Մորենո Օկամպոյի զեկույցը ապագայում կարող է մեղադրական ակտ դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ․ Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնականի այն հայտարարությանը, որ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը կողմնակալ է։

«Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազի զեկույցում եզրակացություն է արվում Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպան քաղաքականության մասին, և եթե այն կողմնակալ լիներ կամ հիմնված չլիներ փաստերի վրա, Հիքմեթ Հաջիևը և ադրբեջանական ողջ քարոզչությունը երբեք ուշադրություն չէին դարձնի դրան և իրենց ժամանակից ոչ մի րոպե չէին ծախսի դրան անդրադառնալու վրա:

Հետևաբար, սա փաստերով և վերլուծություններով զեկույց է, որն ապագայում կարող է մեղադրական եզրակացություն դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ»,-  գրել է Մարուքյանը։

Արցախի Հանրապետության նախագահը մոտ երկու շաբաթ առաջ դիմել էր Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին՝ խնդրելով փորձագիտական կարծիք առ այն, թե արդյոք Արցախում խորացող շրջափակումը համապատասխանո՞ւմ է ցեղասպանություն հանցագործությանը:

Օգոստոսի 7-ին ստացվել է մեծավաստակ գիտնականի զեկույցը:

Օկամպոյի զեկույցը բաղկացած է երեք հիմնական մասերից և անդրադառնում է Արցախում ընթացիկ ցեղասպանության հանցագործության՝ որպես այդպիսին հիմնավորմանը, դրա պատասխանատուների նույնականացմանն ու հետաքննման հնարավորություններին, ինչպես նաև հանցագործության կանխարգելման ճանապարհներին։

Ավելի վաղ զեկույցին անդրադարձել էր նաև ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը՝ այն գնահատելով որպես մասնագիտական բարձր որակներով, օբյեկտիվ և փաստական տվյալներով հիմնավորված ավարտուն աշխատանք։ «Զեկույցը միարժեքորեն պնդում է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվում է շարունակական ցեղասպանություն, ինչը հիմնավորվում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի երկրորդ հոդվածի շրջանակներում, որը ցեղասպանություն է սահմանում նաև «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»։ Հեղինակն ասվածը հիմնավորում է՝ հղում կատարելով Սրեբրենիցայում ցեղասպանական գործողության վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, ըստ որի, բնակչությանը սննդից, բժշկական օգնությունից, ապաստարաններից և հագուստից զրկումը համարվում է ցեղասպանություն»,- ասված է գրասենյակի հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս