Իմ անվտանգությունը Թուրքիայում և Ադրբեջանում երաշխավորված չէ, բայց Հայաստանում ո՞վ պիտի խաթարի Հայաստանն ու Արցախը պաշտպանող մարդու անվտանգությունը. Մուրադ Փափազյան
Երևան քաղաքի վարչական դատարանում երեկ՝ օգոստոս 21-ին, տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն ընդդեմ Հայաստանի գործով հերթական նախնական նիստը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2023 թ. հուլիսի 13-ին Մուրադ Փափազյանին արգելել էին մտնել Հայաստան՝ նրա անունը ներառելով ՀՀ համար անցանկալի անձանց ցանկում։
Նախնական դատական նիստի ժամանակ դատավորը որոշում կայացրեց հաջորդ դատական նիստին Մուրադ Փափազյանի ներկայությունն ապահովել տեսակապի միջոցով։
168.am-ի խնդրանքով անդրադառնալով դատական գործընթացներին՝ Մուրադ Փափազյանը նախ նշեց, որ օգոստոսի 21-ի նիստին սպասում էր անհամբեր, ապա տեղեկացրեց՝ Երևանի Դատարանը Հայաստանի Անվտանգության ծառայություններին 2 շաբաթ ժամանակ է տվել ներկայացնելու այն պատճառները, որոնց հիման վրա արգելվել է իր մուտքը Հայրենիք:
«Հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը Հայաստան մուտքի արգելքս ահավոր ցնցեց ինձ, և անսահման տխրություն ապրեցի: Գիտեմ, որ այս որոշումը կայացրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը, որ չի կարող ընդունել՝ մի սփյուռքահայ քննադատի իր վարած քաղաքականությունն այսօր։
Ես մի քանի անգամ ուղղակի ու բարձրաձայն արտահայտվել եմ՝ ընդգծելով մեր տարակարծությունները՝ Արցախը Ատրպեջանին հանձնելու և դեպի Թուրքիա բացվելու առումով: Ես խստիվ դատապարտեցի Նիկոլ Փաշինյանի կողմից իր հանձնակատարի միջոցով Սփյուռքը տկարացնելուն միտող քայլերը՝ այն սփյուռքը, որը ղեկավարել և շարունակում է ղեկավարել հանուն Ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարը, հանուն Հայաստանի անվտանգության և Արցախի անկախության: Ո՞ւմ է ձեռնտու այս քաղաքականությունը: Ես նաև եղել եմ և մնում եմ մեր ազգային պայքարին նվիրված հանձնառու գործիչ,- մանրամասնեց ֆրանսահայ գործիչը՝ հիշեցնելով,- Փաշինյանն իշխանության հասավ՝ ծածանելով ազատության և ժողովրդավարության դրոշները, բայց, փաստորեն, ոտնահարեց այդ արժեքները, դրսևորեց բռնակալություն՝ պարտադրելով այս որոշումը»:
Անդրադառնալով գործով այս պահին առկա հանգամանքներին՝ Մուրադ Փափազյանը հավելեց՝ նիստին դատավորը հաստատել է, որ Անվտանգության ծառայությունները (ԱԱԾ) չեն ներկայացրել իրենց եզրակացությունները, որ իր հեռացման պատճառը չի փոխանցվել դատարան:
«Վերջինս ԱԱԾ-ին երկու շաբաթ ժամանակ է տվել՝ ներկայացնելու և պարզաբանելու համար իմ արգելքը: Մենք, մեկ տարի է՝ բացատրություն ենք պահանջում, բայց իրենք հայտնվեցին անհասկանալի հակասությունների մեջ։ Անշուշտ, պատճառ չկա: Ո՛չ մի պատճառ: Ոչի՛նչ, բացի քաղաքական տարակարծությունից, ինչը որ անընդունելի է ժողովրդավարութեան համար:
Փափագս էր՝ անձամբ ներկայանալ դատարան՝ ինքնապաշտպանության համար։ Փաստաբաններս միջնորդություն ներկայացրին այդ հարցով, սակայն դատավորը մերժեց՝ համարելով, որ իմ անվտանգությունս երաշխավորված չէ։
Իմ ապահովությո՞ւնը: Այո, ճիշտ է, իմ անվտանգությունը Թուրքիայի և Ադրբեջանի մեջ երաշխավորված չէ, բայց Հայաստանի մեջ ո՞վ պիտի խաթարի Հայաստանն ու Արցախը պաշտպանող մարդուն անվտանգությունը։ Մարդ, որ պաշտպանում է Հայաստանը, բայց քննադատում է ռեժիմը: Ուրեմն ես Հայաստանի մեջ այնքան վտանգի մե՞ջ եմ, որ դատավորը համարում է, թե պետությունն ի վիճակի չէ՞ ապահովելու անվտանգությունս… Առ այդ, դատավորը որոշեց, որ ես կարող եմ դատական նիստին մասնակցել տեսազրույցի միջոցով:
Երկու շաբաթից մենք կտեղեկանանք դատավարության օրվա մասին: Հանուն Հայաստանի արժանապատվության՝ ես ուզում եմ շահել այս դատը և վերականգնել վերադառնալու իմ իրավունքը։ Բայց եթե հանկարծ ականատեսը լինենք արդարադատության խախտումի, ապա չեմ վարանի իշխանությունների դեմ բողոքելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանին: Կհանդիպենք երկու շաբաթից»,- ամփոփել էր սփյուռքահայ գործիչը: