Ալիևի մասնաբաժինը՝ Երևանի ավագանու ընտրություններում
Երևանի ավագանու ընտրությունների հնարավոր մասնակիցների անունները դեռ վերջնական հայտնի չեն, ընդդիմությունն առայժմ որոշում չի կայացրել դրանց մասնակցելու կամ բոյկոտելու, մասնակցության դեպքում՝ հնարավոր ձևաչափերի վերաբերյալ։ Բայց ընդհանուր տրամադրությունն այն է, որ երկրում ստեղծված գոյաբանական սպառնալիքների պայմաններում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունն անիմաստ է, որ իշխանությունը, միևնույն է, վարչական ռեսուրսներով հաղթելու է դրանցում, և, որ պետք է կենտրոնանալ ավելի կարևոր, առաջին հերթին՝ Արցախի խնդրի վրա։
Այս փաստարկները հիմնազուրկ չեն, քննարկելի են, մյուս կողմից, սակայն, հիմնավոր է նաև այն թեզը, որ Երևանի ավագանու ընտրություններում իշխանության թեկնածուի՝ Տիգրան Ավինյանի հաղթանակը, առաջին հայացքից՝ կապ չունենալով Արցախի հետ, իրականում ուղղակիորեն ազդելու է առաջին հերթին՝ Արցախի հարցի վրա՝ դրա ոչ հայանպաստ լուծման երաշխավորված հեռանկարով։
Խնդիրն այն է, որ անկախ նրանից, թե ինչպես են մատուցվում Երևանի ավագանու ընտրությունները, անկախ նրանից, որ դրանք ներկայացվում են՝ զուտ որպես կառավարչական-վարչարարական պաշտոնյայի ընտրություններ, դրանց համատեքստը միանշանակ քաղաքական է՝ նույնքան քաղաքական հետևանքներով։
Ցանկացած ընտրություն, անգամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, իշխանության համար վստահության հանրաքվեի նշանակություն ունեն։ Իսկ հատկապես Երևանում, որտեղ կենտրոնացած է Հայաստանի բնակչության շուրջ կեսը և ակտիվ հանրային կյանքի գերակշիռ մասը, ընտրությունները ոչ միայն և ոչ այնքան՝ Տիգրան Ավինյանի, որքան՝ իշխանության ու Նիկոլ Փաշինյանի վստահության մասին են։ Դա է պատճառը, որ անգամ ներքին հակասությունների պարագայում, անձնական խնդիրներ ունենալով Ավինյանի հետ՝ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ անում է և անելու է առավելագույնը՝ Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու համար։ Որովհետև դրանք նրա տեսանկյունից՝ ոչ թե Տիգրան Ավինյանին վստահելու կամ մերժելու, այլ անձամբ իր վստահությունը հաստատելու ընտրություններ են։ Իսկ այդ վստահությունը Նիկոլ Փաշինյանին պետք է ոչ թե «ժողովրդավարության բաստիոնի» պատերն ամրացնելու համար, այլ, որովհետև նա առաջիկայում պատրաստվում է ստորագրել տխրահռչակ «խաղաղության պայմանագիրը», որի համար նրան անհրաժեշտ է քաղաքական մանդատ։
Երևանի ընտրություններում հաղթանակը, ահա, իշխանական քարոզչությունն օգտագործելու է՝ թմբկահարելով, որ եթե հասարակությունը դեմ լիներ «խաղաղության օրակարգին», չէր ընտրի Տիգրան Ավինյանին, հետևաբար, եթե ընտրել է, նշանակում է հաշտ է Արցախն Ադրբեջանին հանձնելու փաշինյանական ծրագրի հետ։
Այդ իմաստով, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի, Երևանի ավագանու ընտրությունները կարևոր նշանակություն ունեն նաև Իլհամ Ալիևի համար, որին Նիկոլ Փաշինյանի իշխանության մանդատն անհրաժեշտ է իր թելադրած նվաստացուցիչ պայմաններով փաստաթուղթը ստորագրելու տեսանկյունից։
Սա է լայն քաղաքական համատեքստը, որում անց են կացվելու նոմինալ առումով վարչակառավարական նշանակություն ունեցող Երևանի ավագանու ընտրությունները։ Հետևաբար՝ բոլոր ընդդիմադիր ուժերն ու անհատներն այդ ընտրություններին պետք է վերաբերվեն հենց այս դիտակետից՝ հաշվելով ոչ թե Երևանի իշխանությանը մաս կազմելու կամ դրանից զրկվելու հեռանկարը, այլ այն նշանակությունը, որը դրանցում իշխանության հաղթանակը կարող է հաղորդել Արցախի հարցին։
Այս մոտեցմամբ առաջնորդվելու դեպքում, ընդդիմությունը պետք է գործի կանխավարկածով, որ Արցախի գոնե ժամանակավոր փրկությունը որոշվելու է նաև Երևանի ընտրություններում։ Այդ դեպքում ընդդիմությունը կա՛մ պետք է կարողանա ապահովել տոտալ բոյկոտ, որը գրեթե անիրատեսական է, կամ վեր կանգնել մանր տարաձայնություններից ու ընտրություններին մասնակցել ոչ ստանդարտ, բոլորի, այդ թվում՝ առաջին հերթին իշխանության համար այնքան անսպասելի լուծմամբ/թեկնածուով, որին հնարավոր չի լինի հաղթել անգամ համապետական վարչական ռեսուրսներով։ Հակառակ դեպքում դրանցում հաղթելու են Տիգրան Ավինյանը, Նիկոլ Փաշինյանը և․․․ Իլհամ Ալիևը։
Հարություն Ավետիսյան