Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի շրջանակներում ընդունվել է համատեղ հայտարարություն

Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի նախարարական հատվածի շրջանակներում մայիսի 20-21-ը ընդունվել է համանախագահների համատեղ հայտարարություն, որին ի թիվս մասնակից մյուս երկրների՝ միացել է նաև Հայաստանը։

Մասնակից երկրների հետ համատեղ աշխատանքների արդյունքում հայտարարության տեքստում արտացոլվել են մի շարք կարևոր շեշտադրումներ, մասնավորապես.

մասնակից երկրներն, ի թիվս այլ պարտավորությունների, հանձնառություն են ստանձնում պահպանելու և ամրապնդելու միջուկային և այլ ռադիոակտիվ նյութերի և օբյեկտների համապարփակ անվտանգությունը,

անհանգստացած են միջուկային անվտանգության համար առկա և զարգացող սպառնալիքներով և հանձնառու են դրանց հասցեագրմանը,

ընդգծում են, որ խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա ցանկացած հարձակում կամ հարձակման սպառնալիք կարող է վտանգել միջուկային անվտանգությունը և վկայակոչում են այդ ուղղությամբ իրենց պարտավորությունները, որոնք արտացոլված են մասնավորապես ԱԷՄԳ Գլխավոր Կոնֆերանսի համապատասխան բանաձևերում և որոշումներում։

Համաժողովին ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի ելույթը կայացել է մայիսի 20-ին, որում ևս արտացոլված էին ինչպես միջուկային գլոբալ անվտանգության, այնպես էլ ոլորտում ՀՀ առաջնահերթությունների վերաբերյալ հիմնական շեշտադրումները։

Տեսանյութեր

Լրահոս