով կատարում է Արցախի հայաթափման ինֆորմատորի գործառույթը։
Հասկանալի է, որ 9 ամիս շրջափակման մեջ գտնվող արցախահայերի մեծ մասի համար այս «հավաստի տեղեկություններն» առնվազն մտածելու նյութ են դառնալու, մարդիկ ընտանիքներում քննարկելու են՝ արդյոք, եթե Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացվի, պե՞տք է լքել Արցախը, թե՞ ոչ, նրանցից շատերը, ցավոք, բայց մարդկայնորեն հասկանալի՝ հեռանալու որոշում են կայացնելու։ Այդ գործընթացն Արցախում խմորվելու է այնքան ժամանակ, մինչև Արցախի փաշինյանական կուրատորները զեկուցեն, որ բնակչության անհրաժեշտ մասը պատրաստ է տեղահանության և համապատասխան խողովակներով կամ գուցե ժամանակին հպարտորեն ներկայացվող Բաքվի հետ ուղիղ կապի միջոցով տեղեկացնեն, որ Լաչինի միջանցքը կարելի է արդեն միակողմանիորեն բացել։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հիմա իրականացնում են համատեղ «բացում» օպերացիան. առաջինը զբաղված է օվերտոնի պատուհանը բացելով, մինչև ճիշտ պահին երկրորդը միակողմանիորեն կբացի Լաչինի միջանցքը՝ փակելով Արցախի փրկության անգամ տեսական հնարավորությունը։
Նիկոլ Փաշինյանը, ինչպես ինքն է սիրում ասել, անհոգնել, հերթականությամբ կատարում է Իլհամ Ալիևի բոլոր պահանջները՝ Արցախից հայկական զինված ուժերի դուրսբերումից մինչև արցախահայերին «քաղաքացի» դիմելաձևի փոխարեն՝ «բնակիչ» անվանելով։ Ալիևի գլխավոր պահանջներից մեկը, ինչպես հայտնի է, արցախահայերի կողմից կամ Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելն է, կամ Արցախը լքելը։
Արցախահայերն իրենց վճռական կեցվածքով ցույց են տվել, որ առաջին տարբերակը բացառվում է, հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանն անցել է Արցախը հայաթափելու Պլան Բ-ին և առայժմ կյանքի է կոչում դրա տեղեկատվական-գովազդային բաղադրիչը։ Բացառված չէ, որ ինչ-որ մի պահից նա խաղաքարտերը բացի մինչև վերջ և հայտարարի, որ Հայաստանի կառավարությունը՝ արցախահայերի մասին հոգածությունից դրդված, պատրաստ է անվճար ավտոբուսներ տրամադրել՝ Հակարիի կամրջից արցախահայերին դեպի Հայաստանի տարբեր բնակավայրեր տեղափոխելու համար։
Եվ երբ այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, ինչպես նախորդ բոլոր նիստերին, ընդգծում է «Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին», դա ոչ այլ ինչ է, քան ուղղակի երդում Ադրբեջանի, Իլհամ Ալիևի առաջ՝ առ այն, որ նա հավատարիմ է մինչև վերջ Ադրբեջանի պահանջները կատարելու խոստմանը, որովհետև «խաղաղության օրակարգ» կոչվածն իրականում ամբողջությամբ ադրբեջանական օրակարգ է՝ Ալիևի բոլոր պահանջների վերջնական կատարման պայմանով։
Հարություն Ավետիսյան