Պուտինը հանդիպել է Պրիգոժինի և «Վագներ» ՄՌԸ-ի հրամանատարների հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 29-ին Կրեմլում հանդիպել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հրամանատարների, այդ թվում՝ Եվգենի Պրիգոժինի հետ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դատելով ձեզնից ստացած հարցերի քանակից, ակնհայտ է, որ դուք ինձ կհարցնեք Կրեմլում կայացած հանդիպման վերաբերյալ Liberation-ի հրապարակման մասին։ Իսկապես, նախագահը նման հանդիպում ունեցել է։ Նա դրան հրավիրել է 35 հոգու՝ («Վագներ» ՄՌԸ-ի) ջոկատների բոլոր հրամանատարներին և ընկերության ղեկավարությանը, այդ թվում՝ անձամբ Պրիգոժինին։ Այս հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում՝ հունիսի 29-ին, և տևել գրեթե երեք ժամ։ Դրա մանրամասները հայտնի չեն», – մեջբերում է Պեսկովի խոսքերը «Ведомости» պարբերականը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ նախագահը գնահատական ​​է տվել ընկերության գործունեությանը ռազմաճակատում, ինչպես նաև տվել է իր գնահատականը հունիսի 24-ի իրադարձություններին։

«Պուտինը լսել է հրամանատարների բացատրությունները և առաջարկել նրանց աշխատանքի տեղավորման և հետագա մարտական ​գործունեության տարբերակներ։ Հրամանատարներն իրենց հերթին ներկայացրել են կատարվածի իրենց վարկածը։ Նրանք ընդգծել են, որ իրենք պետության ղեկավարի և գերագույն հրամանատարի հավատարիմ կողմնակիցներն ու զինվորներն են։ Եվ նրանք նաև ասել են, որ պատրաստ են շարունակել պայքարը հանուն հայրենիքի», – ասել է Պեսկովը՝ հրաժարվելով այլ մանրամասներ հայտնել։

Libération թերթը, հղում անելով արևմտյան հետախուզության աղբյուրներին, հայտնել էր, որ «Վագներ» ՄՌԸ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը, իբր, հուլիսի 1-ից Մոսկվայում է։ Հրապարակման համաձայն՝ ընկերության հրամանատարների հետ միասին նա հրավիրվել էր Կրեմլ, որտեղ պետք է հանդիպեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովի և ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ։

Հունիսի 23-ին «Վագներ» ՄՌԸ-ն Պրիգոժինի գլխավորությամբ զինված խռովության փորձ կատարեց Ռուսաստանում։ Ըստ Պրիգոժինի՝ մարտիկներին 200 կմ էր մնացել Մոսկվա հասնելու համար։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո Պրիգոժինը որոշեց դադարեցնել շարժը դեպի մայրաքաղաք և վերադառնալ «Վագներ»-ի ճամբարներ։

Տեսանյութեր

Լրահոս