Բաժիններ՝

«Ներկա իշխանությունների օրոք գյուղի բնակիչները երբևէ օգնություն չեն ստացել. վառելիքի ու սերմացուի օգնություն վերջին անգամ ստացել են դեռևս մինչև այս իշխանությունների գալը». «Փաստինֆո»

Սահմանամերձ գյուղերին անհրաժեշտ է անհատույց դիզվառելիք, սերմացու, որպեսզի կարողանանք այս եղած հողերը մշակել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի սահմանամերձ Տեղ համայնքի Արավուս գյուղի նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ հիմա բնակիչները վառելիք չունեն, որպեսզի կարողանան հունձքն իրականացնել։ Հունձքն իրականացվել է այս պահին առկա ցանքատարածքների միայն 60 տոկոսում։ Մյուս հատվածում աշխատելու համար միջոցները չեն բավականացնում։

«Գիտեք, մեր գյուղն այնպիսի վիճակում է, որ… արոտները կորցրել ենք։ Անասունները դեռ 2020 թվականին ենք վաճառել։ Էժան- մեժան, ձրի- մրի բաժանել ենք՝ գնացել են։ Հիմա, գոնե այս եղած հողերը պահենք։ Գոնե սրանից հետո, եթե կառավարությունն օգնի, վար ու ցանքսը անենք»,- ասաց նա։

Հովսեփյանը մեզ հայտնեց, որ ներկա իշխանությունների օրոք, գյուղի բնակիչները երբևէ օգնություն չեն ստացել. վառելիքի ու սերմացուի օգնություն վերջին անգամ ստացել են դեռևս մինչև՛ այս իշխանությունների գալը։ Ինչ վերաբերում է ադրբեջանական ԶՈւ-երի կողմից ներխուժած ու զավթված տարածքների դիմաց փոխհատուցմանը, ապա, նրա փոխանցմամբ, գումարային որևէ փոխհատուցում չի եղել։

«Եվ ընդհանրապես, այդ ո՞ր ժողովուրդն ու մարդն է, որ պետք է համաձայնի, որ իր սեփական հողը թուրքը վերցնի՝ փոխհատուցում տան։ Մարդիկ իրենց հողերն են ուզում։ Իրենց սեփական հողն է։ Ասենք՝ հա, օրինակի համար, մի հեկտարին տան 100 հազ., էդ գումարը մի տարում կերավ, բա իր թոռն ու էրեխեքն ի՞նչ են ուտելու»,- ասաց նա՝ հավելելով, որ կառավարության կողմից այս վարքագծի ու սահմանային բնակիչներին աջակցություն չտրամադրելու դեպքում գյուղատնտեսությունը լուրջ վնաս է կրելու։

Ըստ նրա՝ իրենց գյուղը բավականին փոքր է։ Համայնքն ընդամենը 168 հա սեփական և 70 հա պահուստային հողատարածք ունի։ Այս պահին 68 հա-ն զավթված է ադրբեջանցիների կողմից։ Գյուղին արոտավայրեր նույնպես չեն մնացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս