Բյուջեից շուրջ 180 միլիոն դրամ Հ1-ին՝ երաժշտական փառատոն իրականացնելու համար
Հանրային հեռուստաընկերությունն օրերս 179 միլիոն 954 հազար դրամ՝ շուրջ 467 հազար դոլար դրամաշնորհ է ստացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ «ՖեստիՎառ» նախագիծն իրականացնելու համար:
Իսկ կողմերի միջև հուլիսի 27-ին կնքված պայմանագրից տեղեկանում ենք, որ «ՖեստիՎառ»-ը ոչ ավել, ոչ պակաս՝ մեծ երաժշտական փառատոն է, որն իրականացվելու է Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:
«Փառատոնի բրենդավորման հիմքում Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավն է, որի ստեղծման 100-ամյակը լրանում է այս տարի:
«ՖեստիՎառ»-ի հյուրերը Վանաձորում, Գավառում և Սիսիանում հնարավորություն կունենան համտեսել տեղական արտադրանքը, այցելել թաքնված ու հայտնի անկյուններ, վայելել համերգային ծրագիրը:
Անցկացման ժամկետներն են՝ հուլիսի 22, օգոստոս 12, օգոստոս 26»,- տեղեկանում ենք պայմանագրից:
Նշենք, որ «ՖեստիՎառի» շրջանակում նախատեսված է 3 համերգ և 4000 հանդիսատեսի ներկայություն:
Ի դեպ, ծախսերի մասին՝ առավել մանրամասն. ըստ պայմանագրի, օրինակ, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում նախատեսված «ՖեստիՎառ»-ին երաժշտախմբի ապահովումը կարժենա 2 միլիոն 500 հազար դրամ, իսկ ցերեկային համերգի 1 երաժշտախումբը կստանա 1 միլիոն դրամ, 1 երգչի ելույթի վարձատրությունը 400 հազար դրամ է, ծրագրի հաղորդավարն ու դիջեյը կստանան 300 հազարական դրամ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում նույն միջոցառման շրջանակներում երաժշտախումբը կարժենա 3 միլիոն 500 հազար դրամ, ադմինիստրատիվ անձնակազմը կստանա 1 միլիոն դրամ, և այլն:
Իսկ «ՖեստիՎառ»-ին զուգահեռ իրականությունում շուրջ 8 ամիս շրջափակված Արցախն է, որտեղ փորձում են գոյատևել120 հազար հայեր, այդ թվում՝ հազարավոր մանուկներ, ծերեր և հաշմանդամություն ունեցող անձինք։