Նիկոլ Փաշինյան. դավաճանը՝ ճակատագրով

Արցախյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից, դրան հաջորդած երկուսուկես տարվա իրադարձություններից հետո հայկական իրականության ամենաքննարկվող հարցը Նիկոլ Փաշինյանի դավաճանության վարկածն է: Ավելի քան 2.5 տարի Հայաստանի, Արցախի հանրային-քաղաքական կյանքի հիմքում ընկած է այդ հարցը, որը ոմանց մոտ կասկածի մակարդակում է, ոմանց համար՝ երկմտանքի, ավելի շատերի դեպքում՝ համոզմունքի: Դավաճա՞ն է արդյոք Նիկոլ Փաշինյանն իրականում, կնքե՞լ է նա որևէ վերելակում հակահայկական գործողություններ կատարելու պարտավորագիր, թե՞ ոչ, ավելի հանգամանալից պարզ կդառնա միայն իշխանափոխությունից հետո, երբ պարզողները կլինեն անաչառ և չեն լինի նրանք, որոնք կասկածվում են դավաճանության մեջ:

Բայց մինչ այդ հարցի անսխալ պատասխանը, կարևոր է դավաճանությունը դիտարկել ավելի լայն համատեքստում, քան դեդեկտիվ ֆիլմի սյուժեով որևէ դավադրական տեսարանի երևակումը: Այդ դեպքում քննարկման հիմքում պետք է դրվի ոչ թե Փաշինյանի կողմից գաղտնի ինչ-որ գործարքի գնալու, հավաքագրվելու հավանականությունը, այլ հնարավոր դավաճանության արդյունքային, գործառնական կանխավարկածը: Դրա համար պետք է կատարել մի պարզ վարժություն՝ հետևյալ հարցադրմամբ. ի՞նչ կաներ Հայաստանի կամայական ղեկավարը, եթե այն հավաքագրվեր Ադրբեջանի, Թուրքիայի կամ վերջիններիս հետ իդենտիկ շահեր ունեցող որևէ երկրի հատուկ ծառայությունների կողմից:

Այդ հարցի պատասխանները ստանալու համար անհրաժեշտ է դիտարկել, թե որոնք են եղել Ադրբեջանի ու Թուրքիայի կենսական շահերն ու նպատակները վերջին երկու-երեք տասնամյակների ընթացքում: Ադրբեջանի համար դրանցից կարևորագույններն են՝ Արցախի հարցի ադրբեջանական լուծումը՝ Արցախի ադրբեջանական պատկանելության հաստատումը, Արցախյան առաջին պատերազմի ընթացքում հայկական պաշտպանական ուժերի կողմից ազատագրված տարածքների տիրապետումը, Արցախից հայկական ինստիտուցիոնալ հետքի վերացումը, Հայաստանի և Արցախի ցամաքային կապի դադարեցումը, Արցախի վերջնական հպատակեցումն Ադրբեջանին:

Թուրքիայի պարագայում այդ նպատակները սկսվում են ադրբեջանական շահերի՝ վերը նշված համախմբով և ավարտվում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարմամբ, հայկական ինքնությունից Թուրքիայի բարբարոսության հետ ասոցիացվող խորհրդանիշերի հեռացմամբ, տարածաշրջանում ռուսական ազդեցությունը թուրքական-ՆԱՏՕ-ական ազդեցությամբ փոխարինմամբ՝ թյուրքական ծավալապաշտական նպատակների իրականացման հեռանկարով:

Կարդացեք նաև

Ադրբեջանի ու Թուրքիայի վերը նշված նպատակները կարելի է համադրել Նիկոլ Փաշինյանի իրականացրած քայլերի հետ՝ հասկանալու համար, թե որքանով են դրանք բավարարել այդ երկու երկրների ազգային-պետական շահերը:

Արցախյան երկրորդ պատերազմում, ի թիվս այլ գործոնների, Հայաստանը պարտվել է նաև խայտառակ վատ կազմակերպման, պետությունը պատերազմական ռելսերի վրա չդնելու, բազմաթիվ այնպիսի պատճառներով, որոնք ուղղակիորեն գտնվում են երկրի ղեկավարի իրավասության տիրույթում: Արդյունքում իրականացվել է ազատագրված 7 շրջաններն Ադրբեջանին հանձնելու ադրբեջանական նպատակը, գրավվել է Արցախի մեծ մասը, արդեն անցած տարվանից Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես Արցախը ճանաչել է՝ որպես Ադրբեջանի մաս, ինչից հետո՝ 7 ամսից ավելի կտրվել է նաև Արցախի ու Հայաստանի կապը, հիմա էլ ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում Արցախի իշխանությունների ինստիտուցիոնալ կազմաքանդման, Արցախն «Ադրբեջանին ինտեգրելու» ուղղությամբ (նույնիսկ չենք խոսում Հայաստանի ինքնիշխան տարածքից հազարավոր հեկտարներ և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բարձունքներ տալու մասին):

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա վերջինիս շահերի՝ ադրբեջանական բաղադրիչները բավարարվել են ամբողջությամբ, հայ-թուրքական հարաբերություններից Հայոց ցեղասպանության հարցը դուրս է բերվել, աշխարհում դադարել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, իսկ Նիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի զինանշանի  խմբագրմամբ, Արարատն Արագածի հետ հակադրելով, քարոզչությամբ, որի նպատակը հայկական ինքնությունից Արարատը դուրս բերելն է:

Նիկոլ Փաշինյանը հատկապես վերջին 2.5 տարիների ընթացքում հետևողականորեն կատարել է քայլեր, որոնք գրեթե ամբողջությամբ համընկնում են այն երկրների շահերին, որոնք նույն կերպ կբավարարվեին, եթե Ալիևը կամ Էրդողանը Հայաստանում նշանակած լինեին սեփական սատրապի: Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, հետևաբար, ամբողջությամբ համապատասխանում է դավաճանության արդյունքային, գործառնական սահմանմանը, եթե անգամ նա որևէ դավադրական գործարքի մաս չի կազմել, որևէ գաղտնի պարտավորություն չի ստանձնել և նույնիսկ զզվանք է ապրել Ալիևի հետ ձեռքսեղմումների ժամանակ ու Էրդողանի առաջ խղճալլուկ ժպտալիս:

Նիկոլ Փաշինյանը, իմա՝ դավաճան է, եթե ոչ՝ դավաճանական ակտին մասնակցության բերումով, ապա՝ քաղաքական բովանդակությամբ ու ճակատագրով: Ճակատագիր, որը կյանք արժեցավ մի ամբողջ սերնդի համար ու սպառնում է լավագույն դեպքում տեղահանության վտանգով՝ մի ամբողջ ժողովրդի:

Հարություն Ավետիսյան   

Տեսանյութեր

Լրահոս