Դպրոցներում պետք է դասավանդվի հայ ազգային և հոգևոր երաժշտություն. Գրիգոր Հարությունյան
Զգուշությամբ և երկյուղով մոտեցեք դաստիարակության խնդրին: Սխալ դաստիարակությունը կխորտակի ազգը: Սա Կոմիտաս վարդապետի հորդորն է, որին հետևում է խմբավար Գրիգոր Հարությունյանը:
– Պարոն Հարությունյան, երաժշտությունը ևս հանդիսանում է դաստիարակության հիմք: Ի՞նչ վիճակ է մեր երաժշտական դպրոցներում:
– Այո, դաստիարակության միջոց է նաև երաժշտությունը, և երաժշտական դպրոցներում բարվոք վիճակ է: Երևանում ունենք 25-26 երաժշտական և արվեստի դպրոցներ, որոնք շատ լավ են գործում: Հիմնականում երաժշտական դպրոցների վրա է դրված այդ շեշտը: Բոլոր դպրոցներում գրեթե գործում են երգչախմբեր:
– Հիշում եմ, 1990-ական թթ. երաժշտական դպրոցներում հիմնականում օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործություններ էին նվագում կամ սովորեցնում նվագել: Ինչ-որ բան փոխվե՞լ է: Նույնը նաև համերգների դեպքում. կրկին օտարների երաժշտությանն են տեղ տալիս: Ի՞նչ պետք է անել այս առումով:
– Ցավալի հարց եք տալիս: Այդ օտարացման խնդիրը կա: Երաժշտությունը կրթության հիմնական ճյուղերից մեկն է, և այզգային երաժշտությամբ պետք է կրթել մեր սերունդներին: Իմ հորդորն է՝ երաժշտախմբերին և անհատ կատարողներին, որ առաջին տեղ մղեն հայ ազգային, դասական, հոգևոր երաժշտությունը: Սա այն բանալին է, որը պետք է բացի երեխաների սիրտը և ներարկեն հայրենասիրություն, հայկական արժեքների զգացողություն:
Իմ երգչախմբերին մեծամասամբ ծանոթացնում եմ հայ կոմպոզիտորների խմբերգերի հետ և նպատակ եմ դրել, որ հայ խմբերգային արվեստի պրոպագանդիստը լինեմ:
– Ունենք հայկական երաժշտությունը տարածելու խնդիր: Երաժշտական կրթություն չստացած մարդը, ով ուզում է լսել, ծանոթանալ հայկական երաժշտությանը՝ չգիտի՝ որտեղ փնտրել: Երբ երաժիշտների հետ խոսում ես, ասում են՝ լավ փնտրեն՝ կգտնեն: Երևի պետք է լինի մեկ ընդհանուր հարթա՞կ:
– Ճիշտ եք, երաժշտությունը հանրահռչակելու խնդիր կա: Մասնագետների թերացումը և՛ կա, և՛ չկա: Թերացումը չկա այն առումով, որ իրենց աշխատանքն են կատարում՝ համերգներ են կայանում և այլն, սակայն խմբերգային արվեստը քիչ է պրոպագանդվում հեռուստատեսությամբ:
Youtube-յան հարթակը ծավալուն է, և այնտեղ կարող են փնտրել ուզած կոմպոզիտորի երաժշտությունն ու գտնել: Բայց եթե անունները չգիտեն…, կրթությունը դպրոցներից պետք է սկսել, և հորդորս է՝ երեխաներին ուսման տալ նաև երաժշտության և արվեստի դպրոցներում:
– Դուք կողմ եք, որպեսզի հայ հոգևոր երաժշտությունը դասավանդվի դպրոցում: Հիմա կասեն՝ երեխաները պետք է պատարա՞գ երգեն:
– Հայ հոգևոր երաժշտությունն իր մեջ ներառում է ավելի խորը ակունքներ: Սկզբնավորողները եղան Սուրբ Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը, և ուղեծիր բռնեց, մինչև հասավ ներսես Շնորհալի, Առաքել Սյունեցի: Եվ այս հոգևոր երաժշտությունն ինքնանպատակ չէ, մեր ազգային երաժշտությունն է եղել: Ինչպես հայոց պատմությունն է գալիս, այնպես պետք է գա հայ հոգևոր պատմության երաժշտությունը: Ինքնանպատակ չէ: Պետք է դասավանդվի հայ ազգային և հոգևոր երաժշտություն:
– Այդքան մասնագետ ունե՞նք:
– Ցավոք, ոչ, հոգևոր երաժշտության մասնագետների խնդիր կա, բայց կարելի է մասնագետներ պատրաստել, սեմինարներ անցկացնել:
– Հիմա փորձում են «Հայ եկեղեցու պատմությունը» միացնել «Հայոց պատմությանը», դրան ինչպե՞ս եք վերաբերվում:
– «Հայ եկեղեցու պատմությունը» անհրաժեշտ առարկա է, և միացնելը «Հայոց պատմությանը» տեղին չեմ համարում և չեմ պատկերացնում, թե դասընթացն ինչպե՞ս է ընթանալու: Տարբեր ուղղությամբ են զարգանում:
Մանրամասները՝ տեսանյութում