«Հարցվածների 67-72 տոկոսը չի վստահում Նիկոլ Փաշինյանի կողմից տրամադրված ինֆորմացիային». Արամ Նավասարդյան

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն իրականացրել է հեռախոսային հարցումներ. հարցումների քանակը՝ 1100, հետազոտության ընտրանքային սխալը՝ 3 տոկոս, հետազոտության իրականացման ժամանակահատվածը՝ հունիսի 21-ից հունիսի 24-ը:

Առաջին հարցն Արցախի շրջափակման վերաբերյալ է. արդեն շուրջ 200 օր է՝ ադրբեջանցիներն արգելափակել են Արցախը Հայաստանին կապող միակ ավտոճանապարհը, ինչի պատճառով Արցախում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ և նույնիսկ՝ հումանիտար բեռներ հնարավոր չէ ուղարկել Արցախ. ըստ Ձեզ՝ ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր ստեղծված իրավիճակի համար:

Համեմատականներ անցկացնելով հունվար ամսվա ցուցանիշների հետ՝ հարցումների արդյունքները ներկայացնող Արամ Նավասարդյանը նշեց, որ հունվարին 42.5 տոկոսը նշել է՝ Ադրբեջանի իշխանությունները, այդ ցուցանիշը հիմա նվազել է, դարձել է 27.8 տոկոս: Ռուսաստանի իշխանությունները հունվարին նշել էին 30.2 տոկոս, հիմա այդ ցուցանիշը նվազել է, դարձել է 25.2 տոկոս:

Կարդացեք նաև

«Եզակի աճը, որը կա՝ Հայաստանի իշխանությունների մեղավորությունն է. եթե հունվարին 29 տոկոսն էր ասում, որ Հայաստանի իշխանություններն են մեղավոր, ապա այս շրջափուլում 35 տոկոսն է նշել, որ Հայաստանի իշխանություններն են մեղավոր:  Թուրքիայի իշխանություններին մեղավոր է համարում հարցվածների 14.4 տոկոսը, ռուս խաղաղապահներին՝ 9.4 տոկոսը: Բայց գրեթե բոլոր այս նշված մեղավորների մասով ունենք նվազում, բացի ՀՀ իշխանություններից»,- ասաց նա:

Հաջորդ հարցը վերաբերում է զինանշանի և օրհներգի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին. «Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ զինանշանն այդքան էլ չի արտացոլում ՀՀ այսօրվա իրականությունը. ըստ Ձեզ՝ արդյո՞ք կա անհրաժեշտություն ՀՀ խորհրդանիշների փոփոխություն իրականացնել: Դրոշի կտրվածքով 8 տոկոսը նշում է՝ այո, 88.3 տոկոսը՝ ոչ, այս հարցին դժվարացել են պատասխանել 3.7 տոկոսը: Օրհներգի մասով «այո» պատասխանել է 16.5 տոկոսը, 79.5 տոկոսը կարծում է, որ պետք չէ փոփոխություն իրականացնել: Զինանշանի մասով միայն 11.5 տոկոսն է նշել, որ պետք է փոփոխության ենթարկվի, և 84.5 տոկոսը նշել է, որ այդպիսի անհրաժեշտություն չկա»:

Հարց է եղել նաև հունիսի 20-ին 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովին Փաշինյանի ունեցած ելույթի մասին:

«Հետևե՞լ եք արդյոք ելույթին. 67.2 տոկոսը նշել է, որ՝ այո, 32.8 տոկոսը նշել է, որ՝ ոչ, չի հետևել Փաշինյանի այդ ելույթին: Այն մարդիկ, ովքեր ասել են, որ հետևել են Փաշինյանի ելույթին, հարցրել ենք, թե որքանո՞վ են վստահում Փաշինյանի կողմից տրամադրված տեղեկատվությանը: 15.4 տոկոսը նշել է, որ լիովին վստահում է, ավելի շուտ վստահում է 13 տոկոսը, ավելի շուտ չի վստահում 10.7 տոկոսը և ընդհանրապես չի վստահում 56 տոկոսը, այսինքն՝ բացասական տիրույթում պատասխանների մոտ 67 տոկոսը նշել է, որ չի վստահում Նիկոլ Փաշինյանի տրամադրած տեղեկատվությանը: 4 տոկոսը դժվարացել է պատասխանել, որը ևս ես կարող եմ դասել՝ որպես բացասական պատասխան, և ամեն դեպքում 67-72 տոկոսը նշել է, որ չի վստահում Նիկոլ Փաշինյանի կողմից տրամադրված ինֆորմացիային»,- ասաց Արամ  Նավասարդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս