
Գեներալ Հարությունյանի գործով նախաքննությունը դեռ չի ավարտվել

Գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի գործով նախաքննությունը դեռ շարունակվում է. 168.am-ին հայտնեց գեներալի փաստաբան Սիմոն Հարությունյանը՝ նշելով, որ կալանքի ժամկետի վերջին երկարացման ժամանակ՝ ապրիլի 11-ին, տեղեկություն կար, որ նախաքննությունն ավարտին է մոտեցել:
«Բայց պաշտոնապես դեռ չեն հայտնել»,- ընդգծեց նա:
Նշենք, որ Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում էր, որ «2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի այն հատվածներով, որտեղ հրամանատարության անգործության հետևանքով սահմանված չի եղել մարտական հերթապահություն, անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս, տեղակայել մարտական դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ»:
Այդ ժամանակ գեներալ Հարությունյանը 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, և այս տարածքները նրա պատասխանատվության գոտում էին:
Հավելենք, որ 2021 թվականի՝ Ադրբեջանի կողմից մայիսյան առաջխաղացումներից օրեր անց Նիկոլ Փաշինյանն այցելել էր Կութ, 2-րդ բանակային կորպուս, և տեսագրության մեջ երևում է, որ այդ ժամանակ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանը Փաշինյանին ցույց է տալիս ՀՀ ինքնիշխան տարածք մտած ադրբեջանցիներին, ինչ-որ քայլեր անելու առաջարկներ անում, որին Փաշինյանը բացասական պատասխան է տալիս:
Ըստ այդմ՝ 168.am-ն արդեն երկրորդ անգամ փորձեց փաստաբան Սիմոն Հարությունյանից պարզել՝ արդյո՞ք քննության առարկա դարձել է այս տեսանյութը:
«Տեղեկություն չեմ կարող հայտնել, այդ հարցը պետք է նախաքննական մարմնին ուղղեք»,- պատասխանեց գեներալ Հարությունյանի փաստաբանը:\