«Օդային ճանապարհը դեպի Արցախ՝ խնդրի լուծում չէ, ուշացել են. Արցախում կանայք են արդեն վիժում, երեխաները սոված են, խանութներում ոչինչ չկա». Հակոբ Ճաղարյան
Հուլիսի 20-ին «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիայի Զախարովային ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ հարց էր ուղղել սովի ճիրաններում հայտնված արցախահայությանն օդային ճանապարհով հումանիտար օգնություն ուղարկելու մասին՝ հետաքրքրվելով, թե հնարավո՞ր է Արցախ մատակարարումներ իրականացնել ուղղաթիռներով կամ ինքնաթիռներով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախում կան խաղաղապահներ:
Ի պատասխան՝ Մարիա Զախարովան ասել էր. «Մենք բոլոր կողմերի հետ ենք աշխատում և ոչ միայն հանրային հարթության մեջ: Ինչ վերաբերում է հումանիտար օգնություն հասցնելուն, ինչպես հասկանում ենք, միջազգային հանրության տարբեր երկրներ մշակում են այդ հարցի լուծման տարբերակներ»:
Հայկ Խալաթյանի ճշտող հարցին, թե նկատի ունի Աղդամո՞վ, ինչպես եվրոպացիներն են առաջարկում, Զախարովան պատասխանել էր, թե չի կարող կոնկրետացնել, եթե կոնկրետացնելու անհրաժեշտություն կա, կճշտի փորձագետներից։
Ի վերջո, ինչո՞ւ ՀՀ իշխանությունը չի բարձրաձայնում Արցախի օդային ճանապարհով Արցախ հումանիտար օգնություն հասցնելու հարցը, արդյո՞ք հիմա դրա ժամանակը չէ, երբ 120 հազար արցախահայեր մատնված են սովի։
168.am-ի հետ զրույցում ավիացիայի փորձագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը պատասխանելով այս հարցին, նկատեց՝ օդային ճանապարհը բացելու համար ոչ թե ժամանակն է կամ ժամանակը չէ, այլ այդ ամենը կախված է Պարենի համաշխարհային ծրագրով աշխատելուց։
«Այն, ինչ ես առաջարկել եմ Արցախը շրջափակելու հենց առաջին օրվանից, առաջարկել եմ հենց այդ ծրագրով, այսինքն՝ օդային ճանապարհը դեպի Արցախ բալասան չէ, խնդրի լուծում չէ։
Այդ օդային ճանապարհը բացելու համար պետք է Պարենի համաշխարհային ծրագիրը, ինչի մասին ես դեկտեմբերից ահազանգում եմ, Արցախի նախկին պետնախարարի նամակն անձամբ հանձնել եմ ՄԱԿ-ի գրասենյակ, այսինքն՝ Պարենի համաշխարհային ծրագիրը պետք է սկսի իր գործունեությունը, դա նրա տեղափոխման ձևերից մեկն է»,- նշեց Հակոբ Ճաղարյանը։
Ըստ նրա, հարցն այն է, որ Պարենի համաշխարհային ծրագիրը հայտարարում է, որ դա աշխարհի ամենամեծ հումանիտար ծրագիրն է, որ 15 մլրդ դոլարի օգնություն է ցույց տալիս, որ 12,5 մլրդ-ից ավելի փայաբաժիններ է բաժանում, ունեն 5600 բեռնատարներ, 90-ից ավելի օդանավեր և այլն։ Այսինքն՝ այս ծրագիրն ունի բարձր նպատակներ և կոչված է աղետի մեջ հայտնված մարդկանց օգնելու՝ անկախ աղետի բնույթից՝ լինի երկրաշարժ, հրդեհ, ջրհեղեղ, քաղաքական ու պատերազմական պատճառներով բլոկադայի մեջ հայտնված պետություններ և հանրույթներ։
«Այսինքն՝ փուչ խոսակցություններ են, որ ասում են, թե Արցախը չճանաչված պետություն է և այլն, դա դատարկախոսություն է, այնտեղ նույնիսկ անհատներին են օգնում։ Անձամբ իմ ընկերությունը մի քանի երկրներում աշխատել է, իմ վերջին մեծ աշխատանքը եղել է երկու մեծ օդանավով, երբ աշխատում էի Սուդանի Դարֆուր նահանգում՝ թռիչքի ժամանակ օդից բեռները թափելով։ Եզդիները պետականություն չունեին, երբ 2014 թվականին իսլամական պետությունը նրանց մորթում էր, Սինջարի գրավումից հետո նրանք բարձրացան սարը, և նրանց օգնում էին։
Արցախում մարդիկ եզդիներից շատ են, ավելին՝ ոչնչով իրենց իրավունքներով չեն զիջում, Պարենի համաշխարհային ծրագիրը մատը մատին չի տալիս այդ գործողությունն իրականացնելու համար՝ ստանալով նույնիսկ Արցախի պետնախարարի նամակը»,- շեշտեց նա։
Միաժամանակ նա ընդգծեց, որ օդային ճանապարհը ՄԱԿ-ի հովանու ներքո կազմում է հենց Պարենի ծրագրի մի մասը։
«Այդ ծրագրի իրականացման ոչ թե ժամանակն է, այլ արդեն ուշացել են, Արցախում կանայք են արդեն վիժում, երեխաները սոված են, խանութներում ոչինչ չկա։ Երեկ կրկին դիմել եմ ՄԱԿ-ի գրասենյակ, ասել եմ, որ դեկտեմբերի 23-ին իրենց նամակ եմ հանձնել, թող տան ինձ պատասխանը, կամ Արցախի Կառավարության պատասխանը։ Այսինքն՝ այս ամենն ուշացած է»,- եզրափակեց Հակոբ Ճաղարյանը։