«Ինչպես էր Սեյրան Օհանյանը տարիներ շարունակ մաքառում Յուրի Խաչատուրովի դեմ…». Աննա Հակոբյանի մի հին հոդվածի հետքերով

Արխիվներում պահպանվում է 2016-ին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում տպագրված՝ «Սեյրան Օհանյանը բարդ ընտրության առաջ է կանգնած» վերտառությամբ հոդվածը, որի հեղինակն Աննա Հակոբյանն է: Հոդվածագիրն այստեղ շոշափում է Սեյրան Օհանյանի՝ քաղաքական դաշտ մտնելու տխուր հետևանքների և Սերժ Սարգսյանից նեղացած լինելու թեման:

«Սերժ Սարգսյանը հոգ է տարել, որ նախարարի պաշտոնը թողնելուց հետո Օհանյանն իրեն շարունակի երկրի համար կարևոր և պիտանի մարդ զգալ: Սարգսյանի պատկերացմամբ՝ նախկին նախարարը կարող էր կարևոր դերակատարություն ստանձնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, ինչը Օհանյանը հրապարակային մերժեց: Իր ապագայի հարցում Սարգսյանի ջանքերը Օհանյանին չեն սփոփում այն պատճառով, որ նա իրոք նեղացած է Սարգսյանից: Խնդիրը պաշտոնանկությունը չէ: Սարգսյանը Վիգեն Սարգսյանի համար արդյունավետ աշխատելու հատուկ պայմաններ ստեղծեց, մի բան, որ երկար տարիներ չէր անում Սեյրան Օհանյանի դեպքում: Սեյրան Օհանյանը 8 տարի պաշտպանության նախարար է եղել, լուրջ կրթությամբ և փորձով կադրային զինվորական է: Վիգեն Սարգսյանը նույնիսկ նորմալ զինվորական ծառայություն չի անցել, պաշտպանության համակարգին էլ ծանոթ է այնքանով, որքանով միշտ և ամենուր ուղեկցել է Սերժ Սարգսյանին: Սրանք, իհարկե, նրբություններ են, սակայն, ինչպես ասում են, սատանան նրբությունների մեջ է»,- գրել էր Աննա Հակոբյանը:

Թե Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ով է այսօր ՀՀ պաշտպանության նախարարը, փոխնախարարները, և որքանով նրանք կապ ունեն ռազմական ոլորտի հետ, մեկ անգամ չէ, որ գրել ենք, և հիմա ավելորդ է նորից անդրադառնալ:

Հետաքրքիր է՝ ի՞նչ է կարծում այսօր պաշտպանական ոլորտում կատարվող կադրային փոփոխությունների մասին բանակում չծառայած գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանի՝ լրագրող-խմբագիր կինը:

Կարդացեք նաև

Ոչ պակաս հետաքրքիր է, թե ինչու Փաշինյանի իշխանությունը, Աննա Հակոբյանի խոսքերով ասած, լուրջ կրթությամբ և փորձով կադրային զինվորական Սեյրան Օհանյանին չընտրեց որպես պաշտպանության նախարար կամ ԳՇ պետ, հատկապես, երբ, ինչպես Սեյրան Օհանյանն է տարբեր առիթներով ասել, 2018թ. իշխանափոխությունից հետո մի քանի անգամ իր ծառայություններն ու օգնությունն է առաջարկել Նիկոլ Փաշինյանին, ասել է, որ պատրաստ է անվտանգային հարցերով խորհուրդներ տալ՝ առանց որևէ ակնկալիքի, բայց դրանք չեն ընդունվել:

Իսկ Աննա Հակոբյանը վերևում հիշատակված իր հոդվածում նաև գրել էր, որ բանակում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պայքարել է ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի դեմ:

«Բոլորին է հայտնի, թե ինչ ահռելի նշանակություն ունի Յուրի Խաչատուրովի և նրա մաֆիայի հեռացումը համակարգից: Ինչու Սարգսյանը Խաչատուրովին ԱԱԽ չուղարկեց մի քանի տարի առաջ: Կարող էր չէ՞ այդպիսի մեծ լավություն անել նաև Սեյրան Օհանյանին, փոխանակ լուռ հետևելու, թե ինչպես է վերջինս տարիներ շարունակ մաքառում Խաչատուրովի ու նրա մաֆիայի դեմ: Եթե ճիշտ է, որ Սարգսյանը Օհանյանին առաջարկել է նաև ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը, ապա միայն այս անհավասար վերաբերմունքից վիրավորված Օհանյանը չպետք է համաձայներ դրան: Բացի այդ, նոր Սահմանադրությամբ, ճիշտ է, զինված ուժերի ամենաբարձր պաշտոնյան ԳՇ պետն է, սակայն միևնույն ժամանակ նա ենթակա է պաշտպանության նախարարին»,- «Սեյրան Օհանյանը բարդ ընտրության առաջ է կանգնած» վերտառությամբ իր հոդվածում նշել էր Աննա Հակոբյանը:

Այսինքն, ըստ Աննա Հակոբյանի, Սեյրան Օհանյան-Յուրի Խաչատուրով հարաբերությունները, մեղմ ասած, լավ չեն եղել: Ընդ որում, Փաշինյանի կնոջ գրածից կարելի է ենթադրել, որ այդ տարաձայնությունները չեն եղել մասնագիտական հողի վրա կամ ոչ այնքան մասնագիտական հողի վրա, այլ, ըստ էության, անձնական հարթությունում, որը կարո՞ղ ենք համարել Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի համակարգերի պայքար:

Իսկ, թե ինչ եղավ 2018-ի իշխանափոխությունից հետո, տեսանք: Նախ Նիկոլ Փաշինյանը լուրջ կրթությամբ և փորձով կադրային զինվորական Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրեց, իսկ այս տարի փետրվարին պաշտպանության նախկին նախարարին առաջադրվեց մեղադրանք մի քանի դրվագով:

Սեյրան Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքն oգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու (2 դրվագ), ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (2 դրվագ)։ Պաշտպանության նախարարի նկատմամբ մեղադրանք կա նաև հրթիռների գործի անջատված մասով:

Ի՞նչ է ստացվում՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը Սեյրան Օհանյանին համարում էր բանակում արատավոր երևույթների դեմ պայքարող, իսկ իշխանության գալուց հետո նրան մեղադրում է պաշտոնեական դիրքի չարաշահման, առանձնապես խոշոր չափերով վատնման և ռազմական նշանակության հողատարածքներ վաճառելու մեջ: Ավելին, ԱԺ-ի նիստերի ընթացքում Արցախյան առաջին պատերազմին մասնակցած, Շուշի ազատագրած գեներալի հասցեին իշխանական պատգամավորները մեկ անգամ չէ, որ վիրավորական արտահայտություններ են արել:

Ինչ վերաբերում է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին, ապա Նիկոլ Փաշինյանը նրան մեղադրեց Մարտի 1-ի գործով և հետ կանչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Իսկ մարտի 16-ից Սեյրան Օհանյանի ու ևս 12 անձի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում անազատության մեջ է ԳՇ նսխկին պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը:

168.amգրել էր, թե ինչու Նիկոլ Փաշինյանն իշխանափոխությունից հետո Գրիգորի Խաչատուրովին չհեռացրեց զինված ուժերից, և ինչու դա արեց պատերազմից հետո և ավելի ուշ ինչ քաղաքական նպատակից ելնելով՝ կալանավորեց:

Վերադառնանք Սեյրան Օհանյան պաշտպանության նախարարին և հիշեցնենք, որ 2016-ին Սեյրան Օհանյանին գովերգող Աննա Հակոբյանը 2013-ին պահանջում էր նրա հրաժարականը:

Պատերազմի ժամանակ մի քանի հազար զոհերի և բանակում մահվան դեպքերի հաճախակիացման ֆոնին, 2021 թվականին 168.amհիշեցրել էր Աննա Հակոբյանի այս հարցազրույցը և հարցադրում արել՝ «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը հիշո՞ւմ է, թե ինչպես էր 2013-ին այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականը պահանջում՝ Վերին Գետաշենի գերեզմանոցում ծառայակցի կողմից սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությանը: 

Ի դեպ, Աննա Հակոբյանը Սեյրան Օհանյանին հարց էր տվել՝ «իսկ կարելի՞ է ենթադրել, որ ղեկավարությունը կարողանում է ապահովել միայն այն զինվորների անվտանգությունը, ովքեր ունեն պաշտոնյա հայրիկներ», ինչին ի պատասխան՝ պաշտպանության նախկին նախարարը պատասխանել էր. «Իհարկե ոչ: Իմ երկու զավակներն էլ ծառայում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում»:

Աննա Հակոբյանը հակադարձել էր՝ «նրանք ողջ և առողջ են, իսկ այս երիտասարդին մենք հենց նոր հողը դրեցինք»:

Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը վատ են զգում, երբ զոհվածների ծնողները խոսում են իրենց որդուց, պատերազմից իրենց որդու ողջ և առողջ վերադարձից, ով անգամ չի վիրավորվել՝ համարելով այն նախախնամություն:

«Ես դրա համար իմ վերջին ասուլիսում ձեզ հայտնի հանգամանքների բերումով հարց տվեցի, ասացի՝ լավ, սնայպերը լիներ, կասեի՝ տեսական թեզ կարող է լինել, որ սնայպերը ճանաչել է, ընտրել՝ ում խփի… Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ բեկորը որոշել է, որ իմ որդին պետք է չզոհվի, մյուս զինվորը պետք է զոհվի՞: Էդ գնդից, որտեղ որդիս ծառայել է, 21 անձ զոհվել է պատերազմական գործողությունների ընթացքում»,- հունիսի 27-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում, մասնավորապես, նշել էր Նիկոլ Փաշինյանը:

Հուսանք, այս թեմաներին էլ լրագրող-խմբագիր Աննա Հակոբյանը մի օր դեռ կանդրադառնա ու մի նոր հոդված կգրի…

Տեսանյութեր

Լրահոս