Իր ձեռքով Արցախը հանձնող Հայաստանն իրավունք չունի գոյություն ունենալու, դա դավաճանություն է՝ ամենամեծ մեղքը․ Ալիսա Գևորգյան
Նիկոլ Փաշինյանը չի կարող որոշել, թե հանուն ինչի է զոհվել իմ որդին և բոլոր այն տղաները, ովքեր իրենց կյանքը տվել են արցախյան առաջին, ապրիլյան և 44-օրյա պատերազմներում, նաև այս ամբողջ ընթացքում տեղի ունեցած բոլոր միջադեպերի հետևանքով։ Մեր բոլոր տղաները զոհվել են հանուն իրենց հայրենիքի և պետության, քանի որ նրանք զորակոչվել են՝ պաշտպանելու իրենց հայրենիքը, և թե ինչ կասի Նիկոլ Փաշինյանը՝ վաղուց այլևս հետաքրքիր չէ։ Եթե նրա կարծիքով՝ Արցախն Ադրբեջան է, ինչո՞ւ էր մեր որդիներին ուղարկում Ադրբեջան՝ ծառայելու։ Ինքն իր համար, երբ մենակ է մնում, թող այս հարցին պատասխանի։ Թող իր թիմակիցները, որոնք իբր նրան հավատում են, այդ հարցն ուղղեն նրան, թե ինչո՞ւ է մեր տղաներին տարել Ադրբեջան, զոհել Ադրբեջանում, այն էլ՝ հանուն ոչնչի։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց 44-օրյա պատերազմի հերոս Դավիթ Գևորգյանի մայրը՝ Ալիսա Գևորգյանը։
«Իմ որդին զոհվել է իր հայրենիքի համար, նա զորակոչվել է բանակ՝ պաշտպանելու իր հայրենիքը։ Ես հպարտությամբ եմ սպասել այն օրվան, երբ իմ որդին պիտի հագնի հայկական բանակի համազգեստը։ Երբ մեր իրականության մեջ ծնողներն իրենց զավակներին փորձում էին ազատել բանակից, ասում էին՝ ինչո՞ւ պիտի սրա կամ նրա համար ծառայի։ Իմ որդին 2019-ին է զորակոչվել, ես սրա իշխանությունը ոչ մի վայրկյան չեմ ընդունել, հպարտ եմ, որ մոլորվածներից չեմ, բայց երբևէ չեմ մտածել՝ ինչո՞ւ պիտի իմ որդին Նիկոլ Փաշինյանի համար գնա և ծառայի։ Նիկոլ Փաշինյանը շատ փոքր մարդ է իմ հայրենիքի և պետականության առաջ։ Որդիս կատարել է իր պարտքը, մենք չենք խուսափել, նա երբևէ չի մտածել, որ ինչ-որ մեկն իր փոխարեն պիտի գնա, իսկ ինքը՝ ճողոպրի»,- ասաց հերոսածին մայրը։
«Սրանց նմանները կգնան ու կգան, չնայած դժվար թե սրանց պես երկրորդը ծնվի այս արևի տակ, նման չարիք որևէ երկիր ունենա, բայց ինձ համար իմ որդին զոհվել է իր պետության ու հայրենիքի համար։ Ես շատ ուրախ էի, որ որդիս վեց ամիս ծառայեց ՀՀ-ում, մնացածը՝ Արցախի ՊԲ-ում, և ներքին ուրախություն ունեի, որ երկու հայկական պետությունների բանակում որդիս ծառայել է, գուցե դժվարություններ ուներ, բայց այդ մասին երբեք չի բարձրաձայնել։ Ցավալի է՝ այսօր այն մարդիկ, որոնք մեր տղաների արյան հաշվին են ապրում, օրինակ՝ ԱԺ նախագահը, հայկական բանակի մասին խոսում են՝ իբրև մի կառույցի, որտեղ իրենք քաղցած են եղել։ Այլ մեկը դժգոհում է, թե ծառայության տարիներին ներքնազգեստ չի ունեցել։ Նորմալ տղայի համար, որքան էլ դժվար է, վերադարձից հետո մնում են իր բանակային ընկերները, իր անցած դպրոցը, նա մարդ ու տղամարդ է դառնում, հոգու խորքում էլ չունի այն բարդույթը, որ ճողոպրել է բանակից, այլապես արդյունքում ունենում ենք սրանց պես չարիքներ՝ դասալիքների հոգեբանությամբ»,- նշեց Ալիսա Գևորգյանը։
Հերոսի մոր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանից վաղուց արդեն որևէ ակնկալիք չկա, հինգ տարին բավական էր՝ բացահայտելու նրան ամբողջ «շքեղությամբ», հասկանալու, որ նրա նյութն ու բովանդակությունն ատելությունն է, նրա մեջ այլ բան չկա․ «Ես չեմ կարող նրանից մեր երեխաների նկատմամբ սեր և հարգանք ակնկալել, եթե նա ատելության թիրախ է դարձնում իր որդուն։ Աշոտ Փաշինյանի «առևանգման» պատմությունից հետո անգամ նրա նախկին մոլի երկրպագուները կտրուկ շրջադարձ ունեցան, այդ տղայի նկատմամբ ատելությամբ լցվեցին, և այս միջադեպից հետո նույնիսկ այն մարդիկ, որոնք անգամ պատերազմից հետո չէին հասկացել, թե ի՞նչ աներ «խեղճ Նիկոլը», հարցնում էին՝ այդ ո՞վ էր այդ տղան, և նրա նկատմամբ ատելություն զգացին։ Եթե մարդ իր զավակին է դարձնում ատելության թիրախ՝ շատ լավ հասկանալով, թե ինչ էմոցիոնալ խնդրի հետ գործ ունի, և դա ինչ հետևանքներ կարող է ունենալ, ես կամ մյուս ծնողներն ի՞նչ կարող ենք ակնկալել այդ մարդուց»:
«Իր ձեռքով Արցախը հանձնող Հայաստանն իրավունք չունի գոյություն ունենալու՝ ո՛չ որպես պետություն, ո՛չ նույնիսկ որպես կոմպակտ բնակեցված հայերի համայնք։ Դա դավաճանություն է, այն ամենամեծ մեղքն է, և այդ դավաճանության համար եթե ոչ՝ օրենքները, ապա՝ երկինքը հաստատ իր հաշիվը պահանջելու է։ Մենք երկար տարիներ ինքնախաբեությամբ ենք ապրել՝ մեր միջավայրում ու մթնոլորտում, քիչ թե շատ մեզ նման մտածող մարդկանցով շրջապատված։ Միշտ ասում էին, թե հող հանձնողին կհանձնեն հողին, բայց պատերազմից հետո այն անձը, որը տապալել էր ամեն ինչ, իր պետությանը տարածքային կորուստներ ու զոհեր պատճառել, վերընտրվեց։ Կարծում էինք՝ հաղթանակած և իմաստուն ժողովուրդ ենք, բայց պարզվեց՝ մեր ամբոխը հաղթեց մեր ազգին»,- ամփոփեց Ալիսա Գևորգյանը: