Չբացահայտված մոտիվ՝ լեգիտիմ վարկածներ․ արդյո՞ք Ալիևը կծել է Փաշինյանի ականջը

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթները հերթական անգամ բացահայտեցին այն անլրջությունը, մակերեսայնությունը, դիլետանտիզմը, որով պետությունը ղեկավարվում է արդեն 5 տարի և կառավարվել է պատերազմի ընթացքում։

Ի թիվս բազմաթիվ հակասական, իրարամերժ հայտարարությունների, Փաշինյանն ավելի քան 8 ժամանոց իր ելույթներում, թերևս, ենթագիտակցորեն բացահայտում էր իր ամենախոցելի կողմերը։ Հատկապես հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանը բազմաթիվ կարևորագույն հարցերի պատասխանելիս՝ հայտարարում էր, «կա վարկած, որ կարող է այդպես լինել», «այդ վարկածը ևս գոյության իրավունք ունի», «չեմ բացառում այդ վարկածները», և այդպես շարունակ։ Սա խայտառակություն է այն իմաստով, որ պետության ու հասարակության համար գոյաբանական նշանակություն ունեցող և հազարավոր կյանքեր խլած պատերազմի վերաբերյալ պետության ղեկավարն առաջնորդվում է ոչ միայն և ոչ այնքան՝ մինչև վերջ ու մի քանի անգամ ստուգված փաստերով, ապացույցներով, այլ վարկածներով ու կանխավարկածներով։ Մտածողության ու աշխարհընկալման հենց այդ շերտով է Նիկոլ Փաշինյանը մատնում իրեն՝ նա պետությունը ղեկավարել և շարունակում է ղեկավարել հենց վարկածի մակարդակով, որի կումուլյատիվ արտահայտությունը կարող է դրսևորվել՝ «կստացվի՝ լավ, չի ստացվի՝ դե կներեք» նախադասությամբ։

Նիկոլ Փաշինյանի մոտ չի ստացվել, բայց նա դրա համար անգամ ներողություն չի խնդրում, այլ զբաղված է իր մեղավորությունն այլոց վրա բարդելով ու մեղավորներ նշանակելով։

Ուրիշներին մեղադրելու Նիկոլ Փաշինյանի խոսքերը, սակայն, ենթատեքստային հարթությունում ոչ այլ ինչ են, քան ինքնախոստովանական ցուցմունքներ։ Այդ ինքնախոստովանական տեքստերում, ահա, Նիկոլ Փաշինյանը պատերազմի տարբեր դրվագներին անդրադառնալով՝ հնչեցնում էր մի հարցադրում, որը երբևէ հնչելու է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ոչ թե խեղկատակային, այլ անաչառ մարմնի նիստում ու ուղղվելու է հենց իրեն։

Կարդացեք նաև

Մասնավորապես՝ խոսելով պատերազմի ընթացքում հնարավոր դավաճանության, դասալքության, սաբոտաժի դեպքերի մասին, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր․

«Կա իրավիճակ, որում մոտիվը չենք կարողացել բացահայտել և եթե մոտիվը չենք բացահայտել, ցանկացած վարկած, այդ թվում՝ ձեր ասած վարկածը՝ որպես վարկած, գոյություն ունենալու իրավունք ունի»։

Այս միտքը՝ մոտիվը չհասկանալու վերաբերյալ, նա կրկնում էր մի քանի տարբեր դրվագների մասին խոսելիս և հանգում էր նրան, որ չնայած կան դասալքության կամ դավաճանության բացահայտված գործեր, սակայն այդ գործերով անցնող մեղադրյալների մոտիվը պարզել չի հաջողվում։ Եվ եթե մոտիվը չի բացահայտվում, ինչպես ասում է Փաշինյանը, ցանկացած վարկած գոյություն ունենալու իրավունք ունի։
Հայ հասարակությունը, քաղաքական դաշտը, քաղաքացիական միավորները, զոմբիացումից դուրս գտնվող բոլոր մտածող մարդիկ արդեն երկուսուկես տարի փորձում են հասկանալ Նիկոլ Փաշինյանի մոտիվը՝ նախ՝ պատերազմից առաջ պատերազմը սադրելուն ուղղված քաղաքականություն վարելու, ապա՝ պատերազմի ընթացքում պետությունը ռազմական ռեսլերի վրա չփոխադրելու, նույն ընթացքում մի քանի անգամ պատերազմը դադարեցնելու իրական առաջարկներից հրաժարվելու, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրելու, դրանից հետո՝ բանավոր պայմանավորվածություններով Գորիս-Կապան ճանապարհը, այնուհետև՝ Լաչինի շրջանը հանձնելու, հաջորդող շրջանում բացառապես ադրբեջանական օրակարգը սպասարկելու և որպես կուլմինացիա՝ Ալիևի պահանջը բավարարելով Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու հարցերում։

Այս և բազմաթիվ այլ կենսական հարցերի հետ կապված Նիկոլ Փաշինյանի մոտիվը այդպես էլ որևէ մեկի համար պարզ չէ։ Եվ ինչպես ինքը՝ որպես իշխանության ղեկավար, իրեն սպասարկող իրավապահ մարմինները՝ որպես այդ գործերը քննողներ, չեն կարողանում բացահայտել առանձին դրվագներով մեղադրյալների մոտիվը, այնպես էլ հայ հասարակությունը չի կարողանում բացահայտել Փաշինյանի մոտիվը ոչ թե առանձին դրվագներով, այլ համահայկական աղետի ու կործանումների շարունակվող ընթացքի վերաբերյալ։ Հետևաբար, ինչպես իր իսկ մատնանշած դրվագներում մոտիվի բացահայտման անհնարինության բերումով բոլոր վարկածները գոյության իրավունք ունեն, այնպես էլ գոյություն ունենալու իրավունք ունեն իր մոտիվի չբացահայտմամբ պայմանավորված բոլոր վարկածները, օրինակ, որ՝

– Նիկոլ Փաշինյանը դավաճան է,

– Նիկոլ Փաշինյանը մաս է կազմում օտարերկրյա գործակալական ցանցերի կողմից մշակված հատուկ ծրագրի,

– Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Արցախի հանձնմանը՝ աշխարհաքաղաքական արմատական փոփոխությունների, այդ թվում՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար,

– Նիկոլ Փաշինյանի դեմ կան այնպիսի վարկաբեկիչ նյութեր, կոմպրոմատներ, որ նա ստիպված է հեզորեն կատարել Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները,

– Նիկոլ Փաշինյանն իր ծառայությունների դիմաց միլիոնավոր գումարներ է ստացել,

– Դուշանբեի վերելակում Ալիևը կծել է Նիկոլ Փաշինյանի ականջը՝ նրան վարակելով հատուկ ներգործության ադրբեջանական շիճուկով․․․

Այս վարկածները կարելի է անվերջ շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ հայ հասարակությունն արձանագրել է Նիկոլ Փաշինյանի պատճառած աղետները, բայց չի կարողանում բացահայտել նրա մոտիվը։ Իսկ դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ հասարակությունը կփոխի Նիկոլ Փաշինյանի կարգավիճակը՝ այլոց մոտիվները բացահայտելու պատվիրատուից դարձնելով սեփական մոտիվները բացահայտելու պարտականություն ունեցող առնվազն կասկածյալ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս