Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչողին միայն օգտագործում են, նա չի կարող դաշնակից ունենալ. Շարմազանով

«Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանը չի ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում, այլ ճանաչում են Նիկոլն ու ՔՊ-ական խունտան»,- Գլխավոր դատախազության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը։

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն, հայ ժողովուրդ և նիկոլա-քպ-ական խունտան տարբեր երևույթներ են, և առաջիկա ամիսներին կտեսնեն։

Լրագրողի հարցին, թե ի՞նչ են տեսնելու, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց.

«Տեսնելու են համաժողովրդական ընդվզում»։

Կարդացեք նաև

Ճշտող հարցին, գուցե՞ «Հայաքվեն» նկատի ունի, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ այդ նախաձեռնության մանրամասներին տեղյակ չէ, սակայն գիտի իրենց կողմնակիցների կողմից իրականացրած կամ անմիջապես իրենց կողմից իրականացվող ստորագրահավաքը և կարող է ասել, որ հարյուր-հազարավոր մարդիկ միանում են, այդ թվում՝ ՔՊ-ականներ։

«Իսկ եթե Նիկոլ Փաշինյանի ու հայ ժողովրդի կարծիքը նույնական լինի Արցախի հարցում, նշանակում է , որ մենք վաղուց Հայաստան չունենք, ունենք «Էրմինիստան»։ Մենք պետք է որոշենք, մեր կարծիքից է, մեր որդեգրած քաղաքականությունից, վարքագծից է կախված, թե մեր գործընկերները մեզ հետ ինչպես կվարվեն, եթե ՀՀ վարչապետի աթոռը բռնազավթած Նիկոլ Փաշինյանը, նրա խունտան երջանիկ հայտարարություն է  անում, որ Արցախն Ադրբեջան է, հետևաբար՝ Միացյալ Նահանգները չի կարող ավելի շատ լինել հայամետ, քան Հայաստանի ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանի հեռացման պարագայում, երբ որ գան ուժեր, պրոֆեսիոնալներ, նվիրյալներ, որոնց համար ղարաբաղյան շարժումը, «Եռաբլուրը» սրբություն են և այդ սկզբունքներն անքակտելի են, այդ ժամանակ, երբ պաշտպանենք մեր պետական ու ազգային շահը, կունենանք նաև դաշնակիցներ ու գործընկերներ։

Նա, ով մսխել է ղարաբաղյան շարժման նվաճումները, Արցախը ճանաչում է  Ադրբեջանի կազմում, նրան կարող են միայն օգտագործել իրենց սեփական շահերի համար»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս