Ամենաշատը ցավ է պատճառում, երբ նայում եմ երեխաների աչքերի մեջ ու չեմ տեսնում այն փայլը, որը պետք է լինի. Գագիկ Մնացականյան

20-ամյա Գագիկ Մնացականյանը Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղից է: Նա այժմ ապրում է Ստեփանակերտում և սովորում է  Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Դիզայն» բաժնի երրորդ կուրսում: Նկարչության հանդեպ սերը դեռ մանկուց է ի հայտ եկել Գագիկի մոտ: Մոտ մեկ տարի առաջ սկսեց սիրողական նկարել հագուստի վրա: Հետագայում հասկացավ, որ մարդկանց մոտ դա հետաքրքրություն է առաջացնում, ու շատ մարդիկ սկսեցին դիմել, որ իրենց հագուստներին էլ նկարի։ Այդպես հոբբին դարձավ նաև գումար վաստակելու աղբյուր…

Գագիկը  հիմնականում աշխատում է այն հագուստների հետ, որ բերում է հաճախորդը, նոր շունչ է փոխանցում այդ հագուստներին, հիմնականում նկարում է հայկական զարդանախշեր, թռչնատառեր:

«Դեկտեմբերի 12-ին ճանապարհի փակմանը հատուկ ուշադրություն չդարձրեցի, ինձ թվում էր, որ շատ կարճ ժամանակով է փակվել, չէի պատկերացնի, որ այդ կարճ ժամանակը կտևի արդեն մոտ 7 ամիս: Ինձ համար սկզբնական շրջանում կային բարդություններ, որպես միայնակ ապրող տղա՝ սուղ սպառողական ապրանքներ այդքան էլ չունեի: Խանութներից էլ սկզբնական շրջանի աժիոտաժից չօգտվեցի, մտածելով, որ անիմաստ է: Այդ ժամանակ արդեն ծնողներս գյուղից սկսեցին ինձ համար սննդամթերք, այդ պահին անհրաժեշտ ապրանքատեսակներն ուղարկել:

Գյուղում սննդի պաշարը հիմնականում ավելի շատ է: Այն ընթացքը, որ քաղաքում բնակվող մարդկանց մոտ հիմնականում բանջարեղենի, կաթնամթերքի կարիք էր զգացվում, ես այդ խնդիրը չունեի՝ շնորհիվ ծնողներիս:

Կարդացեք նաև

Սակայն գնալով վիճակն ավելի բարդացավ, քաղաքում գազիֆիկացման և բենզինի բացակայության պատճառով գյուղից Ստեփանակերտ եկող տրանսպորտային միջոցներն էլ գրեթե չէին գործում, բացառությամբ հասարակական մեկ ավտոբուսից:

Այդ ընթացքում ծնողներս փորձում էին գոնե այդ եղանակով հնարավորության դեպքում ինձ համար անհրաժեշտ ուտելիք ուղարկել: Ցրտի պատճառով մեր դասընթացները որոշակի ժամանակով ընդհատվեցին: Ստիպված պետք է մեր աշխատանքները կատարեինք տնային պայմաններում, որպեսզի հասցնեինք  քննաշրջանի ավարտին: Այդ ընթացքում անգամ նկարելը, կարելի է ասել, նորմալ չէր ստացվում, ձեռքերս սառչում էին, բայց ստիպված էի այդպիսի պայմաններում աշխատել:

Մի կողմից՝ լույսերի անջատումը, ինտերնետի ահավոր վատ աշխատանքը թույլ չէին տալիս ինձ օնլայն դասընթացներից օգտվել, որ մինչ այդ հաճույքով օգտվում էի: Շրջափակման ընթացքում ես շարունակեցի իմ փոքրիկ բիզնես-ծրագիրը: Անկեղծ ասեմ՝ ներկեր շատ չունեի, բայց փորձում էի մարդկանց ուրախություն պարգևել այն ամենով, ինչ դեռ կար: Որոշ ժամանակ հետո ներկերս իսպառ վերջացան, ու ես կորցրեցի մեծ պատվերներ, որի համար մեծ ցավ եմ ապրում: Հետագայում, երբ խանութները նորից ստացան այդ ներկերից, ես ձեռք բերեցի որոշակի քանակությամբ, որ կարողանամ աշխատել: Ի դեպ՝ շրջափակման ընթացքում մարդիկ ավելի շատ են հակված արցախյան սիմվոլիկայով նկարներին:

Չեմ պատկերացնում, որ կարող եմ  Արցախից դուրս ապրել, բայց սովորելու, կատարելագործվելու նպատակով մեծ սիրով կգնամ ուրիշ տեղ: Այս պահին ընկերոջս հետ մտածում ենք իմ լոգոտիպի դիզայնի շուրջ: Հետագայում կցանկանամ ունենալ խանութներ, որտեղ կվաճառվեն իմ նկարած պատկերներով հատուկ հագուստներ։  Ինչպես նաև կցանկանամ ավելի մեծ արտադրանք թողարկել, իմ նկարած զարդանախշերով կտորների արտադրություն: Ես նաև հանդես եմ գալիս բարեգործական ծրագրերով։ Այս վերջերս մանկապարտեզի պատուհաններին անհրաժեշտ էր նկարչություն անել, ես փորձեցի իմ աշխատանքով երեխաներին ուրախացնել:

Մայիսի 9-ի կրծքանշանների որոշակի քանակ՝ մոտ 200 հատ, ես եմ իմ կողմից  պատրաստել և այդ օրը բաժանել քաղաքացիներին: Իսկ Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ մեր բալիկների թաթիկներին և թուշիկներին ակվագրիմ էի անում, հիմնականում՝ հայկական դրոշներն ու Տատիկ-պապիկ հուշարձանը: Ինձ ամենից շատ ցավ է պատճառում, երբ նայում եմ երեխաների աչքերի մեջ ու չեմ տեսնում այն փայլը, որը պետք է լինի: Դրա համար ավելի շատ փորձում եմ երեխաներին ուշադրության կենտրոնում պահել: Մոտակա օրերս նախատեսում եմ Շոշ գյուղի մոտ 30-40 երեխաների համար վարպետաց դաս անցկացնել, թե ինչպես աշխատել կտորի և ներկի հետ: Փորձելու եմ երեխաների մեջ արվեստի նկատմամբ սերը զարգացնել, հնարավորինս նվիրել իրենց հեքիաթային օր: Այդպիսի մի ծրագիր էլ հուլիսին կունենամ: Այդ ամենը ինձ ուժ է տալիս, երեխաների հետ շփումը յուրահատուկ երևույթ է: Ես մի փոքր ինձ լավ եմ զգում, երբ կարողանում եմ մի փոքր երեխաներին կտրել այս իրականությունից ու տեսնել նրանց աչքերի փայլը»,- մեզ հետ զրույցում ասաց  Գագիկը:

ԱՆՆԱ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս