«Պետք է պատժել Փաշինյանին՝ իր ընտանիքով և մերձավորներով, որ հաջորդ եկողին դաս լինի». Արմինե Ադիբեկյան
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն այն կարծիքին է, որ գերտերությունները սկսում են հարգանքով վերաբերվել այն որոշումներին, որոնք բխում են իրենց շահերից:
«Ռուս խաղաղապահների տեղակայումից հետո Ռուսաստանն Արցախից Ադրբեջանին զիջել է բավականին մեծ տարածքներ, ընդ որում՝ ստրատեգիական նշանակություն ունեցող տարածքներ, օրինակ՝ Խծաբերդ, Խրամորթ և այլն: Ռուսաստանը դրանք պաշտպանելու տեղը սուսուփուս զիջել է և ոչինչ չի արել: Ռուսաստանի համար կապ չունի՝ ում կազմում է Արցախը, կարևորը՝ այնտեղ տեղակայված լինեն նրա զորքերը: Մենք չենք կարող ասել՝ Ալիև-Պուտին դռնփակ հանդիպումների ժամանակ նրանք ինչ պայմանավորվածությունների են եկել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հիշեցնենք, որ Բրյուսելում կայացած Փաշինյան, Ալիև, Շառլ Միշել եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որում ասվում է, որ 2022թ. հոկտեմբերին և 2023թ. մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացված գագաթաժողովներում Հայաստանն ընդունել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս, իրենք հարգանքով են վերաբերվում հայկական ղեկավարության ինքնիշխան որոշմանը, սակայն դա արմատապես փոխել է հիմնարար պայմանները, որոնց պարագայում է ստորագրվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև Ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման որոշումը։ Հետևաբար, ըստ ՌԴ ԱԳՆ-ի ՝ այս պայմաններում չպետք է Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը դնել երրորդ երկրների վրա։
Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությանը բավականին կոշտ արձագանքեց Ադրբեջանի ԱԳՆ-ն, նշելով, որ այն չի համապատասխանում Բաքու-Մոսկվա դաշնակցային համագործակցության հռչակագրին և Պուտինի ելույթներին:
Արմինե Ադիբեկյանն առաջարկում է տարբերակել հրապարակային խոսքը՝ կուլիսային պայմանավորվածություններից. «Ես գրեթե վստահ եմ, որ Ռուսաստան-Ադրբեջան պայմանավորվածություններ կան, որ Ռուսաստանը պրոադրբեջանական դիրքորոշում ունի գործանական հարթության վրա, այլ ոչ՝ բանավոր խոսքով, և դրա դիմաց Ռուսաստանը ստանում է որոշակի բոնուսներ»:
Հարցին՝ այսինքն՝ Ադրբեջանը և՛ Ռուսաստանի հետ է խաղում, և՛ Արևմուտքի, և կողմերը դա չե՞ն տեսնում, նա պատասխանեց. «Տեսնում են, բացահայտ ասում են, որ գիտեն, որ այդպես է, բայց այնուամենայնիվ, դա բխում է իրենց շահերից, և աչք են փակում: Նիկոլ Փաշինյանը գործընթացի սուբեյկտ չէ, նա կորցրել է պահանջներ ներկայացնելու իր իրավունքը: Նիկոլ Փաշինյանին ով ինչ ուզում է՝ կարող է թելադրել, և այդ թելադրանքը վայրկյանական կատարվելու է: Նիկոլ Փաշինյանը սուբյեկտայնություն չունի: Նիկոլ Փաշինյանը Հայաստանը միջազգային քաղաքական սուբյեկտից վերածեց առևտրի առարկայի»:
Նրա դիտարկմամբ՝ տեղի ունեցող իրադարձությունները բոլորին են ձեռնտու՝ բացի Հայաստանից և Արցախից. «Բոլորն այս գործընթացի մեջ ունեն իրենց շահերը և շատ մեծ հաջողությամբ իրենց շահերն առաջ են քաշում: Արցախն ունի միայն մի ճանապարհ՝ գտնել արտաքին աշխարհում հովանավորող, որը պատրաստ է ամբողջ գործիքակազմով պաշտպանել Արցախի Հանրապետության անկախությունը, ոչ թե բնակչության անվտանգությունը»:
Հարցին՝ կա՞ այդպիսի պետություն, նա պատասխանեց. «Պետք է առաջարկներ անել, որովհետև ասել՝ ես խեղճ եմ, ինձ օգնեք, դա ոչ մեկին հետաքրքիր չէ: Դու գերտերություններին պետք է առաջարկություն անես, օրինակ՝ Ադրբեջանին հակակշիռ հանդիսանաս, որ պատմական ինչ-որ մի պահից կարողանան Ադրբեջանին սանձահարել, որովհետև Ադրբեջանն իր անպատժելիությունից արդեն սկսել է աննկարագրելի լկտիություն դրսևորել: Գերտերությունները հիմա խնդիր ունեն լուծելու և անում են դա, բայց ինչ-որ պահից դա դառնալու է անկառավարելի, և մեր տարածաշրջանը դառնալու է Մերձավոր Արևելք: Իրանն այս պահին դիտորդի կարգավիճակում է, չի կարող իրեն թույլ տալ կտրուկ քայլերի դիմել, որովհետև ունի խնդիրներ արտաքին աշխարհի հետ: Իրանը կպայմանավորվի հաղթող կողմի հետ»:
Հետաքրքրվեցինք՝ եթե Արցախի հարցում Ռուսաստանը, Ամերիկան և Եվրոպան համաձայն են, ապա նրանց հակամարտությունը ո՞րն է, թե՞ միայն Ուկրաինայում են հակամարտող կողմեր, նա պատասխանեց. «Նրանք անգամ Ուկրաինայի հարցում անկեղծ չեն, որովհետև Ուկրաինային սատարելով, հակառուսական պատժամիջոցներ մտցնելով, այնուամենայնիվ, ռուսական նավթն ու գազն Ադրբեջանի միջոցով գնում է, նրանք այնուամենայնիվ, իմանալով, որ Ռուսաստանը երրորդ, չորրորդ երկրների միջոցով ստրատեգիական նշանակության ապրանքներ է ներմուծում, դա թույլ են տալիս: Ինձ մոտ տպավորություն է, որ նրանք ուզում են Ռուսաստանից ստանալ այն, ինչ իրենց պետք է, Ռուսաստանին վաճառել այն, ինչ նրան է պետք, բայց կյանքի գնով Ռուսաստանից կտրել մանր պետություններին և բերել այդ պետություններին սնանկացման»:
Բրյուսելյան բանակցությունների օրը Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, որն ուղեկցում էր ամուսնուն, տեսանյութ էր հրապարակել, որտեղ նա Ալբերտ Էյնշտեյնի գրքով էր, իսկ հագին կար շապիկ, որի վրա գրված էր. «Իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր»:
Թեմայի վերաբերյալ Ադիբեկյանը հետևյալն ասաց. «Այդ կինն այնքան անուղեղ է, որ ես կասկածում եմ, որ դա մտածված քայլ էր կամ քարոզչություն: Խելացի մարդը, եթե ուզում է ինչ-որ քարոզչություն, դա անում է այնպես, որ առաջին հերթին, դա չի առաջացնում հակակրանք, չի դառնում քննադատության առարկա և ընդունվում է հանրության կողմից՝ որպես իմաստուն խոսք: Այդ կնոջ յուրաքանչյուր քայլ, խոսք, արարք այնպիսի հակակրանք է առաջացնում հանրության մոտ, որ միայն անուղեղ մարդը կարող է համառորեն հանրության մեջ բորբոքել ատելություն՝ սեփական անձի նկատմամբ: Ես կասկածում եմ, որ Աննա Հակոբյանը երբևէ ինչ-որ գիրք է կարդացել, առավել ևս՝ Ալբերտ Էյնշտեյն»:
Նա հավելեց՝ Ադրբեջանը գնալու է պատերազմի, իսկ հայկական կողմը պետք է հետևյալ խնդիրները լուծի. «Մեր խնդիրն է ամրացնել բանակը, սահմանները, և առաջինը պատժի ենթարկել Փաշինյանին՝ իր ամբողջ ընտանիքով և մերձավոր շրջապատով, որ հաջորդ եկողն իմանա, որ եթե նա դիմի քայլերի, որոնք հակասում են Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի շահերին, նա պետք է կրի դաժանագույն պատիժ: Ու մենք պետք է սկսենք զրոյից՝ 1988 թվականից»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում