ՌԴ-ի ու Վրաստանի միջեւ ավիաթռիչքներն ավելանում են
Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ օդային թռիչքների թիվը հետզհետե ավելանում է, չնայած երկրում ընթացող հակառուսական բողոքի ցույցերին։ Այս մասին գրում է aliq.ge-ն:
Վրաստան-Ռուսաստան չվերթերը վերականգնվեցին 2023 թվականի մայիսին, իսկ մեկ տարի անց երկրների միջև ուղիղ չվերթեր են իրականացնում 3 ավիաընկերություններ։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ հունիսին նախատեսվում է 401 չվերթ Ռուսաստանի և Վրաստանի միջև։
Ավիաընկերությունների կանոնավոր չվերթերի քանակը.
- Red Wings – 153,
- Azimuth – 145,
- Georgian Airways — 103։
Թռիչքները դեպի Վրաստան իրականացնում են ռուսական ավիաընկերությունները, որոնք Արևմուտքի կողմից սանկցիաների չեն ենթարկվում։ Օդային հաղորդակցության վերականգնումից հետո Վաշինգտոնում հայտարարեցին, որ կարող են պատժամիջոցներ կիրառել վրացական ընկերությունների նկատմամբ, որոնք սպասարկում են ռուսական ավիաընկերությունները վրացական օդանավակայաններում, սակայն այդ սահմանափակումն այս փուլում չի կիրառվել։
Բացի ԱՄՆ-ից, Վրաստանի իշխանություններին Ռուսաստանի հետ թռիչքները վերսկսելու համար քննադատում են նաև ԵՄ երկրները և Ուկրաինան։ Կիևը պատժամիջոցներ է կիրառել «Georgian Airways»-ի և նրա հիմնադիր Թամազ Գայաշվիլիի նկատմամբ։