«Պետք ա ազատվել նման պաշտոնյաներից, ովքեր ասում են, որ դա հնարավոր բան չէ. Թող գան նրանք, ովքեր գիտեն, որ դա հնարավոր է, և կարող են դա անել». Փաշինյան
Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ջրի խնդիրն աստիճանաբար ահագնանում է, և այդ խնդիրը գլոբալ բնույթ է կրում, ընդգծելով, որ դրան զուգահեռ՝ երկրում ջրային ռեսուրսների կառավարման խնդիր կա։
«Նախորդ տարի երևի ամռանն էր, երբ մենք Արարատի մարզի Դեղձուտ գյուղում էինք, այնտեղ քննարկումների արդյունքում գաղափար առաջացավ, թե ինչու չի կարող լինել կաթիլային ոռոգման համայնքային ավազան։ Շատ հաճելի էր Ճամբարակում տեսնել, որ այս գաղափարն արդեն իսկ կոնկրետ Կառավարության, համայնքի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ իրականություն է դառնում, և ուշի ուշով պետք է հետևել, որպեսզի կաթիլային ոռոգումը հասնի տեղ։
Եթե այդ ծրագրում որևէ բան այնպես չգնա, չնայած դժվար եմ պատկերացնում, ինչը չպետք է այնպես չգնա, պետք է ուղղակի այդ ծրագիրը լայնածավալ իրականացնել՝ որպես մեր ջրի կառավարման պրոցես։ Չնայած նորից եմ ասում՝ մյուս պրոբլեմն էլ կա, միշտ նման ծրագրերի իրականացման հենց մեկնարկային փուլում մարդիկ են ի հայտ գալիս, որոնք ասում են՝ չի լինի, հնարավոր չէ, դա անհնար է, ոնց որ թե մենք մի դարում չենք ապրում, երբ որ մարդկության ստեղծած արբանյակն արեգակնային համակարգի սահմանները հատել և հասել է ուրիշ համաստեղությունների։
Բայց երբ ջուրը այստեղից պիտի հասցնենք այստեղ՝ միշտ անհնար է, դա հնարավոր բան չէ, ո՞նց կարող է նման բան լինի։ Եվ պետք է ազատվել նման պաշտոնյաներից ընդհանրապես, ում գործն այն է, որ գա-ասի, որ դա հնարավոր չէ։ Թող գան նրանք, ովքեր դա գիտեն՝ հնարավոր է, և կարող են դա անել»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը՝ մոռանալով, որ առաջին պաշտոնյան, որ պետք է նույն հիմնավորմամբ ազատի պաշտոնը՝ հենց ինքն է, ով փորձում է բոլորին համոզել, թե հնարավոր չէ ունենալ անվտանգություն՝ առանց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում