Ինչ էլ լինի, հմուտ ձեռքերում կօգտագործվի, իսկ եզրահանգումը, կարծում եմ՝ իր մեջ պարունակելու է մեծ ռիսկեր. Լարիսա Ալավերդյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստի մասին

Այսօր արտգործնախարար Արարատ Միրզոյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որտեղ Հայաստանի դիմումի հիման վրա քննարկելու է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի  հարցը։

Հիշեցնենք՝ Արցախը շրջափակված է շուրջ 8 ամիս, բայց Հայաստանի կառավարությունը ՄԱԿ ԱԽ է դիմել միայն օգոստոսի 11-ին:

ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը միջազգային կառույցին ուշ դիմելը միակ մտահոգությունը չի համարում.  նա կարծում է, որ առհասարակ պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ սպասվող նիստից ու ընդունված որոշումներից:

«Չի լինում այնպես, որ հատվածական գործողություններով ստանաս արդյունք՝ այն էլ միջազգային հարաբերություններում,- 168.am-ի հետ զրույցում նշեց Լարիսա Ալավերդյանը, ապա մանրամասնեց, թե ինչու է մտահոգ սպասվող նիստից ու հնարավոր որոշումներից,- Դեռ Հաագա դիմելու ժամանակ ես ասել էի, որ չեմ կարծում՝ ճիշտ է, երբ միջազգային հանրության ուշադրությունն են հրավիրում զուտ մարդասիրական աղետի վրա, որովհետև դա կարող է բերել վատ հետևանքների։ Այդ պարագայում ՄԱԿ ԱԽ անդամ շատ պետությունների համար կաշխատի Ադրբեջանի փաստարկը, թե եթե խոսքը միայն աղետի մասին է, եթե սովամահ են լինում, թող ընդունեն «մարդասիրական օգնությունն Աղդամի ճանապարհով»:

Կարդացեք նաև

Այսինքն, զուտ այդ հումանիտար աղետն ընդգծելով՝ դուրս ես թողնում այն կարևորագույն խնդիրը, թե ինչու է Ադրբեջանը շրջափակման մեջ պահում Արցախը, և թե ինչու Արցախի Հանրապետությունը չի ընդունում այդ օգնությունն Աղդամի ճանապարհով:

Ես դրա համար շատ սպասելիքներ չունեմ, հակառակը, կարծում եմ՝ ինչ էլ լինի, հմուտ ձեռքերում կօգտագործվի, բայց այն մասը, որտեղ պետք է լինի եզրահանգումը, կարծում եմ՝ իր մեջ պարունակելու է մեծ ռիսկեր: Կարծում եմ, որ այդտեղ հնարավոր է՝ հենց պարտադրանք լինի, եթե խոսքը հենց աղետի մասին է, ապա պարտադիր է բացել Աղդամի  փակված ճանապարհը և ստանալ այդտեղից:

Նույն կերպ բավարար չէ, երբ միայն խոսում են ինքնորոշման իրավունքի մասին, որովհետև ինքնորոշվել կարելի է որևէ պետության ներսում. Արցախի դեպքը չի վերաբերում այդ դեպքերին, ինչպես, օրինակ, Կոսովոյի դեպքին»:

Այդուհանդերձ, իրավապաշտպանն արձանագրեց, որ այսօր օրակարգերում հայտնված բոլոր տեքստերում ցավալիորեն ճիշտ չի բնութագրվում ստեղծված վիճակը, և, որ անգամ հայկական կողմի կամ Հայաստանով մտահոգ մարդասերների տեքստերում խոսվում է ոչ թե ԼՂՀ բնակչության մասին, այլ Ադրբեջանում բնակվող հայ բնակչության:

«Այսինքն՝ այս տարիների ընթացքում՝ 1988 թվականից սկսած (չեմ ասում դեռ 1918-ից) մեկնարկած պայքարն ուղղակի զրոյացվել է. բոլորը հալած յուղի պես են ընդունում, որ ԼՂ հանրապետությունն ընդամենը տարածք է Ադրբեջանի կազմում, որտեղ ապրում են էթնիկ հայեր,- հավելեց Լարիսա Ալավերդյանը՝ իրավիճակը համարելով Հայաստանի գործող իշխանության վարքագծի ուղիղ հետևանք,- Այսօր Հայաստանը պետք է ԱԽ նիստում ներկայացնի ԼՂ իրավիճակը. այն Հայաստանը, որի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, արտգործնախարարն ասում են, որ ճանաչում են Ադրբեջանը այսքան քկմ-ով՝ ներառյալ Արցախը:

Բանավոր հայտարարությունները, որով հանդես է եկել հայտնի անձը, իրականում ոչ մի գին չունեն իրավաբանական տեսակետից, բայց միջազգային հարաբերությունների մեջ դրանք արդեն աշխատում են՝ ոչ միայն ի վնաս արցախահայությանը, ԼՂ Հանրապետության, այլև՝ ՀՀ»:

ՀՀ առաջին ՄԻՊ-ը վստահ է՝ պետք են գալու տասնապատիկ ջանքեր, որ կարողանանք ԼՂ Հանրապետության խնդիրը լուծել:

Ի դեպ, նա հենց պետության դիրքորոշումով է պայմանավորում երեկ ԵՄ դիտորդական առաքելության ակնհայտ վարքագիծը, որով փորձում էին չակցենտավորել Ադրբեջանին:

Իրավապաշտպանն այսօր Հայաստանում իրականացվողն անգամ դիտորդական առաքելություն չի համարում՝ նկատելով, որ դիտորդական առաքելությունը տվյալներ է փոխանցում այն պետությանը, որտեղ հրավիրվել է. «Մենք գիտենք, որ այդ առաքելությունը ոչ մի տվյալ Հայաստանին չի տալիս, և այդ առումով դրանք շատ պղտոր քայլեր են, և այս ամենը տեղի է ունենում այն դիրքորոշուման մթնոլորտում, որն ունի ՀՀ այսօրվա ղեկին կանգնած իշխանությունը»:

Տեսանյութեր

Լրահոս