Ո՞վ եք դուք, անհաջող քաղաքական գործիչ, թե՞ դավաճան. արցախցու հարցը՝ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանի ասուլիսն այսօր, թերևս, մի քանի անցանկալի շեղումներ ունեցավ. դրանցից մեկն Արցախի բնակչի հարցն էր: Հեռախոսով հնչեցված հարցը, տպավորություն էր, որ հունից հանեց ասուլիսում իր հունը դժվարորեն պահող պաշտոնյային: Իսկ Արցախի բնակչին՝ 44-օրյա պատերազմի մասնակից Միքայելին, հարց տալու հնարավորություն էր տվել լրագրողը:
Միքայելը նախ արձանագրեց բզկտված Արցախի հումանիտար աղետալի պատկերը, ապա Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյոք իրեն պատասխանատու զգո՞ւմ է այդ իրավիճակի համար, նրա խիղճը չի՞ տանջում, չի՞ ցանկանում հրաժարական տալ:
«Ո՞վ եք դուք, անհաջող քաղաքական գործի՞չ, թե՞ դավաճան. մի՞թե Դուք չեք վախենում արժանանաք Մելիք Ֆրանգյուլի ճակատագրին, որի գերեզմանը բոլորն են անպատվում»,- ամփոփելով՝ հարցրեց արցախցին:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չի ցանկանում հիշեցնել պատերազմի օրերին Ստեփանակերտից Երևան առաջացած խցանումների մասին:
«Դավաճանական կառավարությո՞ւն ենք, ուրեմն՝ այդ դավաճանական կառավարության աջակցությունից հրաժարվեք։ Դավաճանից փող ստացողն ի՞նչ է։
Կամ այդ կենացները. անձամբ ճանաչում եմ նման կենաց ասողներին, որոնք պատերազմի ժամանակ 300-ի տակ ճողոպրում էին։ Թող ոչ մեկին չթվա՝ Ղարաբաղի ակցենտով խոսալը նշանակում է լինել հերոս, բացարձակապես չի նշանակում»,- նշեց նա:
Լրագրողը հակադարձեց՝ այսօր Արցախում ապրող յուրաքանչյուր մարդ հերոս է, նրանց մասին խոսեք հարգանքով:
Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Պատասխանատու զգում եմ, հրաժարական տվել եմ. ես չեմ պատրաստվում ամեն օր հրաժարական տալ:
Իմ անհատական հարցերի հետ կապված ոչ մի բանից չեմ վախենում, ես վախենում եմ մեր կողմից կայացված և կայացվելիք սխալ որոշումների համար։ Եթե իմ կենսագրությունը գիտեք, պիտի իմ վախերի չափերն էլ շատ հայտնի լինի Ձեզ»:
Խոսելով Արցախ-Լեռնային Ղարաբաղ եզրույթների կիրառության մասին՝ նա նկատեց, որ Լեռնային Ղարաբաղ եզրույթը ֆիքսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ:
«Որից հետո Ադրբեջանի նախագահը սկսեց հայտարարել, որ չկա Լեռնային Ղարաբաղ, չկա նման եզրույթ։ Եվ մի հրաշքով, այդ թվում՝ հայկական իրականության մեջ, շատ մարդիկ սկսեցին ենթարկվել այդ հրովարտակին՝ սկսելով չօգտագործել այդ տերմինը: Հետո՝ մենք խոսում ենք միջազգային դիրքորոշումների մասին, ԼՂ հայության իրավունքների պաշտպանության մասին, ԼՂ միջազգային սուբյեկտայնության մասին:
Հասկացությունների իմաստն ու ընկալելիությունը շատ կարևոր նրբություններ են։ Ես ասում եմ՝ ԼՂ, որովհետև կարող եմ միջազգային հանրությանը բացատրել, թե դա ինչ է նշանակում։
Երբ ինչ-որ մարդիկ դրանում տեսնում են դավադրություն և անընդհատ ասում՝ Արցախ, նրանք իրենց դիրքորոշումը համապատասխանեցնում են Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշմանը։ Ասեք՝ Արցախ, Արցախ՝ հետո՞։
Արցախի Սահմանադրության մեջ գրված է ԼՂ։ Հո կենացով չի՞»,- պարզաբանեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում