
ՀՀ գործող իշխանությունը հասկանում է, որ դա կլինի իրենց քաղաքական մահը. Ստեփան Դանիելյան

Կառավարության հերթական նիստն անցավ փաշինյանիզմի հերթական դրսևորումով. ադրբեջանական սադրանքների, Արցախում հումանիտար ճգնաժամի մասին երկարաշունչ պրոլոգի վերջում Նիկոլ Փաշինյանը դարձյալ չմոռացավ խոսել Ադրբեջանի հետ խաղաղության հնարավորության մասին:
«Շաբաթ օրը՝ հուլիսի 15-ին, Բրյուսելում նախատեսված է իմ հանդիպումը ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի հետ։
Ես իմ մասնակցությունն այդ հանդիպմանը հաստատել եմ, հույս ունեմ հանդիպմանն առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,- ասաց նա իր ելույթի նովելային վերջաբանում:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նախատեսված հանդիպումից սպասելիքներ չունի. պատճառների մասին քաղաքագետը մանրամասնեց 168.am-ի հետ զրույցում.
«Հիմնական խնդիրն Արցախի հայերի, իրենց լեզվով ասած, իրավունքների ու անվտանգության հարցն է, որին ադրբեջանական կողմը չի համաձայնում: Իսկ իրավունքների հարցը նշանակում է՝ քանի որ կա անվստահություն հայերի և ադրբեջանցիների միջև, Արցախի հայերի համար պետք է լինեն միջազգային երաշխավորներ. սրան Ադրբեջանը չի համաձայնում, և իրենք վերցրել են մինչև 2025 թվականն Արցախը հայերից մաքրելու քաղաքականությունը:
Սա է խնդիրը, որ Ադրբեջանը որևէ կոմպրոմիսի չի գնում, իսկ ՀՀ գործող իշխանությունը հասկանում է, որ դա կլինի իրենց քաղաքական մահը»:
Անդրադառնալով մյուս հարցերին, որոնք, ըստ նրա, վախեցնում են Հայաստանի գործող կառավարությանը՝ Ս. Դանիելյանն առանձնացրեց Ադրբեջանի համար հարցերի հարց դարձած միջանցքի, գուցեև միջանցքների հարցը, ապա՝ անկլավների հարցը՝ նկատառմամբ, որ Փաշինյանն ԱԺ-ում հրապարակավ ընդունեց ադրբեջանական անկլավների գոյությունը, այսինքն, արդեն խոսեց ՀՀ տարածքից զիջումների մասին։
«Ադրբեջանը ցանկանում է, որ այդ միջանցքը մեր վերահսկողությունից դուրս լինի։ Այսինքն՝ ազատորեն տեղաշարժեր անեն: Սա ևս այն հարցն է, որից ՀՀ կառավարությունը վախենում է, բայց կարծում եմ՝ այդ հարցով ինչ-որ խոստումներ տվել է փակ ֆորմատներում,- հավելեց մեր զրուցակիցը՝ չբացառելով, որ ի թիվս այդ խոստումների՝ համաձայնություն լինի, այսպես կոչված, միջանցքն Արևմուտքի վերահսկողությանը հանձնելու մասին,- Եվ ՌԴ-ի և Արևմուտքի միջև ամբողջ խնդիրն այն հարցի շուրջ է, թե, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը ռուսնե՞րն են վերահսկելու, թե՞ Արևմուտքը, և դա արդեն աշխարհաքաղաքական խոշոր նշանակություն ունի:
Այս հարցերն են, որոնցից վախենում է գործող կառավարությունը, և այդ առանցքային հարցերի շուրջ պայմանավորվածություններ, կարծում եմ, դեռևս չկան. դրա համար սպասելիքներ չունեմ»:
Արդյո՞ք հայկական կողմի համար իրավիճակի փոփոխության միակ նախապայմանը բանակցողի փոփոխությունն է՝ մեր հարցին ի պատասխան՝ Ստեփան Դանիելյանը նկատեց.
«Եթե ասում ենք՝ բանակցող պետք է փոխվի, նշանակում է՝ նաև քաղաքականություն պետք է փոխվի, և դա նշանակում է՝ այն ստվերային պայմանավորվածությունները, որոնք ունեցել է գործող վարչապետը, պաշտոնական բնույթ չունեն, չեն վավերացվել ԱԺ-ում, հետևաբար, եթե բանակցողը հեռանում է, սկսվում է նոր խաղ, նոր վիճակ և նոր վերաբերմունք տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից»:
Իսկ բանակցողի փոփոխության համար, ըստ քաղաքագետի, պետք է հանրության համար լեգիտիմ որոշումների կայացման կենտրոն, որը կգնա արմատական քայլերի: