Նիկոլ Փաշինյանն է որոշելու, թե ով է իր հետ օգտվելու իրեն սպասարկող ինքնաթիռից
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն այսօր արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը: Այն առաջիկայում կներկայացվի խորհրդարան։
Փոփոխությամբ առաջարկվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի 7.6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության վարչապետի սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռով և ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման, ինչպես նաև այդ սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանվում է վարչապետի որոշմամբ»:
Նախագծի հիմնավորման մեջ անդրադառնալով այս փոփոխության անհրաժեշտությանը, նշվում է. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 7.6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ Վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ: Այդ կապակցությամբ օրենքում բացակայում է այդ ինքնաթիռով և ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունների կարգավորման իրավական հիմքը:
Հետևաբար, նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռով և ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման կարգը սահմանելու համար լիազորող նորմի սահմանման անհրաժեշտությամբ, ինչի արդյունքում վարչապետի որոշմամբ սահմանված կարգով հնարավոր կլինի ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետին սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռով և ուղղաթիռով չվերթների կազմակերպումը, իրականացումը և անվտանգության ապահովումը»:
Չզեկուցվող հարցը ներկայացվել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, նախագիծը մշակել էր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: