Ո՞վ եք դուք, որ Արցախը դնեք սակարկման. Մետաքսե Հակոբյանի հարցը՝ Փաշինյանին

Այսօր Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր հերթական ասուլիսը։

168.am ասուլիսում ներկայացրեց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հարցը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, որը պատգամավորը տրամադրել էր խմբագրությանը։

Պատգամավորն իր ձայնային հաղորդագրության մեջ նախ ասել էր, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում եղավ պատերազմ, որը խլեց տասնյակ հայորդիների կյանք, որից հետո հանձնվեց հայրենիքի մի մասը։

«Որտեղի՞ց ձեզ իրավունք, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը, որը դեռևս Ազգերի լիգան է վիճելի տարածք ճանաչել՝ համարել Ադրբեջանի մաս, և այս ամենը բերել հասցնել ընդամենը հումանիտար խնդիրների դաշտ՝ այն էլ օգտագործելով Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը։ Ես ուղղակի առաջարկ ունեմ ձեզ՝ օգտվել այդ ճանապարհից և հումանիտար բեռներից և այն տեղափոխել ձեր և ձեր թիմի անդամների այն խոհանոցներ, ովքեր կիսում են ձեր այս բոլոր տեսակետները։ Որպես Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, ով օժտված է լիազորություններով՝ Ձեզ արգելում եմ այսուհետ չեղարկել կամ նույնիսկ փորձ անել կասկածի տակ դնել մեր ինքնորոշման իրավունքը։ Կրկին ձևակերպում եմ հարցերս՝ իսկ ո՞վ եք դուք, որ Արցախը դնեք սակարկման, իսկ ո՞վ է տվել ձեզ իրավունք, առաջարկում եմ՝ ասեք այդ իրավունքը տվողների անունները, որ դուք կարող եք Արցախը որպես մանրադրամ օգտագործել։ Եվ, ի վերջո, ձեր այդ քայլերի արդյունքում ի՞նչ է շահել կամ շահում Հայաստանը»,- նշված էր պատգամավորի հարցում։

Կարդացեք նաև

Պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Ըստ էության տարբեր դրվագներով՝ սկսած խոհանոցից՝ մինչև ինքնորոշման իրավունք, արդեն բազմիցս պատասխանել եմ, ավելացնելու բան չունեմ։ Այսինքն՝ նույն հարցերն ունեն նույն պատասխանները, և կրկին ասում եմ՝ համաձայն եմ, որ ես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հարցը պետք է չորոշեմ, և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հարցը պետք է որոշեն ԼՂ ժողովրդի ներկայացուցիչները, սա ես որդեգրել եմ դեռևս 2018 թվականին»։

168.am հաջորդ հարցին, թե՝ որպես երկրի ղեկավար, ո՞րն է իր ֆունկցիան, քանի որ չի ապահովում՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Արցախի անվտանգությունը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ իր ֆունկցիան է՝ ապահովել, որպեսզի Հայաստանը տնտեսական, անվտանգային ու բոլոր առումներով զարգանա այնպես, որ կարողանա ինքն իր կարիքները, այդ թվում՝ անվտանգային, ապահովել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս